Վերջին օրերին «Սասնա ծռերից» շատերն ու Ժիրայր Սեֆիլյանը հայտնվեցին ազատության մեջ, սա էականորեն նոր ուրվագծեր է առաջացանում հեղափոխության գծած քաղաքական քարտեզի վրա: Բնականաբար` այս մարդիկ մասնակցելու են այն արտահերթ ընտրություններին, որ մտադիր է կազմակերպել փաշինյանական կառավարությունը: Սա էականորեն կարող է նեղացնել Փաշինյանին աջակցող ուժերի տարածքը, որքան էլ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների երաշխավորությամբ է բաց թողնվում «Սասնա ծռերի» մի մասը, եւ անգամ Սամվել Բաբայանի համար են այս դաշինքի պատգամավորները երաշխիք ստորագրում :
«Ելք» դաշինքում դեռ ընդհանուր հայտարարի չեն եկել անդամ երեք կուսակցությունները`Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը», Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը» եւ Սարգսյանի «Հանրապետությունը»` միասին, թե՞ առանձին-առանձին են գնում ընտրությունների: Եթե ամբիցիաները հաղթահարեն` կարծես մեկ կուսակցության դրոշի ներքո կգնան: Դա կլինի «Քաղացիական պայմանագիրը», թե՞ լրիվ նոր անունով կուսակցություն` դեռ քննարկվում է:
«Ծառուկյանը դաշինքը» նույնպես չի մոռացել իր 50+1 կարգախոսը, խոսքը խորհրդարանի տոկոսային պատկերի ծառուկյանական հավակնությունների մասին է: «Ժառանգությունն», ասում են, չի տարրալուծվել եւ չի անէացել, մտմտում է մասնակցել, գումարած Զարուհի Փոստանջյանի «Երկիր Ծիրանին». այնպես որ արտահերթ ընտրությունները դեռ չտեսած` բավական բաժակներ են մեկնվում այդ աղբյուրից խմելու կամ, ինչպես ասում են, գետը դեռ չենք անցել, չգիտենք` թրջվելու ենք, թե՞ անվնաս թռչելու ենք ափից ափ:
Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում