Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Վճռաբեկ դատարանի որոշմամբ կալանքից ազատ արձակվեց ԼՂ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը:
Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Սամվել Բաբայանը հարցին՝ Արցախ չե՞ք մեկնելու, պատասխանեց, որ նման տրամադրվածություն հիմա չունի: Դիտարկմանը՝ ասում են, կմեկնեք Արցախ եւ այնտեղ հեղափոխություն կանեք՝ Բաբայանը պատասխանեց. «Նրանք, ովքեր ասում են մամուլում, նրանք, ովքեր ՀՀ քաղաքական դաշտում աշխատում են, մեծ մասը արդեն վաղուց թոշակառու են, պետք է թոշակի գնան, սրա-նրա անունը տալով՝ չմնան դաշտի մեջ, պետք է երիտասարդները գան, սա՝ մեկ: Երկրորդը՝ իմ Արցախ գնալը կախված է ՀՀ իշխանությունների որոշումից: Եթե Հայաստանի հասարակությունը որոշի, որ ես այնտեղ պիտի լինեմ, ուրեմն ես կլինեմ»: Նա վստահեցրեց, որ ներկա պահին նման մտադրություն ինքը չունի:
Բաբայանի խոսքով՝ եթե գիտեն, թե ամեն մեկը կարող է նման պատասխանատվություն վերցնել իր վրա, ուրեմն ապուշ են, Ղարաբաղում այսօր իրավիճակը վտանգավոր է. «Թողեք մինչեւ 2020 թիվը Ղարաբաղը խաղաղ ապրի, շատ վտանգավոր է»:
Լրագրողները ճշտեցին՝ ճի՞շտ է, որ հեղափոխության օրերին՝ ապրիլին իշխանությունները ձեզ հետ կապ են հաստատել ու առաջարկել, որ հորդորեք ցրել հավաքվածներին՝ դրա դիմաց ձեզ ազատ կարձակեն՝ Սամվել Բաբայանը պատասխանեց. «Բոլոր նրանք, ովքեր հայտարարություն պետք է տարածեին, պետք է հայտարարեին, որ ժողովուրդը հանդարտվի, ես մերժել եմ, բոլորը գիտեն»:
Թե ո՞վ էր նման առաջարկ արել՝ Բաբայանը պատասխանեց. «Եկել էր հենց ձեր ասած անձը՝ իրա անունից խոսելու, ով է՝ թողենք հետագային»:
Սամվել Բաբայանն ասաց, որ հեղափոխությունը բոլորի համար է՝ ստրկությունից ազատվելու:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ