Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինը դեռևս կարող է խնդիրներ ստեղծել նոր Հայաստանի համար՝ ԼՂ խնդրի հարցում. «Ամերիկայի ձայն»

Հունիս 15,2018 23:03

Այս շաբաթ արևմտյան մամուլում լույս տեսան մի շարք հրապարակումներ Հայաստանի ու հայության վերաբերյալ: «Ամերիկայի Ձայն»-ն անդրադառնում է դրանց:

Washington Post թերթը հունիսի 14-ին հրապարակել է հայտնի հայազգի լրագրող Դեյվիդ Իգնատիուսի խմբագրականը՝ նվիրված Հայաստանում թավշյա հեղափոխությանն ու դրան հաջորդած զարգացումներին: Հեղինակի կարծիքով հայաստանյան հեղափոխությունը կարող է ազդարարել աշխարհում ժողովրդավարության և բարեփոխումների վերելքի նոր մի շրջան՝ հաշվի առնելով վերջին տարիներին դրանց գլոբալ նահանջը: Սակայն հոդվածագիրն ընդգծում է, որ ժամանակը աշխատում է ի վնաս Հայաստանի նոր իշխանությունների, որոնք իրենց առաջնահերթությունն են համարում կոռուպցիայի դեմ պայքարն ու ժողովրդավարական բարեփոխումները: Ըստ հեղինակի, առկա են հակազդման ինչպես արտաքին, այնպես էլ ներքին վտանգներ:

Իգնատիուսի կարծիքով Հայաստանի հեղափոխությունն անհավատալի մի հրաշք էր՝ հաշվի առնելով նախկին իշխանությունների կապը Մոսկվայի հետ: Չնայած Մոսկվայի աջակցությանը նախկին իշխանություններին, ըստ հեղինակի, այն չխոչընդոտեց Փաշինյանի իշխանության գալուն, քանի որ վերջինս բացառել էր աշխարհաքաղաքական օրակարգը հեղափոխության ընթացքում: Սակայն, ըստ Իգնատիուսի, Ռուսաստանի նախագահ Պուտինը դեռևս կարող է խնդիրներ ստեղծել նոր Հայաստանի համար, հատկապես ղարաբաղյան հակամարտության հարցում, և Ռուսաստանի հանդուրժողական մոտեցումը հայաստանյան բարեփոխումներին կարող է ունենալ իր գինը:

Իսկ հունիսի 13-ին Agency France Press (AFP) գործակալությունը հրապարակել է «Հայաստանի վարչապետը կպայքարի կաշառակերության դեմ Facebook-ի միջոցով» հոդվածը՝ հիմնված վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ֆրանսիական մի շարք լրատվամիջոցներին տված հարցազրույցի վրա: Արևմտյան տարբեր լրատվամիջոցներում արտատպված այս հրապարակումը մեջբերում է վարչապետ Փաշինյանի խոսքերը, ուր վերջինս ընդգծում է իր վճռականությունը կաշառակերության դեմ պայքարում և այդ ճանապարհին սոցիալական ցանցերի օգտագործման կարևորությունը: Որևէ դատավոր, ով կաշառք է վերցնում, կարող է հրապարակայնորեն խայտառակության ենթարկվել նրա անունը համացանցում հանրայնացնելու միջոցով, մեջբերում է հրապարակումը վարչապետի խոսքերը:

Իր հերթին «Լոս Անջելես Թայմս» թերթն անդրադարձել է վերջերս Կալիֆոռնիայի հայաշատ Գլենդել քաղաքի խորհրդի որոշմանը քաղաքի փողոցներից մեկը Արցախի փողոց վերանվանելու մասին ու այս հարցի շուրջ ընթացող զարգացումներին: Թերթը նշում է, որ նախկինում հայաշատ այս քաղաքում որևէ փողոց չի կրել հայկական ծագում ունեցող անվանում: Քաղաքային խորհրդի որոշման կայացմանը նախորդել էին շաբաթներ տևած քննարկումներ և բանավեճեր Գլենդելի բնակիչների, գործարար հատվածի ու տեղի հայ կազմակերպությունների միջև: Թերթը տեղեկացնում է, որ փողոցի վերանվանմանը զուգահեռ քաղաքային խորհուրդը նախատեսում է 131 հազար ԱՄՆ դոլար տրամադրել այս փողոցում գործող 131 մասնավոր ընկերություններին, որոնցից յուրաքանչյուրը կստանա 1000-ական ԱՄՆ դոլար՝ հասցեի փոփոխության հետ կապված ծախսերը հոգալու համար:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ամերիկայի ձայն»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930