Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի՝ Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումը բանակցությունների ձևաչափով չի եղել: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան:
Հիշեցնենք, ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում հայտնել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իրեն ծանոթացրել է Իլհամ Ալիևի հետ:
«Կարծում եմ՝ պետք չէ շփոթել ձևաչափերը. գոյություն ունի շփում պետությունների ղեկավարների միջև, որը ենթադրում է և՛ բազմակողմ, և՛ երկկողմ շփում: Ու կա խնդիր, որն ունի լուծման իր ձևաչափը»,- ասել է Զախարովան:
Նրա խոսքով՝ բարենպաստ մթնոլորտի ստեղծումը միայն նպաստում է բանակցային գործընթացի առաջընթացին և հակամարտության լուծման կարևոր գրավական է: «Բայց ցանկանում եմ նշել, որ դրանք տարբեր ձևաչափեր են»,- ընդգծել է Զախարովան:
Անդրադառնալով արցախյան հակամարտության կարգավորմանը՝ Զախարովան ասել է, որ «Մոսկվան առավելագույն կերպով անում է ամեն բան, որպեսզի Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարգավորվի»:
«Ինչո՞ւ: Դուք դա հիանալի գիտեք: Նախ, մենք ցանկանում ենք, որպեսզի երկու ժողովուրդները, ի վերջո, կարգավորեն այդ արյունալի խնդիրը, երկրորդ, որովհետև մենք ցանկանում ենք զարգացնել Հայաստանի հարաբերություններն Ադրբեջանի հետ, և որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը զարգացնեն իրենց հարաբերությունները: Ինձ թվում է, որ մեր և Ձեր խնդիրն է մոտեցնել կարգավորման պահը, ոչ թե հեռացնել այն»,- ասել է Զախարովան՝ ի պատասխան ադրբեջանական Trend գործակալության լրագրողի սադրիչ հարցին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ