Կառավարության նիստից հետո տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը պատասխանելով հարցին, թե Կոտայքի մարզպետը հորդորել է Հրազդանի քաղաքապետին դիմում գրել, պաշտոնից ազատվել, ասաց, որ ինքը չի կարծում, որ Կոտայքի մարզպետն իրեն նման բան է թույլ տվել: Այն դիտարկմանը, թե մարզպետը չի հերքել, որ ինքը հորդորել է՝ ասելով նոր իրողություններ են, պարոն Պապիկյանն ասաց, որ ինքն այդ մասին առաջին անգամ է լսում: Հարցին՝ հիմա լսեցիք՝ ի՞նչ պետք է անեք, դուք էլ իրեն եք հորդորելու, որ չմիջամտի տեղական ինքնակառավարման մարմնի գործունեությանը, Սուրեն Պապիկյանն ի պատասխան ասաց, որ տեղական ինքնակառավարման մարմինները ժողովրդի կողմից ընտրված մարմիններ են եւ միջամտելու իրավասություն չունեն:
Սուրեն Պապիկյանը պատասխանեց նաեւ մարզպետարաններում «կադրային ջարդի» մասին, ասելով, որ խոսքը հայեցողական պաշտոնների մասին է: Իսկ մյուս պաշտոնների մասով օրինակներ պահանջեց: Դիտարկմանը, թե տեղեկություններ կան, որ Շիրակի մարզպետն ասել է՝ մարզպետարանի պահակից սկսած մինչեւ փոխմարզպետ փոխելու եմ, պարոն Պապիկյանն արձագանքեց.
«Չի կարող նման բան լինել, այնտեղ կան հայեցողական պաշտոններ, որը մարզպետն իր հայեցողությամբ կարող է փոխել»:
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ