Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հավաք անցկացնելու համար հավաքի կազմակերպիչը պարտավոր է առնվազն 7 օր առաջ իրազեկել Ստեփանակերտի քաղաքապետարանին

Հունիս 15,2018 23:45

Այսօր՝ հունիսի 15-ի առավոտյան ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը և մի քանի այլ քաղաքացիներ սոցիալական ցանցերով տարածել են հայտարարություն այն մասին, որ նույն օրը ժամը 19:00-ին փաստացի հրավիրում են հավաք Ստեփանակերտ քաղաքի Ստեփան Շահումյանի անվան պուրակում:

Նույն օրը՝ մի քանի ժամ անց, ԱՀ ոստիկանությունը տարածել է հայտարարություն՝ իրազեկելով, որ «կազմակերպվելիք հավաքները իրականացվում են «Ստեփանակերտ քաղաքում հավաքների ազատության իրականացման և պաշտպանության պայմանների կարգն ու պայմանները հաստատելու մասին» Ստեփանակերտի քաղաքապետի որոշման պահանջների խախտմամբ»: Ոստիկանությունը տվյալ իրազեկման համար հիմք է ընդունել նշված իրավական ակտի 1-ին կետը, որի համաձայն՝ «Ստեփանակերտ քաղաքում հանրային հավաք անցկացնելու համար հավաքի կազմակերպիչը հավաքի անցկացման օրվանից ոչ ուշ քան 7 օր¸ և ոչ շուտ քան 30 օր առաջ անձամբ կամ փոստով գրավոր իրազեկում է Ստեփանակերտի քաղաքապետարան»։

Նախապես հայտարարված ժամին նշված վայրում են եղել ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը և մի շարք քաղաքացիներ, որոնք փորձ են կատարել իրականացնել իրենց հայտարարած խաղաղ հավաքը: Նույն վայր է գործուղվել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակիցը, որն արձանագրել է հետևյալ փաստերը՝

  1. ԱՀ ոստիկանության աշխատակիցները միջամտություն են իրականացնել խաղաղ հավաքի իրավունքի իրացման նկատմամբ՝ հայտարարելով, որ հավաքն իրավաչափ չէ, ինչպես նաև խոչընդոտելով աուդիո սարքավորումների օգտագործումը:
  2. Ժամը 20:15-ի սահմաններում կազմակերպիչներին հաջողվել է սկսել խաղաղ հավաքը՝ առանց աուդիո սարքավորումների օգտագործման: Հավաքն այնուհետև ավարտվել է ժամը 21:00-ի սահմաններում՝ առանց լրացուցիչ միջադեպերի:

Նշված փաստերի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարում է՝

  1. ԱՀ ոստիկանության այն դիրքորոշմամբ, որ Ստեփանակերտ քաղաքում հանրային հավաք անցկացնելու համար հավաքի կազմակերպիչը պարտավոր է առնվազն 7 օր առաջ իրազեկել Ստեփանակերտի քաղաքապետարանին, մինչև հունիսի 20-ն ընկած ժամանակահատվածի համար, քաղաքացիների վրա փաստացի դրվում է այնպիսի պարտականություն, որը նրանց համար չէր կարող սահմանված ժամկետում կանխատեսելի լիներ:
  2. Հիմք ընդունելով մինչև հունիսի 20-ն ընկած ժամանակահատվածի համար առկա իրավական բացը՝ պետական իրավասու մարմիններին առաջարկում ենք Ստեփանակերտի քաղաքապետի նշված որոշման 1-ին կետով սահմանված ժամկետային սահմանափակումն այդ ժամանակահատվածի համար մեկնաբանել ողջամիտ ժամկետի տրամաբանությամբ:

3.Պետական իրավասու մարմիններին կոչ ենք անում ողջամիտ ժամկետի պահանջի կենսագործումն ապահովել համապատասխան քաղաքացիների հետ երկխոսության միջոցով:

4.Վերահաստատում ենք մեր այն դիրքորոշումը, որ անհրաժեշտ է սեղմ ժամկետում ընդունել հավաքների ազատությունը կանոնակարգող ԱՀ օրենսդրությունը։ Գոհունակությամբ արձանագրում ենք, որ հունիսի 12-ին համապատասխան օրենքի նախագիծը, «Ազգային ժողովի կանոնակարգ» ԱՀ օրենքով սահմանված կարգով, դրվել է շրջանառության մեջ և, կարծիք ստանալու նպատակով, ուղարկվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ:

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930