Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ժողովրդավարական բարեփոխումները կարող են հաղթել անգամ Ռուսաստանի ստվերի տակ. The Washington Post

Հունիս 16,2018 11:10

Եթե փնտրում եք լավ նորություններ հեռու երկրներից, ահա ձեզ պատմություն «թավշյա հեղափոխության» մասին Հայաստանից, որը պարզապես տապալեց կոռումպացված, ավտորիտար կառավարությունը և բերեց երիտասարդ բարեփոխիչների եռանդուն թիմ՝ կառավարելու Ռուսաստանին սահմանակցող փոքրիկ այդ ժողովրդին, ամերիկյան հեղինակավոր The Washington Post պարբերականում գրում է սյունյակագիր Դեյվիդ Իգնատիուսը:

Միգուցե սա հակառակ միտման սկիզբ է աշխարհում, որտեղ ազատության և լավ կառավարման մեծ թվով ինդիկատորներ ցած են իջնում: Բայց կարելի է ասել՝ ժամանակը հեղափոխականների օգտին չի աշխատում: Հայաստանի սեղմված վիճակը հարևան երկրների և իշխանության ներքին հավակնորդների միջև, կարող է չեղարկել ներքևից սկսված բողոքի շարժման ձեռքբերումները, որոնց շնորհիվ տապալվեց երկար արմատներ գցած, ռուսաստանամետ վարչապետ Սերժ Սարգսյանի իշխանությունը:

Մինչ այժմ այստեղ ինչ-որ տոնական մթնոլորտ էր, քանի որ հայերը վայելում էին այն ամենի հետևանքները, ինչը վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկարագրում է որպես «սիրո և համերաշխության հեղափոխություն», շարունակում է սյունյակագիրը: Փողոցներում խմբեր են նվագում, մարդիկ հախուռն կերպով ողջունում են Փաշինյանին, և թվում է՝ այս պահին հետխորհրդային մշուշը ցրվել է: Անցյալ ուրբաթ Փաշինյանն ինձ հետ մեկ ժամ զրուցեց մայրաքաղաքի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակի իր գլխավոր գրասենյակում: Նա մի փոքր անհարմար էր զգում մուգ գործնական կոստյումով: Ժողովրդի մեջ նա սպորտային գլխարկով հասարակ մարդ է, որը կարողացավ գլխավորել մայրաքաղաքում կազմակերպված երթը և այն այնքան ընդլայնել, որ կառավարությունը կաթվածահար լինի:

Ցույցերն այնքան զանգվածային էին, որ Սարգսյանը կանգնել էր ընտրության առաջ՝ ուժ կիրառել երիտասարդ քաղաքացիների նկատմամբ կամ հրաժարական տալ: Մի ժողովրդի մեջ, որտեղ քաղաքական ինքնությունը կապված է ողբերգական պարտության հետ, Սարգսյանը խոհեմորեն ընտրեց երկրորդ տարբերակը: Ապրիլի 23-ին՝ 1915թ.Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանության հիշատակի նախօրեին, Սարգսյանը հրաժարական տվեց:

Այս հեղափոխության հրաշքն այն էր, որ այն ընդհանրապես տեղի ունեցավ: Ռուսաստանը երկար ժամանակ պաշտպանել է Սարգսյանին և նրա օլիգարխիկ շրջապատը: Բայց մայիսին՝ Սարգսյանի տապալումից հետո, Կրեմլը արգելք չհանդիսացավ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուն: Մասնակիորեն այն պատճառով, որ Փաշինյանը հայտարարեց, որ իր շարժումը ոչ մի աշխարհաքաղաքական նրբերանգ չունի:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, այնուամենայնիվ, կարող էր բարդացնել նոր Հայաստանի կյանքը: Անցյալ հանգստյան օրերին Երևանում ես դիվանագետներից տեղեկություններ լսեցի այն մասին, որ եթե Մոսկվան հավատարմության երդում չստանա, կարող է դադարեցնել զենքի վաճառքը, որից Հայաստանը կախված է Լեռնային Ղարաբաղի շուրջ պատերազմում, գրում է Իգնատիուսը:

Ո՞րն է թավշյա հեղափոխության հաջորդ քայլը: Փաշինյանը ներկայացնում է իր ծրագիրը, բայց այն ավելի շատ ժողովրդավարության իդեալիզմ է՝ շատ քիչ հստակություններով:

Նրա առաջնահերթ խնդիրն է վերջ տալ կոռուպցիային, որը հեռացնում է կրեատիվ և ձեռնարկատիրական ոգին, որով հայերը հայտնի են: «Ցավոք, Հայաստանը շատ կոռումպացված երկիր էր վերջին 25 տարիներին,- ասել է Փաշինյանը Իգնատիուսին:- Մարդիկ կուշտ էին այդ իրավիճակից»:

Նոր կառավարությունը պետք է ատամներով պահի հակակոռուպցիոն կոճակը՝ պատասխանատվության ենթարկելով նաև որոշ կաշառք վերցնողների:«Ես չեմ պատրաստվում կարգադրություններ անել դատավորներին,- պնդում է Փաշինյանը և զգուշացնում.- Մենք կփորձենք պարզել և պատասխանատվության ենթարկել ամենակոռումպացված մարդկանց»: Մոնոպոլիաների դեմ պայքարելու համար նա պետք կապիտալիզացնի նոր փոքր ընկերություններ՝ թերևս ազգային ներդրումային  բանկի միջոցով, կարծում է սյունյակագիրը

Անցյալի գրավիտացիոն դաշտից ազատվելը կխլի Փաշինյանի ողջ իդեալիզմն ու էներգիան: Նա ինձ ասում է, որ «շատ հավանական է», որ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, ամենաուշը ապրիլին, անցկացվեն արտահերթ ընտրություններ: Եվ դատարաններն արդեն ազատ են արձակում որոշ հայտնի քաղբանտարկյալների:

Հայաստանի հարցում հազիվ թե կարողանամ չեզոք լինել, քանի որ հորս ընտանիքը հայկական արմատներ ունի: Իմ այցի ընթացքում ես օգնեցի հյուրընկալել «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխությունը, որը հիմնվել է մի խումբ հայտնի հայերի կողմից՝ ի պատիվ այլ երկրներում մարդու իրավունքների առաջամարտիկների: Հայաստանի վատ նորությունների բաժինը շատ մեծ է եղել՝ պատմականորեն, ինչպես նաև վերջին շրջանում՝ հետխորհրդային տարիներին: Ուստի ոգևորիչ էր տեսնել Երևանը որպես ժպիտների քաղաք՝ փոփոխությունների այդ դրամատիկ պահին, եզրափակում է Դեյվիդ Իգնատիուսը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930