Լրահոս
Օրվա լրահոսը

«Թրամփը չի թփթփացնում ուսին, ասում` արի ներդրում արա, ես տեր եմ»

Հունիս 16,2018 14:30

Aravot.am կայքում «Դեմ առ դեմ» հաղորդաշարի շրջանակներում բանավիճում են
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը եւ Միջազգային
ու անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ. – «Ոչ ոք չի ասում, որ գործարարներին հանրապետության գործող վարչապետը հրավիրել է եւ ասել է` հարգելի գործարարներ, ես չգիտեմ, թե դուք ամիսը քանի՞ անգամ, ի՞նչ չափի ճամպրուկներով, ի՞նչ եք բերել «Բաղրամյան 26», բայց այս պահից դուք ազատված եք բոլոր այդ տեսակի պարտականություններից»,- օրերս նման աղմկահարույց բացահայտում-հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ընդ որում, գործարարները, ըստ վարչապետի, իրեն խոստովանել էին, որ նման բան եղել է: Վարչապետը նաեւ ասաց, որ իր հայտարարությունը քաղաքական է: Արդյո՞ք վարչապետի նման աղմկահարույց հայտարարությունը պետք է անհետեւանք մնա: Ոչ ոք չպե՞տք է պատասխանատվություն կրի` գործարարների համար նման ստորացուցիչ պայմաններ ստեղծելու համար:

Ստեփան Սաֆարյան.– Այս հայտարարությունը, լինելով քաղաքական, պարունակում է տարրեր, որոնք առնչվում են քրեական կամ քրեորեն հետապնդելի արարքի հետ: Այա տեսանկյունից կա խնդրի լուծման ձեւ. առաջինը` քրեական ճանապարհը. գործում ես պատժելիության սկզբունքի եւ օրինականության հաստատման դաշտում՝ մի կողմ թողնելով, թե ով է խաղի կանոն հաստատողը եւ դրա զոհը, հավասարապես պատժում ես ե՛ւ ճամպրուկով փող տվողին, ե՛ւ վերցնողին:

Ն. Գ.– Նիկոլ Փաշինյանն ասել է` վենդետաներ չեն լինելու:

Ս. Ս.- Այո, Նիկոլ Փաշինյանն այդ ճանապարհով չգնաց, եւ ոչ միայն այդ հայտարարության պատճառով: Ուզում եմ հիշեցնել նրա մեկ այլ ելույթ, որտեղ խոսում էր անցյալի եւ ներկայի միջեւ գիծ քաշելու մասին: Հայաստանյան իրականության մեջ այս երկու ճանապարհն է հնարավոր` գիծ քաշել, գնալ ինդուլգենցիայի, համազգային համաներում անելու ճանապարհով կամ օրինականության հաստատման: Ո՞ր ճանապարհն է լավը կամ վատը` տարբեր երկրների օրինակը տարբեր է: Հայաստանի պարագայում, կարծում եմ, վատ է, որ այդ ճանապարհն է, որովհետեւ Հայաստանը տակավին կարիք ունի պատժելիության սկզբունքի կիրառման: Ի վերջո, այսպես կարելի է ներել բոլոր հանցագործությունները եւ անցնել առաջ: Խնդիր է՝ արդյոք պե՞տք է ներել ամեն ինչ:

Այնուամենայնիվ, վարչապետները պետք է զգուշավոր լինեն իրենց հայտարարություններում՝ անկախ նրանից, թե որ ճանապարհով ես գնում: Բացատրությունները պետք է սպառիչ լինեն: Այս պահին մենք ունենք տակավին քաղաքական կամքի վրա հենվող պատժելիության սկզբունքի կիրառում, ոչ ավելին:
Վահե Էնֆիաջյան.- Եղել է վարչապետի հայտարարություն, մամուլում տեղ է գտել: Կարող ենք ավելի ընդգրկուն դարձնել հարցը, որ երկրում ներդրումներ անելու պարագայում 50-50 «փայ» են մտնում, հարկային տեռոր է, անբարենպաստ ներդրումային պայմաններ են եւ այլն: Թավշյա հեղափոխության հիմնական գաղափարախոսությունը կայանում էր սրանում` մերժել նախկին արատավոր երեւույթները, նոր տողից նոր քայլեր սկսել: Մեկ օրում, մեկ հայտարարությամբ հնարավոր չէ այդ ամենն իրականություն դարձնել:
Բազմաթիվ անգամներ հնչել է, որ վենդետաներ չեն լինելու, բայց որեւէ մեկը չի էլ ասել, որ օրենքի առջեւ պատասխան տվողներ չեն լինելու: Եթե խախտողներ եղել են, եթե կոռուպցիան հասել է ամենաբարձր մակարդակներ, պետք է հրապարակվեն անուն առ անուն եւ օրենքի առջեւ պատասխանատվություն կրեն:

Ս. Ս. – Այս խնդիրը կարեւոր է նաեւ քաղաքական կյանքի համար: Քաղաքական նախադեպի խնդիր կա: Ես հորդորում եմ Նիկոլ Փաշինյանին` համապատասխան բացատրություններ պետք է տրվեն: ՀՀԿ-ին էլ եմ հորդորում, որովհետեւ սա մեծագույն մեղադրանք է իրենց, իրենց իշխանությանը: Իրենք պետք է ասեն` ապացույցներ ներկայացրեք` կլինի դա 50-50-ի վերաբերյալ… դա չպետք է տեղ թողնի թե՛ զրպարտությունների, թե՛ քաղաքական մանիպուլյացիաներով երկիր կառավարելու համար:

Ն. Գ.– Խոսեցիք 50-50-ի մասին. պարոն Էնֆիաջյան, ունե՞ք նման փաստեր, հիմա կառավարության մաս եք, փորձելո՞ւ եք «փայ» մտնողներին պատասխանատվության կանչել, գոնե մանր ու միջին ձեռնարկատերերի մասով:

Վ. Է. – Չի եղել մի ժամանակահատված, երբ մենք մի երեւույթ նկատենք, արձանագրենք եւ դրա մասին չխոսենք, գործնական տեսքի բերենք մեր գործողությունները: Վերջին ամենաթարմ օրինակը, երբ տոնավաճառներում փոքր ու միջին ձեռնարկատերերի նկատմամբ ՊԵԿ մարմինը տեռոր էր իրականացնում: Ստուգումների պատրվակի տակ հետախուզում, հետաքննություն, խուզարկություն էր տեղի ունենում: Գիտեք` «Առինջ» մոլի հայտնի դեպքերը, «Փեթակի», «Ռոսիա» մոլի. թե ես, թե իմ գործընկերները կաշկանդված չէինք Կարեն Կարապետյանի վարչապետության օրոք ներկայացնելու այս խնդիրները եւ արդարացի լուծումներ պահանջելու, որովհետեւ մեր երկրի մի քանի հազար քաղաքացիներ՝ փոքր ու միջին բիզնեսով զբաղվող, դիմել էին մեր խմբակցության անդամներին:

Ն. Գ.- Քաղաքական հակադարձում կար` Գագիկ Ծառուկյանի շահերն էին ոտնահարվում:

Վ. Է.– Գագիկ Ծառուկյանի շահերը չէին կարող ոտնահարվել…

Ս. Ս.– Խոսքը վարձակալության պայմանագրերին էր վերաբերում:

Վ. Է.– Պատրվակը ստուգումներն էին, բայց ստուգումների անվան տակ ինչ ասես տեղի էր ունենում. մարդ ընկավ մեքենայի տակ, ծեծկռտուք եղավ, քաղաքացիական համազգեստով մարդիկ մեքենաների բեռնախցիկներն էին ստուգում` առանց ներկայանալու, թե իրենք ովքեր են…

Ն. Գ.– Ի դեպ, կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ամեն գործարարի ԱԱԾ-ական կցելու իրենց մտադրության մասին: Սա կօգնի՞, թե՞ կխանգարի գործարարներին:

Ս. Ս.– Ներդրողներին ոչ ԱԱԾ աշխատակից կցելով, ոչ էլ այլ ձեւով չես կարող հրապուրել: Քանի դեռ երկիրը չի կայունացել, եւ չի ձեւավորվել կայուն իշխանություն, իսկ այսօրվա իշխանությունը հաստատապես կայուն չէ, ներեցեք, նույնիսկ նրանք, ովքեր մտադիր են գալ Հայաստան` կլինեն ծագումով հայ, թե որեւէ այլ ազգի, զանգվածաբար եւ խելահեղ չեն գալու: Երկրորդ` երկրի գրավչությունը դեռ շատ քիչ է: Շատ կարեւոր է օրենքի առաջ հավասարությունը եւ այլն: Այս առումով չափազանց կարեւոր է, ինչից խուսափում է այս կառավարությունը, երկրի զարգացման մոդելի ուղղությունը շատ հստակ պետք է լինի: Մենք հայամետ ենք, ո՛չ ռուսամետ ենք, ո՛չ իրանամետ ենք, ո՛չ չինամետ ենք… սա լիրիկա է: Ես չեմ ասում Հայաստանը որեւէ տեղ տանել մտցնել: Խոսքը վերաբերում է մոդելին:
Իսկ մի երկրում, որտեղ ինստիտուտները կայացած չեն, եւ խնդիրները լուծվում են քաղաքական կամքի կամ դրա բացակայության միջավայրերում, այս խնդիրներին պետք է լուրջ մոտենալ: Իսկ որտե՞ղ է երաշխիքը, որ ԱԱԾ-ն լավ է աշխատելու, որ կոռուպցիոն ռիսկեր չեն ստեղծվելու:

Վ. Է.- Երկրում ներդրումների համար համապատասխան միջավայր պետք է լինի: Այսօրվա կառավարությունը բացառիկ վստահություն է վայելում: Ես կարծում եմ՝ մեկ տարվա ընթացքում երկրում պետք է խորհրդարանական ընտրություններ տեղի ունենան, եւ խորհրդարանը համապատասխանեցվի այսօրվա իրողություններին: Քարոզարշավում քաղաքական ուժերը տնտեսական մոդելներ եւ ծրագրեր պետք է ներկայացնեն: Որ թիմին ժողովուրդը հավանություն կտա, այն թիմն էլ պետք է պատասխանատվություն վերցնի եւ իր պատկերացրած գործիքակազմով, վստահության ռեսուրսով ապահովի իր ծրագրերը, ներդրումներ ներգրավի: Գաղտնիք չէ, բոլոր երկրներում էլ խոշոր բիզնեսը առաջին դեմքի մակարդակով քաղաքական երաշխիքներ է ուզում, որքան էլ որ օրենսդրական դաշտով դրանք ապահովվեն:

Ս. Ս.- Երաշխիքները պետք է լինեն օրենսդրական եւ ինստիտուցիոնալ, ոչ թե քաղաքական, ինչպես նաեւ երաշխիքները չպետք է լինեն միայն խոշոր բիզնեսին:

Վ. Է.- Այո: Նաեւ` քաղաքական: Եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում այդպես է:

Ս. Ս.- ԱՄՆ-ում այդպես չէ: Ոչ ոք չի գնում, Թրամփը չի թփթփացնում ուսին, ասում` արի ներդրում արա, ես տեր եմ:

Վ. Է.– Իրենք ասում են` մեր օրենսդրական միջավայրը նպաստավոր է, եւ, որպես իշխանության ներկայացուցիչ, մենք ենք երաշխավորում, որ օրենքներն ու Սահմանադրությունը կաշխատեն: Որովհետեւ եթե միայն օրենսդրությամբ, այսօր էլ կարող ենք ասել, որ Հայաստանի օրենքները որոշակի գրավչություն են ապահովում:

Ս. Ս.- Չենք կարող ասել: Էներգետիայի ոլորտում ես կյանքում ներդրում չեմ անի: Ինչպե՞ս կանեմ, եթե «Գազպրոմին» տրվել է մոնոպոլիա:

Վ. Է.– Եթե դու ասես` օրենսդրությունը կա, բայց եթե գաս` ներդրում անես, 50 տոկոս «փայ» են մտնելու, կներեք, երաշխիքը ո՞րն է…
ԱՄՆ ներկայացուցիչները նաեւ հաշվարկ էին ներկայացրել, որ էներգետիկ ներդրումների առումով Հայաստանը բավական մեծ գրավչություն ունի, օրենսդրությունը բավական բարենպաստ է, եւ Հայաստանը կարող է միայն այս ոլորտում շուրջ ութ միլիարդ դոլարի ներդրում իրականացնել: Ինչի՞ մասին է խոսքը, երբ դրա երաշխիքները չկան: Ներդրում ես անում, քո հետ «փայ» են մտնում, ընկեր ջան, ինչի» մասին է խոսքը:

Ս. Ս.- Ձեր ասած հայտարարությունից հետո ԱՄՆ դեսպանը մի քանի անգամ ասաց` ընկերներ, եթե «Որոտանը» եկավ, մի մտածեք, որ դա բերովի է: Դուք պետք է այդ պայմանները ստեղծեք, եւ այդ դաշտում պետք է ռուսական, ամերիկյան, եվրոպական ընկերությունները մրցակցեն հավասար պայմաններում:

Վ. Է.– Այսինքն՝ էլի քաղաքական երաշխիքներ են ուզում:

Ս. Ս.- Օրենսդրական:

Զրույց վարեց ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

«Առավոտ»

15.06.2018

Զրույցն ամբողջությամբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930