ԸՕ-ում փոփոխությունների առանցքային առաջարկներ կունենա նաեւ ՀՀԿ-ն։ Վահրամ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում հպանցիկ թվարկեց առաջարկներից մի քանիսը՝ մատնահետքերի մեկ միասնական առցանց բազայի ստեղծումը եւ մոբիլ ընտրացուցակների ներդրումը։ Առցանց բազան ենթադրում է, որ բոլոր տեղամասերի մատնահետք կարդացող սարքերն ապահովված պետք է լինեն ինտերնետով, իսկ ինտերնետի խափանումը մեկ տեղամասում կհանգեցնի ընտրական գործընթացի խաթարմանը: Եվ այս մասին առաջինը բարձրաձայնել է ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը դեռեւս 2016 թվականին՝ «4+4+4» ֆորմատով բանակցությունների ժամանակ: Նա ասում էր նաեւ, որ մատնահետքերի միասնական բազայի եւ ընտրողներին մատնահետքով իդենտիֆիկացնելու համակարգի ստեղծումը շատ ծախսատար է եւ ժամանակատար։
Հետաքրքիր է՝ նոր կառավարությունը կկարողանա՞ կարճ ժամկետում լուծել այդ հարցը։ Նշենք, որ այս համակարգի ներդրման համար բոլորը պետք է ID քարտեր ունենան, եւ ընտրությունը պետք է տեղի ունենա բացառապես այդ քարտերով։ Իսկ այդ քարտերի հարցը հնարավոր չէ կարճ ժամկետում լուծել։ ՀՀԿ-ականները թերեւս մտածում են, որ եթե մատնահետքերի ընդհանուր բազան չներդրվի, ապա նոր իշխանություններն ընտրություններին կարող են կրկնել իրենց զեղծարարությունները եւ ID քարտերի միջոցով կրկնաքվեարկություններ ապահովել։ Բանն այն է, որ այդ քարտերի վրա չեն մնում դրոշմակնիքները, իսկ դեռեւս նախորդ ընտրությունների տվյալներով՝ Հայաստանում 500 հազար մարդ կա, որ ունի ե՛ւ ID քարտ, ե՛ւ անձնագիր։
Օրերս փոփոխությունների փաթեթ է հրապարակել նաեւ ՀԱԿ-ը՝ վերահաստատելով ԸՕ-ում փոփոխություններ կատարելու վերաբերյալ իր կողմից նախկինում արված առաջարկները, այդ թվում՝ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցման առանցքային պահանջը։ ՀԱԿ-ը հրատապ է համարում ընտրակաշառքի եւ ընտրական նպատակներով բարեգործության օգտագործման եւ վարչական ու քրեական ռեսուրսի կիրառման բացառմանն ուղղված լրացուցիչ այնպիսի մեխանիզմների ներդրումը, ինչպիսիք են նման հանցագործությունները ծանր հանցագործությունների շարքը դասելը (կալանավորման առավելագույն ժամկետները 5-6 տարի սահմանելով) եւ այդ հանցատեսակների բացահայտման համար անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործունեության ողջ զինանոցի գործադրումը։ Պահանջում է վերջ տալ ընտրական հանձնաժողովների ձեւավորման կուսակցական սկզբունքին, կրճատել ընտրական գրավի չափը՝ մինչեւ 7 մլն դրամ եւ ընտրական ծախսերի թույլատրելի շեմը` մինչեւ 200 մլն դրամ։Կան նաեւ այլ առաջարկներ։ Ենթադրվում է, որ այս ԸՕ-ում «հեղափոխական» միակ առաջարկը լինելու է քաղաքական ուժերի անցողիկ շեմի նվազեցումը․ կուսակցությունների դեպքում՝ 5-ից 3 տոկոսի, դաշինքների դեպքում՝ 7-ից 5 տոկոսի։ Առաջարկը Դանիել Իոաննիսյանի կողմից է հնչել խորհրդարանական գործընկերների հանդիպման ընթացքում, սակայն այն միանշանակ չի ընդունվել։
«Ծառուկյան դաշինքի» պատգամավոր Սերգեյ Բագրատյանը պարզաբանում է, որ դա իր թե՛ լավ, թե՛ վատ կողմն ունի, այն է՝ հետհեղափոխական իրավիճակում քաղաքական շատ ուժեր ոչ մրցակցային պայմաններում են հայտնվել․ «Ստացվում է, որ այն ուժերը, որոնք չեն մասնակցել շարժմանը, կարող են ընդհանրապես չհավաքել անգամ այդ 5 տոկոսը․ այս տեսանկյունից շեմն իջեցնելն ընկալելի է»։ Մյուս կողմից, Բագրատյանի կարծիքով, այն նպաստավոր պայմաններ է ստեղծելու, այսպես կոչված՝ մարդ-կուսակցությունների գործունեության համար․ «Ընդհանրապես, պետք է հասկանալ՝ օրինակ, 5-10 հազար ընտրող ունեցող ուժը պե՞տք է, որ խորհրդարանում ներկայացված լինի, թե՞ ոչ։ Ի վերջո, առանց ֆրակցիա ունենալու էլ, նրանց հարցը կարելի է բարձրացնել ու լուծում տալ։ Բայց, մյուս կողմից, կան գաղափարական ուժեր, որոնք տվյալ իրավիճակում մրցակցային չեն, ենթադրենք՝ չեն մասնակցել այս շարժմանը, բայց պետք է որ ներկայացված լինեն։ Մի խոսքով՝ սա բազմակողմանի քննարկման հարց է»։ Սերգեյ Բագրատյանը կանխատեսում է, որ եթե շեմն իջեցնեն, ապա հնարավորինս շատ ուժեր կանցնեն խորհրդարան։ Նա չի կարող պնդել՝ արդյոք այդ փոփոխությամբ նոր իշխանության նպատակն այն չէ՞, որ տապալի որեւէ ուժի մեծամասնություն ունենալու հնարավորությունը․ «Դեռ պետք է քննարկել, առաջարկի հիմնավորումը հասկանալ, հետո միայն խոսել այլ հետեւանքների մասին»։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում