2015 թվականի նոյեմբերին Նորք-Մարաշում ձերբակալված «զինված» խմբի գործով արդեն 2,5 տարի կալանքի տակ գտնվող «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը, Էդվարդ Ներսիսյանը` «Ապար», եւ Վահագն Սալնազարյանը հավանաբար երկուշաբթի ազատ կարձակվեն: Այսօր կայացած դատական նիստում ներկայացված միջնորդություններից հետո, դատավորը գնաց խորհրդակցական սենյակ: Վճիռը կհրապարակի երկուշաբթի օրը` հունիսի 18-ին, 11.00-ին:
Հիշեցնենք, Գառնիկ Մարգարյանի համար պատգամավորներ են երաշխավորել: Էդվարդ Ներսիսյանի եւ Վահագն Սալնազարյանի համար պաշտպաններն են միջնորդություն ներկայացրել:
Այս երեք դեպքերով դատախազն էլ առարկություն չունի:
Իսկ նույն գործով կալանավորված պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի կալանքը փոխելու միջնորդության մասով պաշտպանն ասաց`այսօր քննարկման ենթակա չէ:
Մանրամասները`տեսանյութում
Վահան Շիրխանյանի պաշտպանը`Հայկ Ալումյանը նիստին ներկա չէր: Նրան Գիվի Հովհաննիսյանն էր փոխարինում: Դատախազն ասում է` ներկայացված միջնորդությունը պատշաճ չէ: Պաշտպանը կներկայանա, հաջորդ նիստում պատշաճ միջնորդություն կներկայացնի`կքննարկեն: Գիվի Հովհանիսյանն առարկեց`Վահան Շիրխանյանի առողջական խնդիրների մասին քանիցս է ասվել դատարանի դահլիճում: Դատախազը հակադարձեց`Հայկ Ալումյանն այս ընթացքում միշտ դեմ է եղել «փոխարինող պաշտպանների» գործունեությանը, բացի այդ, նաեւ միջնորդությունը պատշաճ ներկայացված չէ:
Նիստին ներկա Վահան Շիրխանյանի կինը տեղից բղավեց`Հայկ Ալումյանը ժամը 14.00-ին գալու է: Կարգադրիչը փորձեց սաստել նրան: Կինը չդիմացավ, հրեց կկարգադրիչի ձեռքը: Դատավորը նրան դուրս հրավիրեց նիստերի դահլիճից: «Վախկոտներ, ամեն ինչից վախենում եք»,- բղավելով՝ Վահան Շիրխանյանի կինը դուրս եկավ նիստերի դահլիճից:
Ավելի ուշ, արդեն դատարանի շենքի մոտ, նա իր վրդովմունքը փոխանցեց դատավորին:
Մանրամասները`տեսանյութում
Հաջորդ նիստը կկայանա հունիսի 18-ին, 11. 00-ին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ