Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ավինյանը քաղաքաշինության կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել Կոմիտեի նորանշանակ նախագահին

Հունիս 15,2018 19:00

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հունիսի 15-ին այցելել է ՀՀ քաղաքաշինության կոմիտե և աշխատակազմին ներկայացրել Կոմիտեի նորանշանակ նախագահ Ավետիք Էլոյանին:

Փոխվարչապետ Ավինյանը շնորհակալություն է հայտնել քաղաքաշինական գերատեսչությունը շուրջ հինգ տարի ղեկավարած Նարեկ Սարգսյանին՝ կատարած աշխատանքի, քաղաքաշինության ոլորտում իր ներդրման համար՝ կարևորելով քաղաքաշինության Կոմիտեի դերի և նշանակության վերագնահատումը: Քաղաքաշինության կոմիտեն, իմ կարծիքով, պիտի ունենա մի փոքր ավելի ընդլայնված լծակներ, որպեսզի այն, ինչ տեղի է ունեցել նախկինում՝ քաղաքական որոշումներով պայմանավորված, այլևս տեղի չունենա և ճարտարապետական համայնքն ու Կոմիտեն հստակ դիրքորոշում ունենան բոլոր շինարարական խոշոր նախաձեռնությունների վերաբերյալ,- նշել է նա:

Քաղաքաշինության կոմիտեի նորանշանակ նախագահ Ավետիք էլոյանը շնորհակալություն է հայտնել փոխվարչապետ Ավինյանին՝ վստահության, իսկ Կոմիտեի արդեն նախկին նախագահ Նարեկ Սարգսյանին՝ մասնագիտական խորհրդատվության համար՝ հույս հայտնելով, որ այն շարունակական կլինի:

Նա համառոտ ներկայացրել է իր կենսագրությունը՝ 1998 թվականին ավարտել է ճարտարապետական ԲՈւՀ-ը և մասնագիտական աշխատանքային գործունեության անցել ճարտարապետ Հրաչ Պողոսյանի արվեստանոցում ապա՝ 2002-ին, կյանքի բերումով Հայաստանից ողջ ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ, ուր և շարունակել է նախագծող ճարտարապետի իր գործունեությունը:

Ավինյանի գնահատմամբ Ավետիք Էլոյանի նշանակումն այն եզակիներից էր, որը միայն դրական է ընդունվել հասարակության կողմից:

Փոխվարչապետի այս միտքը հաստատել է նաև Նարեկ Սարգսյանը՝ հիշեցնելով, որ դեռ մեկ շաբաթ առաջ Կոմիտեի աշխատակազմի հետ հրաժեշտի հանդիպման ժամանակ անդրադառնալով քաղաքաշինական ոլորտի պետական ինստիտուտներում իր 20-ամյա գործունեությանը, կարևորել է սերնդափոխության միջոցով նոր մտածելակերպի անհրաժեշտությունը: Ես ասացի՝ շատ կուզեմ, որ երիտասարդ, ավյունով մարդ գա: Այն ժամանակ մենք չգիտեինք, թե ով կնշանակվի: Հիմա ուրախ եմ երկու բանի համար` առաջինը, որ վերջապես, ավանդույթը շարունակական է դառնում և կրկին մեզ մոտ նշանակվում է մասնագետ-ճարտարապետ: Այսինքն, սա նոր սկզբի մասին է խոսում, քանի որ մինչ այդ եղել էին քաղաքական նշանակումներ, և ոչ մասնագիտական: Երկրորդը` լավ է, որ մասնագիտական շրջանակները, կոլեկտիվը Էլոյանների ողջ ընտանիքին է ճանաչում` նրա հայրը մեծ լումա ունի հատկապես այս գերատեսչությունում և քաղաքաշինության մասին ՀՀ օրենքի մեջ, իսկ մայրը հայտնի է ճարտարապետության տեսության ոլորտում իր ավանդով:

Ավետիք Էլոյանին ճանաչում եմ դեռ ուսանողական տարիներից. պրոֆեսիոնալ, պարկեշտ և մտավորական ընտանիքից է: Կասկած չունեմ, որ սա շատ կարևոր և դրական նշանակում է: Շնորհակալ եմ Ձեզ, որ մեր ոլորտում մարդ է նշանակվում, և որ բոլորը բավարարված են այդ նշանակումից:

Երկրորդ` ճանաչելով Կոմիտեի նորանշանակ նախագահի պրոֆեսիոնալ և մարդկային ունակությունները, վստահ եմ, թիմը, որ այստեղ կա, իսկ այստեղ հիմնականում պրոֆեսիոնալ մարդիկ են, որտեղ ամեն մեկն իր ոլորտում փորձառու է, միանշանակ, նոր հաջողություններ, քայլ առաջ պիտի արձանագրեն:

Նա կրկին շնորհավորել է Ավետիք Էլոյանին՝ վստահեցնելով, որ և՛ ինքը, արդեն որպես ազատ, պրոֆեսիոնալ ճարտարապետ, և՛ ճարտարապետական ողջ հանրությունը՝ նոր-նոր ձևավորվող Ճարտարապետների պալատը, ճարտարապետական և շինարարական զույգ ԲՈւՀ-երը կհամագործակցեն և կաջակցեն Կոմիտեի նոր ղեկավարին՝ արձանագրելով լուրջ արդյունքներ:

Փոխվարչապետ Ավինյանը վերստին շնորհավորել է Ավ. Էլոյանին, համոզմունք հայտնելով, որ բոլոր դրական սպասումները նա կարդարացնի:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930