Լրահոս
Օրվա լրահոսը

Ձու արտադրող փոքր ընկերությունների ղեկավարները հանդիպել են ՏՄՊՊՀ նախագահի հետ. ներկայացվել են դաշտի խնդիրները

Հունիս 15,2018 14:10

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովին են դիմել ձվի արտադրությամբ զբաղվող մեկ տասնյակից ավելի փոքր և միջին ընկերությունների ղեկավարներ՝ դժգոհելով ձվի իրացման շուկայում ստեղծված իրավիճակից: Այսօր Հանձնաժողովը հրավիրել էր բաց քննարկում՝ լսելու արտադրողների մտահոգությունները և վերջիններիս հետ քննարկելու խնդիրը: Քննարկման ժամանակ արտադրողները տեղեկացրեցին, որ խոշոր արտադրողները շուկայում ձուն վաճառում են ինքնարժեքից ցածր գնով, ինչի պատճառով համեմատաբար փոքր ընկերությունները մեծ վնասներն են կրում ՝ կանգնելով շուկայից դուրս մնալու վտանգի առաջ: Ըստ Գյումրիում գործունեություն իրականացնող «Ձեզ համար» ՍՊԸ տնօրեն Համբարձում Մաթևոսյանի, իրացման շղթայում խանութները հիմնականում ուղղակիորեն չեն համագործակցում իրենց հետ: Նրանք աշխատում են միջնորդավորված՝ վերավաճառողների միջոցով, որոնք իրենցից ձուն գնում են միջինում 25-30 դրամով, վերավաճառում են խանութներին և արդյունքում այն վերջնական սպառողին է հասնում 40 – 60 դրամով; ՍՊԸ տնօրենի խոսքերով,  իրենց թռչնաֆաբրիկաներում առկա է հազարից առավելագույնը տաս հազար թռչուն, ինչը նշանակում է, որ իրենք արտադրական ծավալներով տասնյակ անգամ զիջում են խոշոր արտադրողներին: «Արամուս» ՍՊԸ տնօրեն Հրայր Ասլանյանի խոսքերով, իրենց հաշվարկներով ձվի ինքնարժեքը արտադրողների մոտ կազմում է 41-42 դրամ: Հետևապես նրանք չեն կարող վաճառք իրականացնել 25 դրամով, ինչը ըստ արտադրողի այսօր փաստացի կատարվում է: Երազգավորս գյուղում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատեր Սուրեն Գրեյանն էլ հարց է բարձրացնում ձվի մակնշման հետ կապված, ինչը ևս կարող է անհավասար պայմաններ ստեղծել դաշտում: Ըստ արտադրողի, խոշոր ընկերությունների մոտ շատ հաճախ տեղի է ունենում արտադրական ծավալների ավելցուկ, պահանջարկով պայմանավորված՝ վերջիններս ստիպված պահեստավորում են իրենց արտադրանքը, ապա այն որոշ ժամանակ անց հանում են շուկա՝ տվյալ օրվա մակնշումով: Ըստ արտադրողների տեսակետի, պետք է նաև լիմիտավորվի ձվի արտադրության կամ ներկրման ծավալները: Հանձնաժողովում տեղի ունեցած քննարկման ժամանակ, նրանք առաջարկեցին, որպեսզի որոշակի ծավալներից ավելի արտադրելու կամ ներկրելու պարագայում կիրառվի ավելի բարձր հարկային շեմ, ինչն իրենց կարծիքով դաշտում որոշակի կանոնակարգում կմտցնի:

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը նշեց, որ թեև դաշտը մրցակցային է, սակայն կան խոշոր ընկերություններ, որոնց գործունեության նկատմամբ, ինչպես նաև արտադրանքն իրացնող խոշոր առևտրային կետերի նկատմամբ իրականացվում է որոշակի վերահսկողություն և կան օրենքով սահմանված որոշակի սահմանափակումներ: Հանձնաժողովը լայնածավալ ուսումնասիրություն կսկսի՝ ներառելով ողջ շղթան՝ փաստաթղթաշրջանառությունից մինչև գնագոյացում և իրացման շուկա: Մանրամասն կուսումնասիրվեն արտադրողների կողմից ներկայացված խնդիրները և օրենսդրական խախտումները փաստող հանգամանքների առկայության դեպքում Հանձնաժողովի կողմից կկիրառվեն համապատասխան միջոցներ:

Ա. Շաբոյանը նշեց նաև, որ եթե ուսումնասիրության ընթացքում պարզվեն, որ, ասենք, իսկապես առկա են մակնշման հետ կապված, կամ ինչպես արտադրողներն են պնդում հարկային դաշտում գտնվող խնդիրներ, ապա Հանձնաժողովը կհամագործակցի Հարկային մարմնի, ինչպես նաև Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հետ՝ խնդրի լիարժեք կարգավորմանը հասնելու նպատակով:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930