Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են շատ ավելի լավ տեմպերով, քան ընդունված է կանխատեսել մամուլում. Նիկոլ Փաշինյան

Հունիս 15,2018 15:18

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն ասել է. «Գիշերը մենք վերադարձանք Մոսկվայից, որտեղ գտնվում էի աշխատանքային այցով: Ուզում եմ ասել, որ արդյունավետ այց ունեցանք և կարող ենք արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են դինամիկ և շատ ավելի լավ տեմպերով, քան ընդունված է կանխատեսել հայկական և ոչ միայն հայկական մամուլում: Կարող ենք արձանագրել, որ մեր հարաբերություններում խնդիրներ չկան և անհրաժեշտ է աշխատել, որպեսզի այն տնտեսական ներուժը, որ ունենք, լիարժեք իրացվի: Իհարկե, այցի արդյունքներով մենք բազմաթիվ նախարարների հետ զրույցներ կունենանք և կլինեն կոնկրետ հանձնարարականներ: Այս պահին ուզում եմ արձանագրել, որ կառավարությունը և առընթեր մարմինները պետք է լրջորեն աշխատեն, որպեսզի կարողանանք մրգի և բանջարեղենի արտահանման ողջ պոտենցիալը լիարժեք օգտագործել, որովհետև Ռուսաստանի շուկան դրա կարիքն ունի: Նաև Ռուսաստանում հույս ունեն, որ մենք լիարժեք մատակարարումները կկարողանանք իրականացնել: Ակնկալում եմ, որ որոշ կառուցվածքային փոփոխությունները, որոնք կապված են օրենսդրության հետ, որևէ նեգատիվ ազդեցություն չեն ունենա այս գործընթացի վրա»:

 Վարչապետը Ոստիկանապետից պահանջել է չմեծացնել քաղաքացիներին տուգանելու հնարավորությունները

 Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել այն սահմանված կարգով ներկայացնել ՀՀ Ազգային ժողով: Ակնկալվում է, որ նախագծի ընդունմամբ կհստակեցվի ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ, ինչպես նաև 3341 հոդվածների դիսպոզիցիան՝ այդպիսով ապահովելով իրավական որոշակիությունը, բացառելով տարակարծիք մեկնաբանությունները, չարաշահումներն ու հակասական իրավակիրառ պրակտիկան, նպաստելով արդարադատության դեմ ուղղված հանցագործությունների ոլորտում պետության քրեական քաղաքականության առավել արդյունավետ իրականացմանը:

Հաջորդ որոշմամբ կառավարությունը մասնակի հավանություն է տվել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկությանը, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով: Նկատի ունենալով, որ ՀՀ ԱԺ պատգամավորների կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված նախագծերի փաթեթն ուղղված է տրամադրված լիցենզիաների, ինչպես նաև դրանց կասեցման (դադարեցման) հետ կապված համակարգային իրավակարգավորումների փոփոխմանը՝ ՀՀ կառավարությունն առաջարկում է ներկայացված նախագծերով քննարկվող գործող օրենքների հոդվածները թողնել անփոփոխ՝ հաշվի առնելով ներկայացված օրենքների նախագծերի և դրանց ընդունման հիմնավորման վերաբերյալ մի շարք հանգամանքներ: Մասնավորապես, առաջարկվում է մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ իրականացնելու իրավունք ունեցող անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց և տրանսպորտի բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող մյուս սուբյեկտներին ազատել պետական տուրքի չվճարման համար տույժ վճարելու պարտականու­թյու­նից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ օրենքի նախագծին ծանոթանալիս երկակի զգացողություններ կան: «Մի կողմից՝ առաջարկվում է տուրքի չվճարման համար ընդհանրապես տույժ չնշանակել: Մյուս կողմից՝ առաջարկվում է ինչ-որ դեպքերում տուգանքի չափերը կրկնապատկել: Այս հակասություններով հանդերձ՝ ես չհասկացա, թե ինչ խնդիր է փորձ արվում լուծել այս նախագծով»,- նշել է նա:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը պարզաբանել է, որ նախագծով առաջարկվում է տույժերը ներելով՝ վարորդներին օգնել վճարել գոնե տուգանքները, բայց նախագիծը համապատասխան կարգավորումներ չի տալիս: Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանն էլ նկատել է, որ այս ոլորտում առկա է անհավասար դաշտ՝ օնլայն տաքսի ծառայությունների և անհատ տաքսու վարորդների մասով: «Արձանագրենք, որ այսպիսի խնդիր կա, և դրա լուծման տարբերակ առաջարկենք, այդ թվում՝ ԱԺ պատգամավորների հետ համագործակցելով: Կարծում եմ՝ պետք է փորձենք այդ սովորական դարձած տրամաբանությունից դուրս գալ, երբ խորհրդարանական ընդդիմադիր ուժերը նախագծեր են առաջարկում ու մեր առաջին արձագանքը լինում է մերժողական: Պետք է գնահատենք և թոթափենք անիմաստ պարտքերը, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան մի զրոյական կետից սկսել իրենց հետագա աշխատանքի շարունակությունը»,- առաջարկել է Նիկոլ Փաշինյանը:

Նիստում հավանության է արժանացել նաև «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետու­թյան օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կա­­ռա­­վա­րու­թյան առաջարկությունը, որը սահմանված կար­գով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով: Ըստ օրենքի նախագծի հեղինակ ՀՀ ԱԺ պատգամավորների՝ ճանապարհային ոստիկանության ծառայողները ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելիս չեն ապահովում «Ոստիկանության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված` շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով ոչ գաղտնի վերահսկողության մասին ոստիկանության ծառայողի կողմից բանավոր նախազգուշացնելու սահմանված պահանջը և «փաստորեն խախտման փաստի արձանագրումը տեղի է ունենում առանց սուբյեկտի համաձայնության», ինչը չի բխում «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 16-րդ հոդվածի պահանջներից: ՀՀ կառավարությունն առաջարկում է ներկայացված նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ՝ հաշվի առնելով ներկայացված օրենքի նախագծի և դրա ընդունման հիմնավորման վերաբերյալ մի շարք հանգամանքներ և միևնույն ժամանակ իր պատրաստակամությունն է հայտնում համագործակցել օրենսդրական նախաձեռնության հեղինակների հետ՝ հիմնավորման մեջ նշված խնդրի բավարար կարգավորման ուղղությամբ: Վարչապետ Փաշինյանը հետաքրքրվել է, թե որ շարժական տեսանկարահանող սարքերի մասին է խոսքը՝ ընդգծելով, որ կան 3 տեսակի՝ պետավտոտեսչության ավտոմեքենաների մեջ տեղադրվող, ոստիկանների համազգեստների վրա օգտագործվող տեսախցիկներ և իրավախախտումներ արձանագրող տեսանկարահանող սարքերով ավտոմեքենաները: Վալերիյ Օսիպյանը նշել է, որ կարգավորումները վերաբերում են այսպես կոչված խախտումներ արձանագրող շրջիկ մեքենաներում տեղադրված տեսախցիկներին, սակայն այդ ավտոմեքենաները կահավորված են լինելու տարբերանշաններով:

Վարչապետը նկատել է, որ այս հարցում հակասություններ են ի հայտ գալիս: «Մի կողմից ասում ենք մարդկանց քիչ տուգանենք, մյուս կողմից ասում ենք՝ բերենք այդ շրջիկ մեքենաներն էլ ավելացնենք, որ շատ տուգանենք: Մենք քաղաքական խնդիր ենք ձևակերպել, որ պետք է դադարենք քաղաքացիներին ամեն տեղ տուգանելու քաղաքականությունից, հիմա դուք քննարկում եք, թե ավելի շատ ինչպես տուգանենք: Ոչ, չեն լինելու այդ շարժական տեսանկարահանող մեքենաները, դադարեցնենք քաղաքացիների հետևից ընկնելու քաղաքականությունը: Գուցե նախազգուշացումների համակարգ ներդնենք, խնդրում եմ, պահանջում եմ, հրահանգում եմ, հրամայում եմ չմեծացնել քաղաքացիներին տուգանելու առիթներն ու հնարավորությունները»,- ասել է վարչապետը:

Պատասխանելով Նիկոլ Փաշինյանի հարցին՝ ոստիկանապետը տեղեկացրել է, որ շարժական արագաչափերն այս պահին չեն գործում: Վալերիյ Օսիպյանը նշել է, որ կառավարության ղեկավարի հանձնարարականի համաձայն շուտով կներկայացվեն տուգանքների չափերը նվազեցնելու առաջարկություններ: «Չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել, բայց տուգանքներն էապես նվազելու են»,- ասել է Օսիպյանը:

Հաշվի առնելով օրենսդրական սահմանափակումները՝ նախագծերի ընդունման ժամկետների հետ կապված, ներկայացված նախագծին տրվել է հավանություն, սակայն վարչապետը հանձնարարել է շարժական արագաչափերի գործունեություն չիրականացնել և խնդրին հետագայում անդրադառնալ ու տալ փաթեթային լուծում:

Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել Շրջանառության հարկի շեմը 2019 թվականի հունվարի 1-ից անփոփոխ՝ 115 մլն դրամ թողնելու Ազգային ժողովի պատգամավորների ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը: Հարկային օրենսգրքի փոփոխություններով 2019 թ.-ի հունվարի 1-ից նախատեսված է շրջանառության հարկի շեմը 115 մլն դրամից դարձնել 58.35 մլն դրամ: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը կբերի բյուջեի եկամուտների նվազեցման: Նախագծի ընդունման հետևանքով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները կարող են նվազել մոտ 11 մլրդ դրամով: «Առաջարկվում է այս նախագիծը որոշակի տրամաբանությամբ և հիմնավորմամբ, սակայն մեր վերաբերմունքը հետևյալն է, որ այն իր մեջ որոշակի առումով հակադրություններ է պարունակում կառավարության ծրագրային դրույթներից մեկի հետ, դա ստվերի դեմ պայքարն է: Նախագծի ընդունումը կարող է հակադրվել ստվերային շրջանառությունների դեմ պայքարի շրջանակներում իրականացվող քաղաքականությանը։ Նախագծի ընդունումը կարող է ստեղծել գործունեության անհավասար պայմաններ և միջազգային փորձով չհիմնավորված տնտեսական իրավիճակ»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ տնտեսվարող սուբյեկտները շարունակում են ակն­հայտորեն թեր­հայ­տա­րա­րագրել իրենց իրացման շրջանառությունները՝ անգամ շրջա­նառության հարկի շեմին մոտե­նալու և շեմը գերազանցելու որևէ ռիսկ չունենալու պարա­գայում: «Առաջարկում ենք ձեռնպահ մնալ այս փոփոխությունից և հունվարի մեկից շրջանառության հարկը սահմանել 58.35 մլն դրամ»,- ասել է Ֆինանսների նախարարը:

ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի պարտականությունները կկատարի արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանը

Մեկ այլ որոշմամբ գործադիրը հաստատել է բյուջեների կատարման կարգը, սահմանել, որ ՀՀ օրենսդրության համաձայն՝ գանձապետական համակարգում ներառված իրավաբանական անձանց, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից ՀՀ-ին տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցներ շրջանառող ծրագրի իրականացման գրասենյակների (անկախ դրանց կազմակերպաիրավական տեսակից), հաշիվներից կատարվող վճարումների նկատմամբ նախնական հսկողությունն իրականացվում է 2019 թ. հունվարի 1-ից և ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության մի շարք որոշումներ: Նախագծի նպատակն է՝ բյուջեների կատարման հետ առնչվող բոլոր գործընթացները ներկայացնել մեկ իրավական ակտով։ Արդյունքում ակնկալվում է հանրային ֆինանսները նպատակային, խնայողաբար և արդյունավետ օգտագործելու նպատակով պետության, համայնքների, ինչպես նաև գանձապետարանում հաշիվներ ունեցող իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպությունների նկատմամբ նախնական հսկողություն իրականացում, վերջիններիս հաշիվներում առկա դրամական միջոցների շրջանառման գործընթացների, ինչպես նաև այդ գործընթացների իրականացման նկատմամբ ֆինանսական կարգապահության ապահովում, բյուջեների կատարման մասնակիցների գործառույթների պարզեցում և վճարային համակարգերի օգտագործման, ֆինանսական և մարդկային ռեսուրսների օպտիմալացում։

Ընդունված մեկ այլ որոշմամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանի ներկայացուցչի պարտականությունները կկատարի արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանը: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշել է, որ սա ժամանակավոր նշանակում է: Ըստ նրա, այժմ մշակվում է համապատասխան օրինագիծ, ըստ որի՝ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը նշանակվելու է վարչապետի կողմից՝ արդարադատության նախարարի առաջարկությամբ:

Գործադրի որոշմամբ Ավետիք Էլոյանը նշանակվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահ: Կառավարության մեկ այլ որոշմամբ Աղվան Հովսեփյանն ազատվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930