Քիչ առաջ «Սասնա ծռերի» գործով դատավոր Արշակ Վարդանյանի որոշմամբ փոխվեց ամբաստանյալ Հովհաննես Հարությունյանի խափանման միջոց կալանքը եւ նա ազատ արձակվեց նիստերի դահլիճից: Մինչ այդ որոշումը դատավորը հրապարակել էր ավելի վաղ իրականացված դատաբժշկական փորձաքննության արդյունքներն առ այն, որ Հովհաննես Հարությունյանը հիվանդանոցային բուժման կարիք ունի:
Նրան ազատ արձակելու միջնորդությունը ներկայացնելիս այսօր պաշտպան Հայարփի Սարգսյանը նշել էր, որ Հովհաննես Հարությունյանի համար անձնական երաշխավորագիր են ստորագրել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը եւ Վահե Էնֆիաջյանը: Մեղադրող-դատախազներն այդ փաստի դեմ առարկություններ չներկայացրին:
Հավելենք, որ մինչեւ «Իմ քայլը» ժողովրդական շարժումը Հարությունյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը ներկայացվել էր մի քանի անգամ եւ մերժվել: Պաշտպանը քանիցս շեշտել էր, որ կալանքը համատեղելի չէ առողջական վիճակի հետ, քանի որ ՊՊԾ գնդի գրավման օրերին ոստիկանների հետ փոխհրաձգության ժամանակ վիրավորում ստանալու պատճառով Հարությունյանը մի շարք առողջական խնդիրներ ուներ:
Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանը, ինչպես եւ զինված խմբի մյուս անդամները, մեղադրվում է ապօրինի զենք պահելու, շենք-շինություններ զավթելու, պատանդառության համար: Նրանցից մի մասը վերջերս ազատվել է կալանքից:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ