Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր կառավարությունը ինչ պետք է փոխի փոքր ու միջին բիզնեսի կյանքում

Հունիս 16,2018 14:00

ՓՄՁ ասոցիացիայի տնօրեն Հակոբ Ավագյանն ասում է՝ Հարկային օրենսգիրքը պետք է վերանայվի, ՀԴՄ-ների ներմուծումը պետք է մենաշնորհից ազատել

Փոքր ու միջին բիզնեսը Հայաստանում միշտ խոցելի է եղել: Հաճախ ՓՄՁ ներկայացուցիչները դժգոհում էին Պետական եկամուտների կոմիտեի քաղաքականությունից: Ասում էին՝ հարկայինը «խեղդած» էր պահում, նրանք, որոնք ներմուծմամբ էին զբաղվում, մաքսայինից էին դժգոհում: Խնդիրները բազմաթիվ էին: Հիմա, երբ իշխանություն է փոխվել, երկրում, ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանն է մշտապես շեշտում, իրողություններ են փոխվել, արդյոք քայլեր արվո՞ւմ են ՓՄՁ-ի կյանքը հեշտացնելու ուղղությամբ:

ՓՄՁ ասոցիացիայի տնօրեն Հակոբ Ավագյանը վերջերս մասնակցել է վարչապետին կից ՓՄՁ զարգացման խորհրդի նիստին: Նախկինում այս նիստերին մասնակցում էր անձամբ վարչապետը: Բայց խորհրդարանական կառավարմանն անցնելուց հետո փոխվարչապետն է մասնակցելու ու ծանոթանալու ՓՄՁ ներկայացուցիչների առաջարկներին ու ներկայացրած խնդիրներին:
«Առավոտի» հետ զրույցում Ավագյանն ասաց, որ վերջերս կայացած նիստին բազմաթիվ առաջարկություններ են արել. ամենակարեւորը Հարկային օրենսգրքին է վերաբերում: Այս օրենսգիրքը, ինչպես ասաց Ավագյանը, ընդունվել է առանց լուրջ հանրային քննարկումների, առանց ֆոկուս խմբերի հետ աշխատանքի ու կարկատաններով: «Գուցե հասցնենք նոր փաստաթուղթ կազմել մինչեւ աշուն եւ ավելի մասնակցային գործընթացներով, ՓՄՁ-ների ավելի մեծ ներգրավվածությամբ եւ ինչու ոչ՝ նաեւ խոշորների»:

Խնդիրներից մեկն էլ փոքր ներմուծումներին է վերաբերում: Ավագյանն ասաց, որ նախկին կառավարությունը այս հարցում էլ էր կարկատաններով լուծել խնդիրը. ստեղծել էր «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությունը, որը փոքր ներմուծողների բեռների մաքսազերծում էր իրականացնում: Ավագյանի խոսքով՝ այս ընկերության շուկա մուտք գործելու հենց սկզբից հասկացել են՝ մենաշնորհ է ստեղծվում, եւ բյուջե վճարումների վերահսկողության մեխանիզմ չկա. «Հիմա այս ընկերությունը լուծարման փուլում է: Սահմանին կուտակումներ են: Այս դաշտում պետք է արագ լուծում գտնել»:
Ավագյանի կարծիքով՝ ժամանակն է մաքսազերծումն էլ էլեկտրոնային դարձնել, եւ հնարավորինս նվազեցվեն գործարար-մաքսավոր շփումը:
«Այսօր կա քաղաքական կամք, եւ միայն մի քաղաքական հայտարարության արդյունքում գնորդ-մատակարար շղթայում տեսնում ենք, որ ձեռագիր է փոխվել»:
Նախկին իշխանության ժամանակ մեկ այլ մենաշնորհ էլ էր պետությունը ստեղծել՝ ՀԴՄ ներդրման ՊՈԱԿ-ը, եւ այս պետական կառույցին տրվեց մենաշնորհային դիրք: Ավագյանը պնդում է՝ այս դաշտն էլ հարկավոր է արագ ազատականացնել, եւ մեր երկրում կա պոտենցիալ, որ մի քանի ընկերություններ զբաղվեն ՀԴՄ-ների ներմուծմամբ եւ դրանց վերանորոգմամբ: Մինչդեռ հիմա այդ ՊՈԱԿ-ի ձեռքում է ամեն ինչ. «Նրանք ալգորիթմները գաղտնի են պահում, դա հասանելի է ՊՈԱԿ-ին: Իրենք չեն տալիս բանաձեւերը, որպեսզի մյուս ՀԴՄ ներմուծողները ՀԴՄ-ների տեղեկատվությունը հասցնեն հարկային մարմիններ: Մենք պնդում ենք՝ շուկան պետք է ազատականացվի»:

ՓՄՁ ոլորտում մեկ այլ ցավոտ հարց է հատկապես առեւտրականների փաստաթղթավորման պահանջը՝ հարկային շեմը նվազեցնելու պայմանով: Առեւտրականները պարբերաբար ցույցեր էին անում եւ դժգոհում այդ պահանջից:

Հակոբ Ավագյանի խոսքով՝ գերփոքր բիզնեսի համար ներդրվեց պարտադիր փաստաթղթավորումը` 5% շեմը դարձնելով 1,5%. «Այսօր գործում է այդ պահանջը, բայց շեմի հարցը փոխվեց՝ 58 միլիոնը դարձավ 115 միլիոն: Սա կարեւոր խնդիր է, որովհետեւ եթե նոր վարչապետն ասում է՝ բոլորդ պետք է ՀԴՄ խփեք, կա մի մեծ խումբ, որոնք էլ ասում են՝ խփենք, բա որ հետո շեմը իջնի, չենք կարող 20% շահութահարկ եւ ԱԱՀ դաշտում գործենք: Աստեղ կա իրազեկվածության պակաս, քանի որ կան փոքր բիզնեսներ, որոնք այդ շեմի տակ չեն ընկնի: Բայց կան բիզնեսներ, որոնց հարկերը կբարձրանան, եթե շեմն իջնի: Աշնանը ֆունդամենտալ ու բանալինային փոփոխություններ կներկայացնենք: Մենք ՓՄՁ-ների հետ աշխատեցինք, միասին կազմված առաջարկն ուղարկել ենք կառավարություն, շուտով պատասխանը կստանանք: Այս խնդիրն առաջնային է, շեմը պետք է վերանայել: Եվ փոքր բիզնեսին պետք է թույլ տալ գոնե հինգ տարի մի շեմով աշխատի, որոշում կայացվի ու ասվի՝ հարկային դաշտը չի փոխվելու»:
Պարոն Ավագյանը վստահեցրեց, որ հիմա դրսից շատ ներդրողներ ցանկություն են հայտնում գալ Հայաստանում ներդրումներ կատարել: Բայց այս ներդրողների համար, ըստ Ավագյանի, պետք են մաքուր ու հուսալի, վստահելի դաշտ ու կանոններ, ոչ թե պարտադիր գան, հանդիպեն վարչապետի կամ ասենք՝ ոլորտի նախարարի հետ, որպեսզի իրենց ներդրումների համար երաշխիքներ ստանան:
Գործարարները նաեւ մշտապես դժգոհում են մաքսայինում արդեն վատ ավանդույթ դարձած հսկիչ գներից, երբ ներմուծողի ներկայացրած հաշիվ-ապրանքագրում առկա ապրանքի գինը մաքսավորը արժանահավատ չէր համարում եւ կամայական գին էր կիրառում, ինչի արդյունքում մաքսազերծման արժեքն էլ բարձրանում էր: Այս ոլորտում էլ խնդրին, ինչպես Ավագյանն ասաց, պետք է զգույշ մոտենալ: Ավագյանի կարծիքով՝ խնդիրը հնարավոր է լուծել, բայց չի էլ բացառվում, որ, այնուամենայնիվ, փոքր ու միջին գործարարներն էլ, ասենք՝ Չինաստանից կամ Թուրքիայից ներմուծած տասը դոլարանոց ջինսե տաբատը մեկ դոլար ներկայացնեն. «Այստեղ մաքսավորը կարող է հարցում կատարել եւ շատ հեշտ պարզել իրական արժեքը: Ամեն դեպքում, խնդրին հարկավոր է զգույշ մոտենալ ու վերջնական լուծում գտնել՝ խուսափելու կոռուպցիոն ռիսկերից»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

15.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Յարութիւն Ծ,Վ,Պզտիկեան says:

    Սովետական սխալագրութիւնը և ոչ անհրաժեշտ օտարաբանութիւնները /հոգ չէ որ ԱՊՐԻԼ 1 չենք;

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930