Նորք-Մարաշում ձերբակալված «զինված խմբի» գործով կալանավորված Էդվարդ Ներսիսյանը`«Ապարը», հենց ձերբակալման օրը`2015 թվականի նոյեմբերի 11-ին, ՀՀ պաշտպանության նախարարության կողմից պարգեւատրվել է «Անդրանիկ Օզանյան» մեդալով: Այդ մասին այսօր «զինված խմբի» գործով դատական նիստի ժամանակ հայտարարեց նրա պաշտպանը: Մեդալի մասին պաշտպանն իմացել է մեկ շաբաթ առաջ: «Տիգրան Մեծ» ջոկատի տղաներն են պաշտպանին փոխանցել իրենց զինակից ընկերոջ պարգեւի մասին:
Էդվարդ Ներսիսյանի պաշտպանն այսօր դատարանում պարգեւը փոխանցեց: Դատարանի դահլիճը պայթեց ծափերից: Ուրախ էին նաեւ դատավորն ու դատախազը: Էդվարդ Ներսիսյանը պարգեւատրվել է հայրենի սահմանների պաշտպանության համար:
Էդվարդ Ներսիսյանի պաշտպանը նաեւ միջնորդություն ներկայացրեց`իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու մասին: Դատախազը չառարկեց: Ասում է՝ նա բացի առողջական խնդիրներից, նաեւ օրինակելի վարք է դրսեւորել: Ի դեպ, երկու շաբաթ առաջ դատախազն առարկել էր Էդվարդ Ներսիսյանի կալանքը փոխելու միջնորդության դեմ: Այսօր ասում է`այն ժամանակ առողջական վիճակի մասին պատշաճ փաստաթղթեր չկային: Փորձաքննություն պետք է լիներ, ինչ-ինչ պատճառներով չի եղել, բայց հիմա, ըստ դատախազի, «ակնհայտ է նրա վատառողջ լինելը»:
Էդվարդ Ներսիսյանն էլ հայտարարեց, որ ինքը երբեք որեւէ վատ բան չի արել ու չի ցանկացել անել:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ