Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրեն Արսեն Ալեքսանյանը, որը մեղադրվում է պաշտոնական կեղծիք կատարելու, ինչպես նաև մի խումբ այլ անձանց հետ առանձնապես խոշոր չափերով, խարդախության եղանակով գումար հափշտակելու մեջ (ՀՀ Քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ի մասի և 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով), այսօր գրավի դիմաց ազատ է արձակվել։
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը փոխել է նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։ Այս մասին Aravot.am-ը տեղեկացավ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանից։
«Պետությանը պատճառված վնասը՝ 11 միլիոն 315 հազար 949 ՀՀ դրամը վերականգված է, նա տվել է խոստովանական ցուցմունք ու այսօր խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է գրավով»,- ասաց դատախազը։
ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն էլ․ «Նախնական քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2014-2018 թվականներին «Գյումրու թիվ 40 հիմնական դպրոց» ՊՈԱ կազմակերպության և տնտեսվարողների միջև տարբեր ժամանակահատվածներում կնքվել են շուրջ 15.481.173 ՀՀ դրամ գումարի սննդամթերքի մատակարարման պայմանագրեր: Պարզվել է, որ կազմվել են բովանդակությամբ կեղծ արձանագրություններ և ակտեր, որոնցում ակնհայտ կեղծ տեղեկություններ են ներառվել ինչպես ստացված ծանրոցների քանակի, այնպես էլ՝ այդ ծանրոցներում սննդամթերքի տեսակի, չափի և սննդի օգտագործման հետ կապված պարագաների վերաբերյալ: Արդյունքում՝ 697-780 ՀՀ դրամ արժողությամբ սննդի ծանրոցների փոխարեն, փաստացի դպրոց մատակարարվել և երեխաներին բաշխվել են մոտ 200 ՀՀ դրամ արժողությամբ սննդի ծանրոցներ, իսկ պայմանագրով նախատեսված գումարի մնացած մասը՝ 11.315.949 ՀՀ դրամը, խաբեության հափշտակվել է»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ