Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված նախագծերի շարքում ուշագրավ են երկուսը՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» եւ «Բարեգործության մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ: Այս նախագծերը հետաքրքիր են թեկուզ նրանով, որ հայրենի քաղաքական դաշտում արդեն իսկ բուռն դրսեւորումների առիթ են տվել:
Այդուհանդերձ, կանխատեսելի է նաեւ, որ ՀՀԿ խմբակցության մեծ մասը տվյալ նախագծին «դեմ» չի քվեարկի: Նախ՝ քանի որ իրենք «թշնամություն» կամ «սաբոտաժ» անելու խնդիր չունեն ու այս շրջանում բազմիցս հայտարարել են դրա մասին: Երկրորդ՝ համակարգը, ամեն դեպքում, իրենց իշխանավարման շրջանում է ներդրվել, եւ ի տարբերություն ըստ «նոր իրողությունների» դիրքորոշումը փոխած նախկին ընդդիմադիր ներկայիս վարչապետի, ՀՀԿ-ականները դիրքորոշումային նման շրջադարձի կամ «սալտոյի» անհրաժեշտություն չունեն:
Հակառակը, կընդգծեն, որ իրենց քաղաքական հակառակորդը, որ նույն այդ համակարգի ներդրման համար իրենց դատափետում էր, հիմա ի՛նքն է հարկադրված նույն համակարգը պաշտպանել՝ հայտնվելով քաղաքական առումով աննախանձելի վիճակում:
Բայց ՀՀԿ խմբակցության մեծամասնության ենթադրելի «կողմ» ձայները կբավականացնե՞ն խնդրահարույց նախագիծը նախ՝ առաջին, ապա նաեւ՝ երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար: Թերեւս, այո:
Եթե «Ելք» խմբակցությունը, հանուն կառավարության, միահամուռ կոճակասեղմումով «կողմ» քվեարկի, ապա հնարավոր է: Այսինքն՝ ենթադրելի է, որ «Ելք» խմբակցությունը յուրային վարչապետի պաշտպանած օրինագծին «կողմ» կքվեարկի՝ խաչ քաշելով սեփական նախընտրական ծրագրի եւ խոստման վրա: Այն խոստման, որի համար բազմաթիվ երիտասարդ աշխատավորներ իրենց օգտին քվեարկել են:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի, այսպես ասենք՝ դե ֆակտո կոալիցիոն գործընկերներին, այսինքն՝ ՀՅԴ ու «Ծառուկյան» խմբակցություններին, ապա դժվար թե կարելի է լիովին վստահ լինել նրանց աջակցության հարցում: Արտաքուստ կարծես խնդիր չկա. նշված երկու ուժերը «Ելքի» հետ ստանձնել են վարչապետ առաջադրելու, կառավարություն ձեւավորելու քաղաքական պատասխանատվությունը ու, դասական ընկալմամբ, պետք է որ նույնքան համերաշխ, անգամ առանց քննարկելու, սեղմեն «կողմի» կոճակը: Բայց դա միայն թվում է:
Բանն այն է, որ ՀՅԴ-ն, ինչի մասին օրերս խմբակցության ղեկավարն էլ հիշեցրեց ու հայտարարեց, որ դեմ է կուտակայինի պարտադիր բաղադրիչի կիրառմանը: Չնայած Դաշնակցության դեպքում չի կարելի բացառել, որ կդրսեւորվի «դեմ ըլլալով՝ կողմ կըլլանք» դասական մոտեցումը:
Մանավանդ որ ՀՅԴ կողմից այս օրինագծին «դեմ» քվեարկելը կարող է խիստ ժողովրդավարական վարչապետի կողմից մեկնաբանվել որպես դեմարշ: Իսկ դա արդեն կարող է հանգեցնել կառավարության կազմից ՀՅԴ-ին դուրս հրավիրելուն: Մի բան, որ ՀՅԴ ներկայիս ղեկավարների համար հաստատ անցանկալի է, այլապես նախորդ իշխող կոալիցիայից արագորեն չէին հեռանա՝ նորում հայտնվելու համար:
Իսկ այ, ինչ վերաբերում է «Ծառուկյան» խմբակցությանը, ապա իսկապես մեծ հարց է, թե ինչպիսի հուզախռիվ դրսեւորումներ կլինեն: Բանն այն է, որ հրապարակման սկզբում հիշատակված մյուս՝ «Բարեգործության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծը «Ծառուկյան» խմբակցության հիմնական դեմքերը, ի դեմս, օրինակ, Նաիրա Զոհրաբյանի եւ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի, քննադատության տարափի տակ առան՝ այն բնութագրելով որպես անձամբ «երկրի թիվ 1 բարեգործ», «Հայաստանում բարեգործության 90-95 տոկոսն» անող մեծահարուստ եւ տվյալ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի դեմ ուղղված քայլ: Համարյա՝ դավադրություն:
Ենթադրելի է, իհարկե, թե ինչն է զայրացրել «Ծառուկյան»-ականներին: Նախագիծն ընդունվելու դեպքում, ըստ էության, հնարավորություն է տալու, որ էլ ավելի որոշակիացվի, թե հատկապես ինչն է համարվում բարեգործություն, ինչը՝ հարկային արտոնություն ստանալու ծրագիր, ի լրումն, նախատեսվում է, որ վարչապետի որոշմամբ պետք է ստեղծվի բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով, որը որոշակի առաջարկություններ կարող է ներկայացնել լիազոր մարմնին:
Կարճ ասած՝ բարեգործության անվան տակ ընտրազանգվածից քաղաքական շագանակներ քաղողների գործերը, հնարավոր է՝ բարդանան: Իսկ «Ծառուկյան»-ականներին դա ամենեւին ձեռնտու չէ, մանավանդ՝ սպասվող արտահերթ ընտրություններից առաջ:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում