Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վալերի Օսիպյանը՝ շրջիկ տեսանկարահանող սարքերի մասին

Հունիս 15,2018 16:04

Ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր կառավարության նիստում ասաց, որ իրենք առաջարկում են ոչ թե սահմանափակել շարժական տեխնիկական միջոցների կիրառումը, այլ դրանց օգտագործման մասին հանրային իրազեկվածություն ապահովող կարգավորումը:

Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ քաղաքացիները գիտեն 3 տիպի շարժական սարքերի մասին. «Պետավտոտեսչության մեքենաների մեջ տեղադրվածները, ժամանակ առ ժամանակ հանրությունում խուճապային լուրեր են հայտվում, որ ինչ-որ մեքենաներ են բերել, որոնցում տեղադրել են խախտումները ֆիքսող սարքեր, եւ ոստիկանների համազգեստի վրա տեղադրվածները»: Նա հետաքրքրվեց, թե որ դեպքերին է խոսքը վերաբերում:

Պարոն Օսիպյանի խոսքով 2-ին` մեքենաները հատուկ կահավորված են լինելու տարբերանշանով, որը վարորդներին թույլ կտա նախապես տեսնել, եւ այդ հատվածներում նախազգուշացնող ցուցանակներ կլինեն:

«Հակասությունների մեջ ենք մտնում` մի կողմից ասում ենք՝ մարդկանց քիչ տուգանեն, մյուս կողմից ասում ենք՝ ավելացնենք շրջիկ մեքենաները: Կարծում եմ այստեղ պրոբլեմ ունենք»,-ասաց վարչապետը:
Նրա կարծիքով, ոստիկանական համազգեստին ամրացված տեսախցիկների մասով նույնպես խնդիր կա, թեեւ հիմնավորումներում գրված է, որ դրանք ակնհայտ երեւում են, բայց բարձրացված հարցերը լուրջ լեգիտիմություն ունեն, ընդհանուր ձեւակերպումների խնդիր կա:

Նիկոլ Փաշինյանի հարցին, թե շրջիկ մեքենաները հիմա գործո՞ւմ են, թե՞ ոչ, եւ ի՞նչ երաշխիք կա, որ ոստիկանը նախազգուշացնում է, որ տեսանկարահանում է, ոստիկանապետն ի պատասխան ասաց, որ Փաշինյանի հանձնարարականն ուսումնասիրվում է եւ շուտով օրինագիծ կներկայացնեն, բայց այդ արագաչափերը, տեսանկարահանող սարքերն ունեն զսպվածության էֆեկտ. «Ոստիկանը պարտավոր է տեղեկացնել քաղաքացուն տեսագրման մասին, եւ դեպք կա, որ ծառայողական քննություն է իրականացվում, քանի որ տեսագրման մեջ բացակայում է ոստիկանի զգուշացումը»:

Ոստիկանապետն ասաց, որ, եթե տեսագրության մեջ չկա նախազգուշացում, դա քաղաքացու դեմ չի կարող օգտագործվել:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ոստիկանապետին հարցրեց, թե քաղաքացին կարո՞ղ է հրաժարվել տեսանկարահանումից: Պարոն Օսիպյանը պատասխանեց, որ իր ցանկությամբ կարող է հրաժարվել, բայց ելնելով իրավիճակից, ոստիկանը կարող է շարունակել: Արդարադատության նախարարը գտնում էր, որ շրջիկ մեքենաները պետք է ապահովված լինեն առկայծող փարոսիկով:

«Ես ներողություն եմ խնդրում, բայց մեր մտքերի ընթացքն ինձ դուր չի գալիս, անկեղծ ասած: Մենք քաղաքական խնդիր ենք ձեւակերպել, որ պետք է դադարենք քաղաքացիներին ամեն տեղ բռնել, տուգանելու քաղաքականությունը, հիմա դուք քննարկում եք` մենք ավելի շատ փարոսիկո՞վ տուգանենք, թե՞ առանց փարոսիկի: Սա լավ տրամաբանություն չի»,- միջամտեց վարչապետը: Նրա խոսքով, քաղաքական տրամաբանությունը պետք է ընդունել ի գիտություն և հակասող գործողություններ չանել: Ն.Փաշինյանը նշեց, որ այս ամեն ինչը տեղի չի ունեցել, որ մենք «պուճուր քայելով վերադառնանք հին տրամաբանությանը»:

Ըստ վարչապետի պետք չէ շտապել եւ խնդրին պետք է տալ փաթեթային լուծում. «Պետք է դադարեցնենք քաղաքացիների հետեւից ընկել, որովհետեւ դա հավելյալ հարկ է քաղաքացիների վրա: Ճանապարհների որակով լուծեք երթևեկության անվտանգության խնդիրը, որ մարդը ստիպված չլինի ճանապարհի կենտրոնում անդունդի հանդիպի, որ պտտի, թռնի ձորը»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930