Հայաստանում մոտ 150 մանկապարտեզ կօգտվեն Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի գործընկերության (E5P) հատկացրած 5 միլիոն եվրո դրամաշնորհից, որի ամենամեծ ներդրողը Եվրոպական Միությունն է: Ծրագիրն համատեղ կարգով իրականացվում է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ), Երևանի քաղաքապետարանի, Կանաչ կլիմայի հիմնադրամի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից: Դրամաշնորհը լրացուցիչ աջակցություն է ցուցաբերում ԵՆԲ-ի 7 միլիոն եվրոյի չափով վարկային պայմանագրին, որը ստորագրվել է 2017թ.-ին:
Ծրագրի շրջանակում ամբողջությամբ կվերանորոգվեն 29 մանկապարտեզ, մինչդեռ 118-ը կօգտվեն մասնակի վերանորոգումից, որը ներառում է էներգետիկ արդյունավետությանն ուղղված միջոցառումներ: Սա ավելի անվտանգ և հարմարավետ միջավայր կձևավորի շուրջ 34.500 մարդու, այդ թվում՝ սաների, դաստիարակների և անձնակազմի անդամների համար: Սա կնպաստի կլիմայի փոփոխության մեղմացմանը և կկրճատի Երևանի քաղաքապետարանի էներգետիկ ծախսերը 1.1 միլիոն եվրոյի չափով:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին հայտարարեց. «ԵՄ-ն մշտապես աջակցել և շարունակելու է աջակցել Հայաստանում էներգաարդյունավետության միջոցառումներին, այդ թվում՝ «Քաղաքապետերի դաշնագրին» միացած 21 քաղաքապետարաններին և ավելի քան 6000 տնային տնտեսություններին, որոնք օգտվել են ԵՄ կողմից ֆինանսավորվող նախագծերից: ԵՄ-ն հավատում է, որ հաջողված լայնամասշտաբ պիլոտային ծրագրի առկայության դեպքում, ինչպիսին առաջարկվածն է, մյուս քաղաքները/դերակատարները նույնպես պատրաստ կլինեն այն ներդնել»:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշեց. «Ծրագիրն առաջինը կլինի Հայաստանում, քանի որ այն պարունակում է էներգաարդյունավետության և սեյսմակայունության բաղադրիչներ: Ես ցանկանում եմ ընդգծել, որ ընթացիկ բոլոր ծրագրերը շատ դրական ազդեցություն կունենան և ուղղված են մայրաքաղաքի բնակիչների բարեկեցության բարելավմանը, և ես հույս ունեմ, որ նման ծրագրերը կշարունակվեն»:
Դրամաշնորհային համաձայնագրի ստորագրումը կազմակերպվել էր «ԵՄ-ն էներգիայի համար» (EU4Energy) նախաձեռնության ներքո և ԵՄ-ի Կայուն էներգիայի շաբաթվա համատեքստում, որն էներգաարդյունավետության ամենամեծ միջոցառումն է Եվրոպայում, և որի նպատակն է խրախուսել քաղաքացիներին ու շահագրգիռ կողմերին՝ բացահայտել և քննարկել կայուն էներգիայի անցմանը վերաբերող հիմնական խնդիրները:
EU NEIGHBOURS east