Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Փողոցներում տանկեր, արյուն չկա, Հանրապետության հրապարակում երգում պարում էին. սա լուր չի դառնում, դրա համար էլ ԱՄՆ-ում մարդիկ տեղյակ չէին ձեր հեղափոխությունից». Բիլ Շրիբման

Հունիս 15,2018 16:49

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունիսի 15-16-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը «Թվապատում 2018»-ի շրջանակներում լրագրողներին, ուսանողներին, ակտիվիստներին, ուսուցիչներին, դասախոսներին, մեդիասպառողներին հնարավորություն է տալիս խոսել ժամանակակից մեդիայի նոր հնարավորությունների ու մարտահրավերների, ինչպես նաև թվային իրողությունում լսարանի հետ հաղորդակցության մասին:

«Հանրայի՞ն, թե՞ Հանրային» խորագրով քննարկման ժամանակ Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը վստահեցրեց՝ Հանրայինում տեղի են ունենում լուրջ և խորքային փոփոխություններ:

Պարոն Գրիգորյանը մինչ իր ելույթն արձանագրեց, որ լսարանի մեծ մասն արդեն ներկա չէ, բայց մյուս կողմից էլ նշեց, թե մնացել են մեդիագրագիտությամբ հետաքրքրվողները: Պարոն Գրիգորյանը շեշտադրեց՝ մենք պետք է սովորենք հասկանալ՝ հանրային նշանակում է բոլորին պատկանող. «Լինել հանրային լրատվամիջոց, նշանակում է լինել մի լրատվամիջոց, որը բոլորինն է՝ Երևանում, Երևանից դուրս, երեխաներինը և մեծերին, կանանցը և տղամարդկանցը: Իսկ լրագրողների կողմից անհրաժեշտ է յուրահատուկ մոտեցում՝ հավասարակշռված լուսաբանում, որի խնդիրը մեզ՝լրագրողներիս մոտ կա: Այս խնդիրները պահանջում են մասնագիտական, լրագրողական լուծումներ: Պետք է բարձրացնել լրագրողական ինքնագիտակցությունը, որ մարդիկ հասկանան՝ իրենք ունեն մասնագիտություն»:

Մարկ Գրիգորյանը պատմեց, որ իրեն շատերն են դիմում աշխատանքի համար, մեկն էլ դիմել է՝ ասելով, գիտես՝ եղբորս աղջիկը լավ երեխա է՝ 32 տարեկան, ուզում եմ՝ մի գործ տաս, ռադիոյում աշխատի: Հարցրի՝ ինքն ի՞նչ է մասնագիտությամբ, պատասխանեց, թե ավարտել է ռոմանագերմանական ֆակուլտետը, ընդունվել իրավաբանական ու շատ լավ երեխա է. «Ասում եմ՝ լավ մարդ լինելը ռադիոյում չի օգնում: Ռադիոյին պետք են մասնագետներ: Այդ հասկացողությունը դեռ չունենք հանրության մեջ»:

Ըստ Մարկ Գրիգորյանի՝ թավշյա հեղափոխությունն ամբողջ իրավիճակը փոխեց, քանի որ այն առավելությունը, որ ունեին ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող ԶԼՄ-ները, սկսեց երևալ. «Իրենք ունեն վիդեո հնարավորություններ, ինտերնետի միջոցով կառավարում: Իրենք ճիշտ ուղու վրա են: Մենք այդ խնդիրն ունենք, որն անմիջապես լուծելու կարիք ունի, աշխարհն այդ ուղղությամբ է շարժվում»:

Պարոն Գրիգորյանը հասարակության պահպանողական մտածելակերպի արդյունք համարեց այն, որ շատ հաճախ իրեն հարցնում են՝ ե՞րբ եք պատի ռադիոն վերականգնելու. «Ունենք երկու Հայաստան. Մի Հայաստանն այսօր այստեղ է, մյուս Հայաստանն էլ այն է, որ գիտի ֆեյսբուքի մասին, բայց չի ինտեգրվել՝ ասում է՝ ես բիձա մարդ եմ: Ռադիոյի նպատակներից մեկն այս երկու Հայաստանների միջև կապ ստեղծելն է»:

Մեդիադաշտում գոյություն ունեցող մարտահրավերների մասին խոսեց ԱՄՆ-ի, WGBH TV (PBS ցանցի հեռարձակող), գլխավոր պրոդյուսեր Բիլ Շրիբմանը: Aravot.am-ի հարցին՝ տեխնոլոգիական զարգացումը լրատվամիջոցներին ի՞նչ հնարավորություններ է տալիս և ի՞նչ մարտահրավերների առաջ կանգնեցնում, պարոն Շրիբմանը պատասխանեց. «Տեխնոլոգիական զարգացման առավելությունն այն է, որ կա մեծ հնարավորություն տեղեկատվություն ստանալու, բայց նաև դժվարություն՝ հասկանալ՝ որն է իրական տեղեկատվությունը, որը կեղծը և ոչ հավաստին: Ի վերջո, մենք ինքներս ենք որոշում՝ ինչ լսել ու ինչ տեղեկատվություն տարածել: Այսպես ենք մենք ապրում: Մյուս մարտահրավերն այն է, որ շատ դեպքերում, նույնիսկ, եթե դու գիտես, որ դա սուտ է, դու տարածում ես այդ տեղեկատվությունը, քանի որ դա դուր է քեզ գալիս»:

Հարցին՝ ուղիղ եթերները լրագրության համար մարտահրավեր չե՞ն, երբ հանրությունը ծանոթանում է իրադարձությանը պատկերի միջոցով միանգամից, հետևաբար ավելի ուշ հրապարակվող տեքստը հնարավո՞ր է հանրությանը չհետաքրքրի, Բիլ Շրիբմանը պատասխանեց. «ԱՄՆ-ում մարդիկ հիմնականում տեսանյութեր են տարածում սևամորթների և ոստիկանության միջև վիճաբանությունների վերաբերյալ: Բայց մենք իրականում չենք տեսնում այդ ամենի մյուս կողմը: Իսկ լրագրության գործն էլ հենց դա է: Ոստիկաններն էլ են այժմ տեսախցիկներ պահում և նկարում են այն, ինչ տեսնում են»:

Հետաքրքրվեցինք՝ տեղյա՞կ եք՝ մեր երկրում տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն, ի՞նչ եք կարծում հետհեղափոխական շրջանում լրատվամիջոցների համար նոր հնարավորություններ բացվո՞ւմ են: Գլխավոր պրոդյուսերը պատասխանեց. «Ես շատ ուրախ եմ, որ ձեր երկրում տեղի է ունեցել հեղափոխություն, հատկապես, որ այն եղել է խաղաղ: Իհարկե, այն որ խաղաղ էր, լրագրողական տեսանկյունից չակերտավոր ասած լավ չէ, նյութ չկար: Փողոցներում տանկեր չկան, չկա արյուն, բոլորը պարում էին քաղաքում, Հանրապետության հրապարակում երգում էին: Սա լուր չի դառնում: Դա է պատճառը, որ ես, երբ ԱՄՆ-ից գալիս էի Հայաստան, ում ասացի, որ Հայաստանում հեղափոխություն է տեղի ունեցել, ոչ ոք տեղյակ չէր: Մարդիկ խորացած են Թրամփի քաղաքականության, օրինակ՝ այս կամ այն դպրոցում զինված հարձակման, հեղինակությունների թեմաների մեջ: Այ, եթե օրինակ, Քիմ Քարդաշյանը խոսեր իր կյանքի մասին Հայաստանում, միգուցե մարդիկ իմանային: Իսկ լրատվամիջոցները հետհեղափոխական շրջանում էլ պետք է անեն այն, ինչ անում էին միշտ. հարցեր տան, քննադատեն կառավարության անդամներին, ինչպես նախկինում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930