Քաղաքացիները մերժվում են այն դեպքերում, երբ կեղծ փաստաթղթեր կամ ապացույցներ են ներկայացվում եւ կամ առկա է առերեւույթ կոռուպցիոն ռիսկ
ՀՀ կառավարության 13. 11.2008թ. թիվ 1337-Ն որոշմամբ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով կառուցված բնակելի տները հատկացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարն իր կողմից ստեղծված հանձնաժողովի միջոցով` համապատասխան համայնքների ղեկավարների կողմից հաստատված բնակարանային պայմանների բարելավման իրավունք ունեցող երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած քաղաքացիների ցուցակների համաձայն` դրանցում ընդգրկված անձանց հերթացուցակում ընդգրկվելու չափանիշներին համապատասխանության արդյունքներով: Այդ որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի համաձայն՝ բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանները բարելավելու իրավունք ունեն ՀՀ քաղաքացիություն ունեցող եւ տվյալ բնակավայրում հաշվառված ու մշտական բնակություն հաստատած (այդ թվում` երկրաշարժից հետո աղետի գոտու այլ բնակավայրերից տվյալ բնակավայր մշտական բնակության տեղափոխված) այն անձինք ու նրանց ընտանիքի անդամները, որոնց բնակելի տները երկրաշարժի հետեւանքով քանդվել կամ 2008 թվականի դեկտեմբերի 15-ի դրությամբ բնակելի տան տեխնիկական վիճակի վերաբերյալ մասնագիտացված կազմակերպության կողմից տրված եզրակացության համաձայն ենթակա են քանդման: 11-րդ կետի համաձայն էլ, բնակարանային պայմանների բարելավման համար հաշվառվելու նպատակով համայնքի ղեկավարին ուղղված քաղաքացիների դիմումները մերժվում են, եթե ունեն սեփականության իրավունքով բնակելի տարածություն` բացառությամբ նախորդ տարիներին պետական միջոցների հաշվին առանց վարկային միջոցների ներգրավմամբ շինարարությունն սկսած անավարտ շինարարության բնակելի տների, նախորդ տարիներին իրականացված պետական աջակցության ծրագրերի շրջանակներում օգտվել են բնակարանային պայմանների բարելավման համար իրենց իրավունքից. 2004 թ. հունվարի 1-ից հետո օտարել են բնակարան (բնակելի տուն), որի հետեւանքով արհեստականորեն վատթարացրել են իրենց բնակարանային պայմանները եւ կամ՝ երկրաշարժից հետո հրաժարվել են բնակարանի (բնակելի տան) ժառանգությունից կամ ժառանգության բացման օրվանից սահմանված ժամկետում դիմում չեն ներկայացրել բնակարանի (բնակելի տան) ժառանգման իրավունքի վկայականն ստանալու համար: Իհարկե, կարող են չհամապատասխանել եւ մերժվել քաղաքացիներն այն դեպքերում, երբ կեղծ փաստաթղթեր կամ ապացույցներ են ներկայացվում եւ կամ առկա է առերեւույթ կոռուպցիոն ռիսկ:
Լոռու մարզի Լեռնապատի բնակիչ Ալվարդ Մազմանյանը որպես անօթեւան հաշվառված է համայնքի՝ աղետի հետեւանքով անօթեւան մնացած անձանց 2008թ. դեկտեմբերի 15-ի հերթացուցակում՝ 1 սենյականոց բնակարան ստանալու համար:
Հանձնաժողովի կողմից Ալվարդ Մազմանյանին շահառու ճանաչելու հարցը քննարկվել էր դեռեւս վեց տարի առաջ, արդյունքում կայացվել էր միջամտող վարչական ակտ: Ալվարդ Մազմանյանը բողոքարկել էր նշյալ ակտը, իսկ ՀՀ վարչական դատարանն էլ անվավեր է ճանաչել հանձնաժողովի կողմից Ալվարդ Մազմանյանի մասով 2012թ. դեկտեմբերի 14-ին ընդունված միջամտող վարչական ակտը: ՀՀ վարչական դատարանի վճռից հետո հարուցվել է նոր վարչական վարույթ, եւ երկու տարի հետո՝ 2014թ. դեկտեմբերի 24-ին նույն վարչական դատարանը մերժել է լեռնապատցի անօթեւանին շահառու ճանաչելը՝ պատճառաբանելով, թե չի հաստատվել այն փաստը, որ Ալվարդ Մազմանյանը մինչեւ երկրաշարժն ունեցել է բնակելի տուն:
Հանձնաժողովը նույնպես բողոքարկել էր 2016թ. ապրիլի 8-ին, որի հիման վրա հարուցվել է վարչական վարույթ, քննարկվել վարչական բողոքը, մերժվել վարչական բողոքի բավարարումը:
Ըստ Ալվարդ Մազմանյանի՝ հանձնաժողովը պարտավոր էր կազմել շահառու ճանաչելու մասին ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանի նախագիծ եւ ներկայացնել քաղաքաշինության նախարարի հաստատմանը, ինչի կատարումը մերժվել է նույն միջամտող վարչական ակտի ընդունմամբ, հետեւաբար պահանջում էր՝ դատական կարգով պարտավորեցնել հանձնաժողովին «ուղղել սխալը»:
Անձնական խնդրի պատճառով 80-ամյա լեռնապատցին կորցրել էր Լոռու մարզի Լեռնապատ գյուղում իր բնակարանը:
Դատարան ներկայացրած Հայաստանի ազգային արխիվի կողմից տրված տեղեկանքի համաձայն, Լեռնապատի 1986-1990թթ. տնտեսությունների գրքից երեւում է, որ Ա. Մազմանյանի ընտանիքը բնակվել է նշյալ հասցեում, իսկ Լեռնապատ գյուղի գյուղապետի կողմից 11.07.2013թ. տրված թիվ 300/13 եւ 21.11.2013թ. տրված թիվ 445/13 տեղեկանքների համաձայն էլ՝ «Ա. Մազմանյանը 1986 թվականից համարվել է առանձին տնտեսություն եւ բնակվում է ինքնաշեն տնակում»:
Մինչդեռ, հանձնաժողովի կողմից կայացվել է միջամտող վարչական ակտ, այն հիմքով, որ չի հաստատվել Ալվարդ Մազմանյանի կողմից մինչ երկրաշարժը բնակելի տուն ունենալու փաստը:
Ըստ հայցվորի՝ վիճարկվող վարչական ակտը ենթակա էր անվավեր ճանաչման, քանի որ որպես իրավական հիմք պետք է ընդունվեր ՀՀ կառավարության 13.11.2008թ. թիվ 1337-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ, 3-րդ, 24-րդ կետերը, եւ որ առկա չէր որեւէ հիմք Ա. Մազմանյանի մասով «միջամտող վարչական ակտ» կայացնելու համար:
Ըստ էության, հանձնաժողովի կողմից «չեն նկատվել» գործում առկա ապացույցները, ինչի արդյունքում ընդունվել է ոչ իրավաչափ վարչական ակտ:
Պատասխանող հանձնաժողովի առարկության համաձայն, Ա. Մազմանյանը չի կարող պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շահառու ճանաչվել: Ա. Մազմանյանի եւ նախկին ամուսնու փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներով հանձնաժողովը հաստատել է, nր վերջիններս երկրաշարժի հետեւանքով կորցրել են իրենց բնակելի տունը, սակայն «չի հիմնավորվել նրանց՝ առանձին տներ կորցնելու փաստը»:
«Հայցվորի փաթեթում առկա փաստաթղթերից պարզ է դարձել, որ Լեռնապատ համայնքում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած, համայնքի ղեկավարի կողմից 2008թ. դեկտեմբերի 15-ի դրությամբ հաստատված՝ բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքների ցուցակում Ալվարդ Մազմանյանին հաշվառելու, առավել եւս՝ առանձին հաշվառելու մասին որոշումը համայնքի ղեկավարի կողմից ընդունվել է ՀՀ կառավարության 2008թ. նոյեմբերի 13-ի թիվ 1337-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 3-րդ կետի եւ 11-րդ կետի 1-ին ենթակետի պահանջների խախտմամբ: Լեռնապատ համայնքի ղեկավարի կողմից Ալվարդ Մազմանյանին հերթացուցակում հաշվառելու մասին որոշումն առոչինչ է եւ ենթակա չէ կատարման»,- առարկել էր հանձնաժողովը:
Դատավոր Լիանա Հակոբյանը բավարարել է հայցը: «Առավոտի» տեղեկություններով, բողոք է բերելու երրորդ անձ ճանաչված ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեն:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ»
15.06.2018