Արդեն մի քանի շաբաթ է տարբեր մարզերում կաթի արտադրությամբ զբաղվող գյուղացիները, ֆերմերային տնտեսությունները բողոքի ցույցեր են անում` դժգոհելով, որ մթերողներն իրենցից կաթը բավականին ցածր` «ջրի գնով» են մթերում: Ասում են մեծ վարկեր են վերցրել, անասուններ, անասնակեր են գնել, սակայն կաթն այնքան էժան են վաճառում, որ այդ գումարների տակից չեն կարողանում դուրս գալ: Երեկ, տարբեր մարզերից` համայնքներից` Սեւանից, Ապարանից, Աբովյանի հարակից գյուղերից, Հոկտեմբերյանից, Տանձուտ եւ այլ համայնքից կառավարության առաջ իրենց խնդիրը բարձրացնելու եկած ֆերմերները «Առավոտի» հետ զրույցում նշեցին, որ անցյալ տարվա համեմատությամբ, կաթ մթերող ընկերությունները այս տարի կաթի գինն իջեցրել են եւ 10-20 դրամով պակաս են այս տարի կաթն իրենցից ընդունում: Գյուղացիների ու կաթի բիզնեսով զբաղվող փոքր տնտեսությունների ներկայացուցիչները վստահեցրին, որ կաթի շուկայում գնանկումը ֆինանսական վնասներ է պատճառում իրենց գործին: Անասնակերը թանկ են գնում, իսկ կաթի վաճառքից ստացած գումարով չեն կարողանում նույնիսկ այդ ծախսերը հոգան: Նրանք կառավարությունից պահանջում էին կարգավորում մտցնել այս դաշտում եւ «խելքին մոտիկ» գին սահմանել` հակառակ դեպքում կաթը բերելու են կառավարության առաջ լցնեն, բայց մթերողներին չվաճառեն: Նրանց խոսքով, այս տարի իրենցից կաթը 110-120 դրամով են մթերում, մինչդեռ անցյալ տարի 50-60 դրամով բարձր են մթերել: Իսկ ձմռանը, քանի որ կաթի պակաս կա, 200-220 դրամով են հանձնում:
Կաթի բիզնեսով զբաղվող գյուղացիների ու ֆերմերային տնտեսություն ունեցող փոքր ձեռներեցների դժգոհություններին ի պատասխան, ինչպես մեզ հետ զրույցում ասացին ցուցարարները, կաթ մթերողները նշել են, որ իրենք բազմաթիվ հարկուտուրքեր են վճարում, այդ պատճառով էլ կաթի գինը ցածր են գնահատում:
Այսօր մեր երկրում կաթի խոշոր մթերողներ են հանդիսանում «Աշտարակ կաթ», «Մարիաննա», «Թամարա», «Բիոկաթ», «Բոնիլատ», «Չանախ», եւ կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող այլ ընկերությունները:
«Առավոտը» մի քանի ընկերություններից փորձեց պարզել` ինչո՞ւ է շուկայում ընկել կաթի մթերման գները: Պատճառներն, ըստ մթերող ընկերությունների պատասխանատուների տարբեր են` սկսած միջազգային շուկայում կաթի փոշու, կարագի գներից մինչեւ գյուղացու մատակարարած անորակ կաթը: Ինչ վերաբերում է հարկուտուրքերին, ապա ընկերության պատասխանատուները նշեցին, որ հարկային դաշտում իրենց առնչվող հարկերի մասով փոփոխություն տեղի չի ունեցել եւ դրանք չեն գնի վրա ազդող գործոնները:
«Մարիաննա» ընկերության հիմնադիր տնօրեն Տիգրան Վարդանյանը կաթի գնի իջեցման պատճառներից մեկը համարեց այն, որ կաթը գյուղացուց, ֆերմերից, միջնորդավորված է հասնում մթերողի գործարան, այն էլ մի քանի միջնորդով, այսպես ասած` կաթը մի քանի ձեռք է անցնում, որից էլ գինն իջնում է: «Մարիաննայի» տնօրենն ասաց, որ այս պահին իրենք կաթն ընդունում են մեկ լիտրը 140 դրամով: Իսկ անցյալ տարվա ավելի բարձր գին սահմանելու պատճառը կաթի դեֆիցիտն է եղել եւ գյուղացիներին աջակցելը: Պարոն Վարդանյանի խոսքով, նախորդ տարի երաշտի հետեւանքով առաջացած անասնակերի դեֆիցիտի պատճառով ստեղծված խնդիրները փորք-ինչ մեղմելու համար, որպեսզի գյուղացիները ստիպված չլինեն անասունները համատարած մորթեն, կաթի համար այս սեզոնին, ավելի բարձր գին են վճարել, քան այս տարի է: Մեկ լիտրի դիմաց վճարել են 150 դրամ: Բայց դրան նախորդող տարիներին նույն գինն է եղել 120-130 դրամ: Պարոն Վարդանյանի խոսքով, կաթի գինը ձեւավորվում է միջազգային շուկայում, բացի այդ գոյություն ունի կաթի սեզոնայնություն, հետեւաբար իրենք չեն կարող այդ գներից տարբեր գներ առաջարկել մեր արտադրողներին, որպեսզի իրենք էլ հնարավորություն ունենան ապրանքն արտահանելիս գնային առումով մրցունակ լինել: Տիգրան Վարդանյանի ներկայացմամբ, Հայաստանում կաթի մթերման գինն ամենաբարձրներից է` չհաշված վատ որակը: Ըստ նրա` Ուկրաինայում մեկ լիտրը 75 դրամ է, Հոլանդիայում` 135 դրամ է, Ռուսաստանում` 120, Մերձբալթիկայում` 125 դրամ:
Պարոն Վարդանյանն ասում է` եթե գյուղացիներն ուզում են ավելի 110-120 դրամից ավելի բարձր գնով հանձնեն, ապա, անձամբ պետք է տանեն մթերող ընկերություններին հանձնեն, ոչ թե միջնորդավորված անձանց միջոցով:
«Մարիաննայի» տնօրենի խոսքով, ինքը կաթի դիմաց կանխիկ է վճարում գյուղացիներին, սակայն իր ապրանքը 9-8 ամիս հետո է վաճառվում, որից գումարները հետ են գալիս. «Ես պանիր եմ արտադրում, որը մի քանի ամիս մնում է` մինչեւ վաճառվում է: Կաթի գինը պետք է այնպիսի ողջամիտ գին լինի, որպեսզի մեր ապրանքը մրցունակ լինի, որպեսզի կարողանանք արտահանենք: Մենք արտահանող ընկերություն ենք, եթե իմ գինը չկարողանա համապատասխանի շուկայական գներին, ես չեմ կարող արտահանել, գյուղացու կաթն էլ մնալու է: Մենք ավելի շատ ենք մտածում գյուղացու համար, հակառակ դեպքում այսօր չէի գնա վարկ վերցնեի ու կանխիկ վճարեի գյուղացուն: Դա անում ենք հասկանալով, որ գյուղատնտեսությունն այսօր ռազմավարական ոլորտ է եւ անասնապահությունն էլ պետք է դրանով զարգացնենք: Ֆինանսներ ենք ծախսում, այս երկրից այն երկիր են գնում ցուցահանդեսների ենք մասնակցում, որ շուկաներ գտնենք, որպեսզի արտահանենք»:
Ինչ վերաբերում է կաթի գինը բարձրացնելու` գյուղացիների պահանջին, ապա պարոն Վարդանյանն ասում է` ոչ ոք ինձ չի կարող ստիպել թանկ կաթ առնել:
Պարոն Վարդանյանը արդար չի համարում կաթ արտադրողների բողոքը, քանի որ նրանց արտադրած կաթի որակը չի համապատասխանում սահմանված նորմերին, եւ նորմայի բերելու համար մթերող ընկերություններն են ստիպված լինում մաքրող ու զտիչ այնպիսի թանկարժեք տեխնոլոգիաներ ներդնել, որպեսզի կաթը ընդունելի որակի հասցնեն, ինչն էլ լրացուցիչ ծախսեր է պահանջում. «Հայաստանում ամենաթանկ եւ ամնաանորակ կաթն ենք մթերում: Մեզ մոտ անասնապահական կուլտուրա չկա, չհաշված այն մեծ ֆերմաները, որ այդպես է, գյուղացին թող ապահովի որակյալ կաթ, բայց չէ, վարկ է վերցնում մի երեք կով է առնում, մի հատ ջիպ է առնում ու որոշում է, որ կաթ մթերողը պետք է այնքան վճարի իր կաթի դիմաց, որ ինքը կարողանա այդ երեք կովով իր վարկը փակի, իր ընտանիքը պահի»:
Պարոն Վարդանյանի համոզմամբ, կառավարության առաջ բողոքի ցույց անողների մեծ մասն էլ, ոչ թե գյուղացիներն են, այլ` միջնորդները, որոնք գյուղացուց կաթը գնում են եւ հանձնում ընկերություններին:
«Թամարա» ընկերության որակի վերահսկման լաբորատորիայի վարիչ Սուսաննա Հարությունյանը, պատասխանելով մեր հարցին, թե մթերող ընկերությունները կաթի գնանկումը պայմանավորում են հարկուտուրքերի բարձր լինելով, ասաց, որ իրենք, ինչպես որ նախկինում բարեխիղճ վճարել են հարկերը, այդպես էլ վճարում են եւ այդ առումով ոչինչ չի փոխվել: Տիկին Հարությունյանը կաթի գնի իջեցումը պայմանավորեց սեզոնայնությամբ՝ նշելով, որ այս սեզոնին կաթի գինն իջնում է: Մեր այն հարցին, թե արտադրողները փաստում են, որ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կաթի գինը ավելի է էժանացել՝ 10-20 դրամով, Սուսաննա Հարությունյանն ասաց, որ անցյալ տարի իրենց ընկերությունը կաթը մթերել է գրեթե նույն գնով, ինկ այս տարի՝ 140-150 դրամով մեկ լիտրը: Նրա խոսքով, հենց այս պահին էլ իրենց գործարանն այդ գնով է մթերումը կատարում: Տիկին Սուսաննան հնարավոր է համարում, որ գուցե միջնորդ օղակը գինն իջեցրած լինի, այն մթերողը, որը գյուղացիներից հավաքում՝ գործարաններին է հանձնում, որովհետեւ ոչ բոլոր գյուղացիներն են կարողանում իրենց ասենք՝ 50-100 լիտր կաթը ուղիղ գործարանին հանձնել՝ փոխադրամիջոց չունենալու, ավելորդ ծախսեր չանելու պատճառով, ուստի կան անձիք, որոնք կաթը հավաքում են մանր տնտեսություններից ու հանձնում խոշոր մթերողին: Նրա խոսքով, իրենց ընկերությունը հիմնականում կաթը մթերում է Կոտայքի մարզի գյուղերի ֆերմերներից, այս պահին գործող գինը մեկ լիտր կաթի դիմաց 140-150 դրամն է: Ասում է, որ կաթ հավաքողների վրա իրենք ազդելու որեւէ լծակ չունեն եւ եթե այդ գնով են ուզում կաթը հանձնել, ապա գյուղացիները պետք է ոչ թե միջնորդների, այլ` անձամբ կաթը հանձնեն մթերման:
Տիկին Սուսաննան նույնպես խնդիր համարեց գյուղացու հանձնած կաթի որակը. «Մինչեւ արտադրողին հանձնելը կթելու եւ մշակելու կուլտուրան մեր գյուղացիները չունեն, եւ հանձնելուց հետո ընկերությունները անգամ մինչեւ սկզբնական մշակման ենթարկելը վերամշակման մի քանի փուլ են անցկացնում, որպեսզի կարողանան որակյալ մթերք արտադրելու չափանիշներին բարձրացնեն, ֆիլտրներով մաքրում ենք, սառեցնում ենք, մի քանի փուլ է անցնում, որպեսզի կաթի կարգը բարձրանա, պիտանի լինի սննդում օգտագործելու, դրանից հետո սկսում ենք հաջորդ մշակումը` պաստերիլիզացումը»: Նրա վստահեցմամբ, մինչեւ սպառող հասնելը ընկերությունները գյուղացուց մթերած կաթի մշակման վրա մեծ ծախսեր են անում:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ»
15.06.2018