Այսօր՝ հունիսի 15-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում կայացավ ոստիկանության Իջեւանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ, Գանձաքար գյուղի 37-ամյա բնակիչ Գերասիմ Մարդանյանի դատավարության հերթական նիստը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. հոկտեմբերի 4-ին ոստիկանության Իջեւանի բաժնի շենքում խոշտանգել է Ժորա Սիմոնյանին: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 1-ին մասով («Խոշտանգումը»): Գ. Մարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Մեղադրական կողմը ներկայացնում էին ՀՀ Գլխավոր դատախազության ՀԿԳ վարչության դատախազ Վարդգես Սարգսյանը եւ Լոռու կայազորի զինվորական դատախազի տեղակալ Հայկ Մարգարյանը:Վերջինս նշանակվել է Գորիսի կայազորի զինվորական դատախազ, այսօրվա նիստին ներկա չէր, այլեւս չի մասնակցի սույն դատավարությանը;
Այսօրվա նիստում ցուցմունք տվեցին վկաներ, տուժող Ժորա Սիմոնյանի մայրը՝ Գրետա Ղալումյանը, Ժորայի եղբայրը՝ Սասուն Սիմոնյանը,Այգեհովիտ գյուղի բնակիչ Խաչիկ Ղարագեդյանը, ոստիկանության Իջեւանի բաժնի աշխատակից, 2017թ. հոկտեմբերի 4-ին այդ բաժնում հերթապահ աշխատած Արայիկ Հարությունյանը: Գ. Մարդանյանի պաշտպան Ռոբերտ Ալիխանյանը հայտարարեց, որ դատարանում Գրետա Ղալումյանի տված ցուցմունքի եւ նրա նախաքննական ցուցմունքի մեջ կան էական հակասություններ, որ Գ. Ղալումյանը նախաքննության ընթացքում չի հայտնել, որ 2017թ. հոկտեմբերի 4–ին ինքը եղել է ոստիկանության Իջեւանի բաժնի շենքի առաջ, որ նա այնտեղ տեսել է Ժորայի արյունոտ ոտքը եւ արյունոտված շալվարը, մինչդեռ նախաքննության ընթացքում տված ցուցմունքում հայտնել է, որ Ժորայի Իջեւանից տուն վերադառնալուց հետո, Այգեհովտում է իմացել նրա վնասվածքների մասին: Պաշտպան Ալիխանյանը միջնորդեց հրապարակել Գ. Ղալումյանի նախաքննության ժամանակ տված ցուցմունքը, այն հրապարակվեց:
Այգեհովտի բնակիչ Խաչիկ Ղարագեդյանը դատարանում ցուցմունք տվեց,որ լավ հարաբերություններ ունենալով Ժորա Սիմոնյանի եւ Գերասիմ Մարդանյանի ընտանիքների հետ, սեփական նախաձեռնությամբ է դիմել Ժորա Սիմոնյանի հորը՝ Գարսիկ Սիմոնյանին, որպեսզի Գերասիմ Մարդանյանի վերաբերյալ բողոքը կարճվի: Խ. Ղարագեդյանը դատավոր Զոյա Զաքինյանին դիմում էր «պարոն դատավոր» արտահայտությամբ, ինչը դահլիճում աշխուժություն առաջացրեց: Պաշտպան Ռ. Ալիխանյանը հայտարարեց, որ հատուկ քննչական ծառայությունում Խ. Ղարագեդյանի հարցաքննությունը կատարվել է օրենքի խախտումներով,քննիչը նրան հնարավորություն չի տվել պատմելու իրեն հայտնի հանգամանքները, միայն հարցեր է ուղղել վկային, ուղղորդելով վերջինիս: Պաշտպանը միջնորդեց Խ. Ղարագեդյանի նախաքննական ցուցմունքը համարել անթույլատրելի ապացույց: Դատավորը որոշեց այդ միջնորդության լուծումին անդրադառնալ վերջնական դատական ակտ կայացնելու ժամանակ, խորհրդակցական սենյակում:
Վկա Սասուն Սիմոնյանի ցուցմունքում գերակշռում էր «չեմ հիշում» արտահայտությունը: Դատավոր Զոյա Զաքինյանը նրան հարցրեց, թե ինչո՞վ է պայմանավորված նրա հիշողության կորուստը, սակայն հարցին սպառիչ պատասխան չտրվեց: Մեղադրող Վարդգես Սարգսյանը միջնորդեց հրապարակել Սասուն Սիմոնյանի նախաքննական ցուցմունքը,դատավորը հայտարարեց,որ վկան դատարանում պարզապես չի հիշում,դատարանում նրա ցուցմունքի եւ նախաքննական ցուցմունքի մեջ էական հակասություն չկա եւ մերժեց միջնորդությունը:
Ոստիկանության Իջեւանի բաժնի աշխատող Արայիկ Հարությունյանը ցուցմունք տվեց, որ 2017թ. հոկտեմբերի 4-ին ինքն է եղել ոստիկանության Իջեւանի բաժնի հերթապահը, երբ բաժին բերման են ենթարկվել եղբայրներ Վահրամ եւ Ժորա Սիմոնյանները:Նա ասաց, որ ինքը բաժնի շենքից Ժորայի դուրս գալու ժամանակ նրա արտաքին տեսքի վնասվածքներ չի տեսել,նրա վարքի մեջ արտառոց ոչինչ չի նկատել, սահմանված կարգի համաձայն Ժորային հարցրել է, թե նա բժշկական օգնության կարիք ունի՞, վերջինս բացասական է պատասխանել եւ ստորագրել է համապատասխան փաստաթղթի տակ:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց հուլիսի 24-ին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ