Լրահոս
Օրվա լրահոսը

50 միլիոն դոլարի արտահոսք՝ Հայաստանի բանկային համակարգից. «Հայոց աշխարհ»

Հունիս 16,2018 10:18

Հայաստանի ֆինանսական համակարգը կարողացավ առանց լուրջ ցնցումների հաղթահարել ներքաղաքական վերջին իրադարձությունների ազդեցությունը։ Այնուհանդերձ այնպես չէ, որ դա որեւէ հետեւանք չի ունեցել։ Ինչպես հայտնի է, մի պահ խնդիրների բախվեց հատկապես բանկային համակարգը, երբ ավանդատուները սկսեցին ժամանակից շուտ խզել պայմանագրերը։ Այլ կերպ ասած, հետ պահանջել ներդրված գումարները։

Նկատի ունենալով վիճակագրական ծառայության հրապարակած ցուցանիշները, արդեն իսկ կարելի է ասել, թե իրականում ինչ տեղաշարժեր են կատարվել ֆինանսական շուկայում։ Ինչպես սովորաբար լինում է նման վիճակներում, ավանդատուները բուռն են արձագանքել տեղի ունեցող քաղաքական զարգացումներին։ Դա արտահայտվել է խնայողությունները բանկերից հետ վերցնելու տեսքով։

Ավանդները դուրս բերելու միտումները սկսել են դրսեւորվել արդեն ապրիլի վերջին։ Եթե մինչ այդ բանկերում ֆիզիկական անձանց ավանդներն անընդհատ ավելանում էին, ապա այդ ամսին երեւույթը կանգ է առել։

Կենտրոնական բանկի տվյալներով` ապրիլին ֆիզիկական անձանց ավանդադրած գումարները ոչ միայն չեն ավելացել, այլեւ զգալիորեն նվազել են։ Խոսքը ավելի քան 25 մլրդ դրամի (առնվազն 50 մլն դոլարի) մասին է։

Դա այն գումարն է, որ ներքաղաքական լարվածության հետեւանքով ապրիլին դուրս է բերվել բանկերից։ Անհանգստանալով բանկային համակարգին սպասվող հնարավոր բացասական հետեւանքներից՝ ավանդատուները փորձել են հետ վերցնելու միջոցով ապահովագրել իրենց խնայողությունները՝ կորստից խուսափելու համար։

Առայժմ հայտնի չեն ավանդային շուկայի դրսեւորումների վերաբերյալ տվյալները ապրիլին հաջորդող շրջանում։ Դա հայտնի կլինի ավելի ուշ։

Այնուհանդերձ կասկած չկա, որ երեւույթը շարունակվել է նաեւ մայիսի ընթացքում եւ հատկապես սկզբին։ Դա էլ ստիպեց Կենտրոնական բանկին հանդես գալ հատուկ հայտարարությամբ՝ կոչ անելով ավանդատուներին խուճապի չմատնվել եւ ժամկետից շուտ չխզել ավանդային պայմանագրերը։

Այդ կոչը ունեցավ ազդեցություն։ Սակայն, ինչպես վկայում են հրապարակվող թվերը, համակարգը մինչ այդ հասցրել էր բախվել արտահոսքի առաջին ալիքին։

Առաջին հայացքից 50 մլն դոլարը գուցե մեծ գումար չէ Հայաստանի բանկային համակարգի ավանդների պորտֆելում։ Նամանավանդ վերջին տարիներին այն արագորեն ավելանում է։ Ասենք, որ միայն առեւտրային բանկերում ֆիզիկական անձանց պահվող խնայողությունները, մինչեւ վերջին ներքաղաքական իրադարձությունները, անցնում էին 2,8 մլրդ դոլարից։ Այլ կերպ ասած, արտահոսքի ծավալները համարժեք են եղել ավանդների ընդամենը 1,5-2 տոկոսին։

Հ. ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930