«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» հ/կ նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանն այսօր «Մեդիա կենտրոն»-ում լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց 2017թ.-ին պետական գնումների համակարգի մշտադիտարկման արդյունքները, որոնցում ներկայացված են նաեւ պաշտոնյաների եւ պետական կառույցների գործուղումների թվերը:
Ըստ այդմ, առաջատար է Վաչե Գաբրիելյանը՝ 44 գործուղմամբ (2017թ.-ին՝ ՀՀ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, փոխվարչապետ): Նրան հետեւում է Հայկ Արզումանի Հարությունյանը(2017թ.-ին էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ), ապա՝ Վահան Մարտիրոսյանը(2017թ.-ին՝ ՀՀ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար), Աշոտ Մանուկյանը(2017թ.-ին՝ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար), Զարմինե Զեյթունցյանը(2017թ.-ին` զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ):
«Առհասարակ, գործուղումների կեսը՝ թվով 219-ը, բաժին է ընկնում Տնտեսական զարգացումներ եւ ներդրումների նախարարությանը, Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, Արտակարգ իրավիճակների, Էներգետիկայի եւ բնական պաշարների, Գյուղատնտեսության նախարարությանը»,-տեղեկացրեց Արտակ Մանուկյանը:
Նրա բնորոշմամբ՝ հանրության համար ակնկալելի է, որ արտաքին դիվանագիտական եւ տնտեսական կապերով զբաղվող մարմիները, մասնավորապես՝ Արտգործնախարարությունն է առավել ակտիվ գործուղումների հարցում, սակայն իրականում այդպես չէ:
Արտակ Մանուկյանի փոխանցմամբ՝ հաշվարկել են նաեւ պետական մարմինների գնումները. ըստ այդմ, ձեռքբերումների մեծ մասն իրականացրել է Պաշտպանության նախարարությունը՝ 336, Արտգործնախարարությունը՝ 80, Պետական ազգային Ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ 49, ԵՊՀ-ն՝ 42, ՀՀ ոստիկանությունը՝ 40, Պետական ռուսական դրամատիկական թատրոնը՝ 37, եւ ՊԵԿ-ը՝ 34 միլիոն դրամի չափով:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ