ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր որոշ մանրամասներ հրապարակեց «ԱՅԲ» հիմնադրամում կատարված աուդիտի արդյունքներից: Ասաց, որ 666 միլիոնից շուրջ 280 միլիոնը չի ծախսվել, եւ հետագայում ձեւակերպվել է, որպես այս տարվա կանխավճար. «Այս տարվա գումարը շարունակում է նույնը մնալ, այս բոլոր տնավարության գործունեության արդյունքում, ես հանձնարարական եմ տվել, որ ուսումնասիրվեն 2015 թվականից սկսված այդ վճարումները, որոնք սկսել են արվել, որպեսզի տեսնենք գումարների փոխատեղումներն ինչպես են լինում եւ խումբ կձեւավորվի, որ արդյունքները մոնիտորինգի ենթարկվի»:
Տեղեկացնենք, որ «Այբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Մեսրոպ քահանա Արամյանը երեկ հրապարակել էր հետեւյալ հաղորդագրությունը. «Նորանշանակ ԿԳ նախարարի կողմից «Այբ»-ի և Արարատյան բակալավրիատի (ԱԲ) մասին կատարված հակասական արտահայտությունները և անհամաչափ հարձակումները դարձել են հասարակության լայն քննարկման առարկա և վերածվել «Այբ» դպրոցի ու «Այբ» հիմնադրամի գործունեության անվճար գովազդի: Ամեն ինչ սկսվեց պետբյուջեից ինչ-ինչ էլիտար դպրոցների և ինչ-որ հոգևորականների կատարված հատկացումներից, աուդիտից, աուդիտը չսկսած` աուդիտի արդյունքները հայտարարելուց, հետո էլ պարզվեց աուդիտ չէ, այլ` ուսումնասիրություն: Հիմա, քանի դեռ աչքներս ջուր կտրած սպասում ենք ուսումնասիրության արդյունքներին, ԿԳ նախարարը շարունակ կրկնում է իր չհիմնավորված և բացարձակ պնդումները նվաստիս և ԱԲ-ի հասցրած վնասների մասին` մեր հասարակությանը պարգևելով հակաքննադատական մտածողության և անհանդուրժողականության վառ օրինակներից մեկը: Իսկ ինչու եմ ես ԱԲ-ով հանդերձ այդքան անհանգստություն պատճառում կրթության նորանշանակ պատասխանատուներին, փորձենք հասկանալ:
ԱԲ-ը «վտանգավոր» կամ «վնասակար» է, որովհետև այն համակարգային լուծում է մի կրթական համակարգի համար, որը չունի համակարգային լուծում: Այն որակ է մի կրթական համակարգի համար, որն անկախության տարիների ընթացքում ի վիճակի չեղավ ստեղծելու որակ խթանող և բարձր մտածողական հմտություններ ձևավորող կրթական ծրագիր: ԱԲ-ը ուժեղ պետություն և մրցունակ քաղաքացի կերտելու համար է մի երկրում, ուր այդպես էլ չձևավորվեցին բարձր որակներ ձևավորելու ազգային տեսլական և դրան հետամուտ պետական ծառայողի մշակույթ: ԱԲ-ը լավագույն կրթության հնարավորություն է բոլորի համար, եթե մենք հավասարությունը հասկանում ենք որպես լավագույնի հավասար հնարավորություն: ԱԲ-ը միջազգայնորեն մրցունակ կրթական ծրագիր է, որը հիմնված է սեփական ինքնության գիտակցման և ազգային արժեքների վրա` ապահովելով գիտելիքի և հմտությունների ձևավորման արժեքային հիմքը: ԱԲ-ի նպատակը ձևավորելն է 21-րդ դարի հայ քաղաքացիներ, որոնք հաղորդ են սեփական ինքնության ակունքներին և պատրաստ են ծառայելու սեփական երկրին: Ահա այսպիսի «վտանգներ» և «վնասներ» է հասցնում ԱԲ-ը մեր կրթական համակարգին:
Անհիմն պնդումների և աղաղակող բացահայտումների խոստման օղակը սեղմվում է, և մեղադրանքների մետամորֆորզներն ավելի ու ավելի զավեշտական են դառնում: Խոստացել էին հոլիվուդյան գեղարվեստական ֆիլմ, բայց վավերագրական ռեպորտաժ էլ չի ստացվում: Ոչ ավել-ոչ պակաս հայտարարվում է, որ նախագահական բարձունքներից ճնշել են ԿԳ նախարարության վրա, սահմանափակել են նախարարության գործառույթները: Նախարարասիրության ինչպիսի՛ վառ դրսևորում: Ինչպիսի՛ թասիբ և նամուս: Ինչպիսի՛ իշխանական ինքնազմայլանք: Մարդիկ մոռանում են, որ պաշտոնյա նշանակում է ծառայող, այլ ոչ թե իշխան: Մենք ընդամենը աշխատել և ծառայել ենք նրանց փոխարեն` նրանց հրավիրելով ծառայելու, ստեղծել ենք նրանց փոխարեն` հավատալով, որ պետությունը մենք բոլորս ենք և ազգին ծառայելը բոլորիս պարտականությունն է: Հետո մենք ի՞նչն ենք պաշտպանում և ջատագովում: Ճահճացած համակա՞րգը, թե՞ ժողովրդին: Նախ ձեր ճահիճը չորացրեք և ինքներդ ձեզ խեղդվելու վտանգից ազատեք, հետո փորձեք մարդկանց ազատել:
Խնդիրներն անձնավորելը բովանդակային խոսակցությունից խուսափողների վերջին հույսն ու հանգրվանն է: Բավական է ասել` «Ահա՛ չարիքը և մեր բոլոր դժբախտությունների պատճառը. նա՛ է մեղավորը, որ մենք ոչինչ չստեղծեցինք», և գայթակղեցնելու ենք բովանդակությունից անտեղյակ և դատապարտելու պատրաստ մի ստվար զանգված: Նախ` պետության հետ աշխատելը չարիք համարելն արժեզրկում է պետության գաղափարը և անհույս դարձնում պետության խոստումներին վստահելը: «Նախորդներն անխտիր չարիք են» կեղծ թեզը հարց է առաջացնում. իսկ ո՞րն է ձեր ստեղծած բարիքը: Եթե դու ոչինչ չես ստեղծել, դու ըստ էության չունես ստեղծածը գնահատելու կարողություն և չափանիշ: Հայաստանում չկա միջազգայնորեն ճանաչված հայալեզու այլ ծրագիր` բացի ԱԲ-ից: Այսպիսի ծրագրի ստեղծումը տևելու է տարիներ և պահանջելու է հսկայական միջոցներ: Երկրորդ` պետական պաշտոնյան պետք է անաչառ լինի: Անձնավորված անհիմն խոսակցությունը և պետական դիրքի չարաշահումը ականապատ դաշտ են նրա համար:
Մի անգամ Ավետիք Իսահակյանին ասում են. «Վարպե՛տ, այսինչ մեկն անընդհատ չարախոսում է ձեր մասին»: Իսահակյանը պատասխանում է. «Զարմանալի է, ես նրան երբեք լավություն չեմ արել»: Վարպետի հետ ես էլ եմ զարմանում և առավել քան զարմանում, որովհետև ներկայիս ԿԳ նախարարին ոչ միայն լավություն չեմ արել, այլև բարեբախտաբար ծանոթ չեմ անգամ: Քանի որ անձնական թշնամանքի ենթատեքստ փնտրողներին էլ վերջնականապես հիասթափեցրի, մնում է մի բան` մեր բազմիցս առաջարկած երկխոսության հնարավորությունն օգտագործել: Մենախոսությունները եւ միակողմանի հարձակումները փակուղի են:
Հակված չեմ մտածելու, որ ԱԲ-ի շուրջ ստեղծված այս անդուր տեսարանը հաճելի է կառավարության բոլոր անդամներին: Հատկապես խոսքս ուղղում եմ ՀՀ վարչապետին. տեղյա՞կ է նա այս ամենին և կիսո՞ւմ է ԿԳ նախարարի այսօրինակ կեցվածքը: Եթե ոչ, ժամն է որոշում կայացնելու: Եթե կասեցվում է ԱԲ-ի մուտքը դպրոցներ և այս սեպտեմբերից նախատեսված 14 մարզային դպրոցները չեն սկսում ԱԲ-ի ծրագիրը, ապա կոպտորեն ոտնահարվում է հազարավոր երեխաների կրթության իրավունքը և արժեզրկվում են պետության կողմից կրթությունը բարելավելու բոլոր խոստումները»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Միջակութիւնը երբ իշխանութիւն կ’ունենայ, կը դառնայ բարիի եւ կատարեալի ամենամեծ դշնամին : Այս նորանշանակ նախարարը որ երազի մէջ անգամ չեր կրնար երազել այդ պաշտոնը մինչեւ երկու ամիս առաջ, մեծ բարդոյդներով կը տառապի եւ կը գործէ բոլշեւիկ կոմիսարների նման