Aravot.am-ն այսօր ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեց, թե ինչու է ԲՈՀ-ի նախկին ղեկավար Լիլիթ Արզումանյանն իր՝ պաշտոնից ազատման մասին տեղեկացել կառավարության gov.am կայքից:
Ի պատասխան պարոն Հարությունյանն ասաց, որ ինքը Լիլիթ Արզումանյանի հետ հանդիպել է, սակայն ազատվելուց հետո. «Ճիշտ է ասում եւ դա որոշակի տեխնիկական խնդիրների հետ կապված է եղել: Որովհետեւ այնտեղ ժամկետներ կար, երբ այդ փոփոխությունները պետք է տեղի ունենար: Ես Լիլիթ Արզումանյանի հետ հանդիպել եմ, կարծես թե, իրավիճակը հարթված է, եւ, ես նրա հետ նաեւ կիրակի օրն եմ հանդիպելու»:
Հարցին էլ, թե ԲՈՀ-ի նոր ղեկավարի անձի հետ կապված քննադատություններ են հնչում, պարոն Հարությունյանը պատասխանեց՝ «Ինչո՞ւ միանշանակ չի ընդունվել, փայլուն գիտնական ազատ մարդ, մեր մաթեմատիկայի ոլորտում հսկայական ներդրում արած: Եթե նկարների հետ կապված եք ասում, ապա, նա տարիքով բավականին փոքր է եւ ֆեյսբուքում հայտնվել է պատանեկության տարիներին: Եվ, եթե մարդ պատանեկության տարիներին ինչ-ինչ նկարներ է արել՝ մի քիչ լկստված, մի քիչ չգիտեմ ինչ ձեւի, կարող է բոլորս էլ ունենանք այդպիսի նկարներ: Եկեք դրա վրա չհիմնվենք, հիմնվենք մարդու գործունեության վրա»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ