2017թ.-ին ՀՀ պետական կառույցների ձեռքբերումները՝ գնումները, կազմել են 178 միլիարդ դրամ: Այս մասին այսօր «Մեդիա կենտրոն»-ում լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» հ/կ նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը:
Նրա փոխանցմամբ՝ մոնիթորինգի արդյունքները վկայում են, որ այդ թվից 7,8 միլիարդ դրամի գնումները բաժին են ընկնում Երեւանի քաղաքապետարանին:
Իսկ ամենամեծ թիվը՝ 75 միլիարդ դրամ, ՀՀ առողջապահության նախարարությանն է պատկանում: «Ընդ որում, ամենախոշոր ձեռքբերումը՝ 1,3 միլիարդ դրամի չափով, նախարարությունը կատարել է «Ինգո Արմենիա» ընկերությունից: Պարզ է, թե այդ ժամանակ ով էր առողջապահության նախարարը՝ Լեւոն Ալթունյանը: Այստեղ օրենսդրական խնդիր չկա, բայց կոռուպցիոն հարցեր կարող են լինել»,-համոզմունք հայտնեց Արտակ Մանուկյանը:
Հիշեցնենք, որ նախկին նախարար Լեւոն Ալթունյանը «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրենն է:
Արտակ Մանուկյանը նաեւ տեղեկացրեց, որ որոշ կազմակերպություններից ապրանքատեսակների ձեռքբերման ոլորտում եւս կոռուպցիոն ռիսկեր կան. որոշ դեպքերում, օրինակ, պետական կառույցներին շաքարավազը մատակարարվել է մեկ կգ-ի դիմաց 500 դրամով:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ