Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ստանիսլավսկու անվան թատրոնը հեղափոխությունից առաջ եւ հետո

Հունիս 16,2018 13:27

Ալեքսանդր Գրիգորյանի վաստակը հայկական թատերարվեստում և հայ-ռուսական մշակութային հարաբերություններում իսկապես անմրցակից էր և հիսունից ավելի տարիների ընթացքում Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը խորհրդային և հետխորհրդային տարիներին ամենահեղինակավոր թատրոնների շարքում էր:

Հարուստ էր խաղացանկով և պրոֆեսիոնալ կազմակերպվածությամբ բացառիկ ստեղծագործական կոլեկտիվներից մեկն էր: Ասում ենք «էր», որովհետեւ Ալեքսանդր Գրիգորյանի մահից հետո, թատրոնը առանց գեղղեկավար շուրջ 8 ամիս հայտնվել է կազմակերպական- ստեղծագործական ծանրագույն կացության առաջ: Պատճառը թատերական կյանքի կառավարումը չգտած օրենքների սնանկությունն ու բարձր իշխանական հովանավորչական բնույթի կամայականություններն են:

Մշակույթի ասպարեզի ղեկավարները ոչ կարողանում են մի կարգին կառավարել ոլորտը, ոչ էլ լսում են արտիստներին կամ մասնագետներին, ոչ էլ ամբողջ կյանքը արվեստին նվիրած անձանց և մեկը մյուսի հետևից կործանում են մշակութային օջախները: Այդքանից հետո էլ ամենաբութ հետևողականությամբ իրենց անկարողությունը արդարացնելու համար անընդհատ ցեխ են շպրտում խորհրդային ժամանակների կառավարման վրա` կարևորելով սեփականացնելու ձև գտնելը:

Հազար անգամ ասվել է նախարարությանը՝ թատրոնի տնօրենը չի կարող ղեկավարել թատրոնի գեղարվեստական կյանքը: Այդուհանդերձ, նախկին նախարար Արմեն Ամիրյանը Ամանորի շեմին հայտարարել էր, որ չեն շտապում գեղարվեստական ղեկավար նշանակել, քանի որ թատրոնի տնօրենը՝ Ֆրեդ Դավթյանը, պրոֆեսիոնալ է:

Պետական հստակ կառավարող կառույց չլինելու պատճառով Ալեքսանդր Գրիգորյանը մահվանից առաջ իրեն թույլ տվեց ժամանակակից «սեփականատիրական» ձևով մոտենալ իրենից հետո ծառացող խնդրին՝ կտակ գրելով, որով իր պաշտոնը «հանձնում» էր դստերը: Գուցե թե որպես հայր մտածեց՝ բոլորը մի բան թողնում են, ես էլ իմ ղեկավարած թատրոնը թողնեմ իմ աղջկան՝ ռեժիսոր Նորա Գրիգորյանին: Մանավանդ՝ դուստրը ռեժիսոր է և ոչ միայն աշխատել է թատրոնում, այլև ծնվել ու մեծացել այդ մթնոլորտում:

Թերևս մի կերպ կարելի է հասկանալ Ալեքսանդր Գրիգորյանին, բայց ոչ մի կերպ հնարավոր չէ հասկանալ մշակույթի նախարարության ամենաթողությունը, անտարբերությունը, խնդիրներ լուծելու անկարողությունը, նախկին իշխանությունների կամայականությունները, որոնց պատճառով վաստակաշատ թատրոնը դարձել է բանսարկության առարկա:

Հիմա թատրոնում կրքերը բորբոքված են, քանի որ գեղղեկավարի պաշտոնի համար շրջանառվում է երկու անուն՝ Նորա Գրիգորյան եւ դերասան Ռոբերտ Հակոբյան, որոնք փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում: Իսկ ավելի վաղ շրջանառվել են Նիկոլայ Ծատուրյանի, Հակոբ Ղազանչյանի անունները:

Մի դիտարկում. թեեւ Ռոբերտ Հակոբյանը հայտարարում է, որ ինքը իշխանափոխությունից հետո չի օգտվում ստեղծված իրավիճակից, այլ իր թեկնածությունը դրել է միայն այն պատճառով, որ ոչ ոք չի ուզում ստանձնել այդ ծանր բեռը, ապա տրամաբանական հարց է առաջանում՝ ինչո՞ւ մտքով չէր անցել բեռի տակ մտնել մինչ հեղափոխությունը: Իսկ Նորա Գրիգորյանն էլ վերջին շրջանում լռում է հոր «կտակի» մասին, թեպետ ժամանակին հանդիսատեսի առջեւ բեմից ներկայացրել էր այն:
Հավելենք, որ օրերս մշակույթի նախարարը հանձնարարել է տնօրենին, որպեսզի թեկնածուները ներկայացնեն իրենց ծրագրերը, իսկ որոշումը կկայացվի 10 օրվա ընթացքում:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930