Menu.am-ը թափանցիկ ընկերություն է, որտեղ աշխատում են մոտ 100 աշխատակից և 250 առաքիչ: Մեր հետ աշխատող մոտ 500 ռեստորանները մեր հետ գործունեության արդյունքում լրացուցիչ 1000 աշխատատեղ են ստեղծել: Մենք վճարում ենք մոտ 15 մլն հարկ ամսական, իսկ մեր հետ աշխատող առաքիչները՝ ևս 5 մլն: Մենք ունենք մոտ 200 հզ ակտիվ հաճախորդ Հայաստանում:
Այսօր Կառավարությունն իր 23-րդ որոշմամբ որոշեց անփոփոխ թողնել հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքի այն տխմարագույն դրույթը, որ առաքված ուտելիքը պիտի լրացուցիչ 16,67%-ով հարկվի: Դա նշանակում է, որ ռեստորանների համար menu.am-ի հետ աշխատանքը դառնալու է վնասաբեր և ընդհանրապես, թափանցիկ դաշտում առաքումներ անելը մնալու է վնասաբեր: Դուք կհարցնեք, թե ինչո՞ւ են ռեստորաններն այժմ աշխատում մեր հետ. հուլիսի 1-ից առաքման և տեղում վաճառվող սննդի հարկերի հավասարեցման մասին Հարկային օրենսգրքի փոփոխությունը, որն այսօր չեղարկվեց, թույլ էր տալիս մեզ համոզել ռեստորաններին «դիմանալ, քանի որ օրենքը փոխվում էր դեպի լավը»: Որպեսզի շատ հստակ լինի, որևէ հարկային բեռի փոփոխություն հենց Menu.am-ի մասով չի եղել և չէր էլ լինելու, մենք մեր հարկերը վճարել ենք ու կվճարենք. բոլոր փոփոխությունները վերաբերում են ռեստորանների հարկման ռեժիմին և մեր պայքարը առաքվող և տեղում սպառվող ուտելիքների անհավասար հարկային ռեժիմները չեղարկելուն է վերաբերվել:
Ես չեմ փորձում շանտաժի ենթարկել Կառավարությանը, բայց այս պահին մենք որևէ այլ ելք չենք տեսնում, քան պատրաստվել «կատաղի» դիմադրության» հանրային սննդի առաքման շուկան մահացու հարկային բեռից ազատելու համար: Մեր իրավաբանները կուսումնասիրեն հնարավոր բոլոր սցենարները և եթե պարզվի, որ մենք ունենք միայն ստվեր տեղափոխվելու սցենարը, ապա մենք կդադարեցնենք մեր գործունեությունը Հայաստանում և գրասենյակը կտեղափոխենք մեր գործունեության այլ երկիր: Մենք չենք պատրաստվում ստորանալ (կամ ստվերանալ) այնքան, որ հարկեր թաքցնելով բիզնես անենք մեր երկրում:
Հ.Գ. Մենք շուտով մամլո ասուլիս ենք հրավիրելու այս առթիվ, որպեսզի ավելի մանրամասն բացատրենք մեր տեսակետը և դեռևս Կարեն Կարապետյանի կառավարությանը նախորդող հակաժողովրդական կառավարության կողմից մտածված թունավոր օրենքների իրական իմաստը:
Վահան ՔԵՐՈԲՅԱՆ
«Մենյու» (menu.am) ընկերության հիմնադիր
Լրացում. Իր այս գրառումից որոշ ժամանակ անց Վահան Քերոբյանն ուղիղ եթերում ասաց, թե Հարկային օրենսգրքի փոփոխությունների մասին Կառավարության որոշումը «սխալ եմ հասկացել, ինչի համար ներողություն եմ խնդրում կառավարությունից և վարչապետ Նիկոլ Փաշինյանից»: Menu.am-ի հիմնադիրը նշեց. «Մի քանի անգամ Կառավարության նիստը նայելուց և դրա մասին կարդալուց ինձ մոտ տպավորություն էր ստեղծվել, որ Կառավարությունը չեղարկում է հուլիսի 1-ից «Հարկային օրենսգրքում» նախատեսվող փոփոխությունները, ըստ որոնց՝ դրսում և ներսում վաճառվող սնունդը պետք է նույն կերպ հարկվի, այսինքն՝ գործեին նախկինում եղած դրույթները, ըստ որոնց՝ առաքվող սնունդը պետք է 20 տոկոսով ավելի հարկվեր, քան ներսում վաճառվողը»:
Ըստ նրա՝ գրառումից հետո նախարարներ և ավելի բարձր պաշտոնյաներ, կապվել են իր հետ և փորձել են հասկանալ, թե որն է իր մտավախությունը. «Հիմա ես պետք է ներողություն խնդրեմ Կառավարությունից և Նիկոլ Փաշինյանից, որ թյուրըմբռնում է տեղի ունեցել: Կառավարության այսօրվա կայացրած որոշումն իրականում վերաբերել է նրան, որ մերժվել է մի քանի պատգամավորների առաջարկը, որպեսզի չեղարկվի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող որոշումը»: Վահան Քերոբյանն ասաց. «Ես այսպիսի արձագանք կերազեի տեսնել նախորդ կառավարության գործունեության ընթացքում: Ուստի շատ մեծ շնորհակալություն եմ հայտնում բացատրության համար»:
https://www.facebook.com/vahankerobyan/videos/2087499337959260/