Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում այսօր կոռուպցիա չկա. Փաշինյանը հարցազրույց է տվել Russia Today-ին

Հունիս 15,2018 13:48

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա կատարած աշխատանքային այցի ժամանակ հարցազրույց է տվել ռուսական Russia Today հեռուստաալիքին: Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք թարգմանությամբ.

– Բարև Ձեզ, բարի գալուստ Մոսկվա: Այսպիսի հաճախակի այցերը Ռուսաստան կարո՞ղ են խոսել այն մասին, որ մարդիկ, որոնք վախենում էին մեր երկրների հեռացումից, սխալվել են:

– Այո, իհարկե, հիմա այդ մասին շատերն են խոսում, մեծ թվով հրապարակումներ կան ռուսական մամուլում, որոնց հեղինակներն այնքան էլ լավ չեն հասկանում ինչ է տեղի ունեցել Հայաստանում։ Կան մարդիկ, որոնք ցանկանում են այդ ամենը ներկայացնել այլ լույսի ներքո։ Նրանք ցանկանում են ներկայացնել, որ Հայաստանում իշխանության են եկել հակառուսական ուժեր։ Բայց հայկական հեղափոխության գործընթացում ընդհանրապես չկա որևէ աշխարհաքաղաքական կամ արտաքին քաղաքական նրբերանգ։ Դա զուտ ներքին հայկական գործընթաց էր։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։ Որովհետև այն ժողովուրդը, որն իրականացրել է այդ հեղափոխությունը, խնդիր չի ունեցել Հայաստանի արտաքին քաղաքականության հետ։ Եվ հետևաբար չի ունեցել արտաքին քաղաքական պահանջներ։ Մենք կառավարությունում ժողովրդի ներկայացուցիչն ենք, որը հաղթել է հեղափոխության ժամանակ։ Մենք պետք է գործենք այն շրջանակներում, համապատասխան այն քաղաքական բովանդակության, որն ունեցել է այդ քաղաքական գործընթացը, թավշյա հեղափոխությունը։

– Ես ճի՞շտ եմ հասկանում, որ Դուք դա ասում եք ոչ միայն մեզ՝ ռուս լրագրողներիս, այլև պաշտոնական բանակցությունների ժամանակ։ Ընդհանրապես ինչպե՞ս դասավորվեցին Ձեր անձնական հարաբերությունները Վլադիմիր Պուտինի հետ:

– Մենք ունենք շատ լավ, ուղիղ հարաբերություններ: Եվ այդ հարաբերությունները ձևավորվել են առաջին րոպեներից: Ես կարող եմ ասել, որ մեր հարաբերությունները հարաբերություններ են առանց մութ անկյունների: Դա շատ կարևոր է: Մենք ամեն ինչ քննարկում ենք ուղիղ ձևով: Բոլոր հարցերը դնում ենք ուղիղ ձևով: Եվ դրանց պատասխանում ենք ուղղակիորեն: Վլադիմիր Վլադիմիրովիչն այդպիսի մարդ է: Որքան ես հասկանում եմ, նրան շատ հարմար է շփման այդ ոճը, և, անկեղծ ասած, ինձ նույնպես հարմար է այդ ոճը: Ես հստակ կարող եմ ասել, որ մեր հարաբերությունները զարգանում են շատ արագ և շատ կառուցողական:

– Իսկ որո՞նք են ամենախնդրահարույց հարցերը:

– Այս պահին որևէ խնդրահարույց հարց չկա: Ռուսաստանը և Հայաստանը ինքնիշխան պետություններ են: Ես կարծում եմ, որ շատ հարցերում մեր երկրների շահերը համընկնում են, բայց կարող են լինել որոշ նրբություններ, որտեղ կարող են և չհամապատասխանել: Գլխավորը այն մթնոլորտն է, որում մենք այդ բոլոր հարցերը կքննարկենք: Ես կարծում եմ, որ կկարողանանք հասնել համաձայնության:

– Գազի հարցը, որքան հասկանում եմ, խնդրահարույց հարցերից մեկն է: Մի կողմից, Դուք ասացիք, որ Հայաստանում սպառողները չեն զգում ռուսական կապույտ վառելիքի ոչ բարձր գները:

– Այո, բայց արդեն քննարկումների ընթացքում մենք եկանք եզրահանգման, որ դա Հայաստանի ներքաղաքական խնդիրն է: Քանի որ սահմանի վրա Հայաստանը Ռուսաստանից ստանում է էժան գազ: Բայց սահմանից մինչև սպառողի տուն գազի գինը կրկնապատկվում է: Այդ հարցը մենք պետք է քննարկենք և հասկանանք Հայաստանի ներսում: Դա չի վերաբերում Ռուսաստանի հետ մեր հարաբերություններին:

– Այսինքն, եթե խոսքը Ռուսաստանից Հայաստանին գազի մատակարարման մասին է, Դուք չե՞ք պատրաստվում վերանայել գինը:

– Իհարկե, մենք հույս ունենք ստանալ ավելի էժան գազ: Մենք հասկանում ենք, որ դա բացառիկ գին է Հայաստանի համար: Բայց մենք կցանկանայինք ավելի բացառիկ գին: Այդ հարցերը կքննարկենք, և հույս ունեմ, որ մենք հաջողություն կունենանք:

– Եթե խոսենք Եվրոպական միության հետ Ձեր հարաբերությունների մասին, արդյո՞ք Դուք ակնկալում եք համաձայնագրի արագ վավերացում եվրոպացի գործընկերների կողմից: Ի՞նչ եք կարծում՝ երբ կարող է դա տեղի ունենալ: Եվ կոնկրետ ի՞նչ դա կտա Հայաստանին:

– Գործնականում Եվրոպական միության երկրներում վավերացման գործընթացն արդեն սկսվել է: Եվ այդ գործընթացը Հայաստանում տեղի է ունենում արդեն ավելի քան 20 տարի: Իհարկե, մենք կզարգացնենք մեր հարաբերությունները Եվրոպական միության հետ: Բայց դա տեղի չի ունենա հայ-ռուսական հարաբերությունների հաշվին: Սա է մեր քաղաքականությունը:

Այսինքն մենք, իհարկե, կզարգացնենք մեր հարաբերությունները Եվրոպական միության, Միացյալ Նահանգների, Իրանի, Վրաստանի և միջազգային իրավունքի այլ սուբյեկտների, այլ պետությունների հետ: Բայց այդ զարգացումը ոչ մի դեպքում չպետք է իրականացվի հայ-ռուսական հարաբերությունների հաշվին, իսկ հայ-ռուսական հարաբերությունները՝ մեր այլ հարաբերությունների հաշվին:

– Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետ հանդիպումից հետո Դուք հայտարարեցիք Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների նոր փուլի մասին: Մի կողմից, Դուք ասում եք, որ ոչինչ չի փոխվում, մյուս կողմից՝ խոսում եք նոր փուլի մասին: Ո՞րն է նորությունը:

– Ես չեմ ասել, որ ոչինչ չի փոխվում: Ես ասել եմ, որ չեն լինի ռևերսներ: Եվ ես միշտ ասել եմ, որ մենք կունենանք առավել արդյունավետ հարաբերություններ, քան նախկինում: Երբ ես ասում եմ «նոր փուլ», ես նկատի ունեմ առավել դրական փուլ, առավել կառուցողական փուլ, առավել արդյունավետ փուլ, առավել ուղղակի փուլ, առավել անկեղծ փուլ, առավել հստակ փուլ: Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ հանդիպմանը մենք ընդհանրապես չենք ունեցել որևէ խնդրահարույց հարցեր: Եղել են հարցեր, որոնք լուծվել են տեղում: Մնացած հարցերը մենք պարզապես պայմանավորվել ենք քննարկել առավել մանրամասն:

– Դուք սկսել եք նոր փուլ: Որքան հասկանում եմ, Դուք գոհ եք, ինչպես է այն սկսվել:

– Այո, շատ գոհ եմ:

– ԶԼՄ-ներում տեղեկատվություն է տարածվել, որ Ձեզ ցանկանում են առաջադրել Նոբելյան մրցանակի: Եվ Ռուսաստանում էլ խոսում են, որ Դուք բավականին մեծ ժողովրդականություն վայելող կերպար եք Արևմուտքում: Ի՞նչ կարծիք ունեք այդ մասին:

– Ես տեղեկություն չունեմ Արևմուտքում իմ ժողովրդականության մասին: Ինչ վերաբերում է Նոբելյան մրցանակին, ես նույնպես այդ մասին կարդացել եմ մամուլում:

– Բայց եթե դա, այնուամենայնիվ, տեղի ունենա, եթե ինչ-որ մեկը նման նախաձեռնություն առաջ քաշի:

– Թող առաջ քաշի: Հաճելի է:

– Ինչ վերաբերում է հակակոռուպցիոն քաղաքականությանը. ի՞նչ է հաջողվել անել այս ընթացքում, երբ Դուք զբաղեցնում եք վարչապետի պաշտոնը: Եվ եթե խոսենք առաջընթացի մասին, ի՞նչ արագությամբ եք Դուք առաջ գնում:

– Ես կարող եմ ասել, որ Հայաստանում հիմա չկա կոռուպցիա:

– Այսքան կարճ ժամանակու՞մ:

– Այո, այսքան կարճ ժամանակում: Ես կարող եմ դա ասել, որովհետև այսօր ընդհանրապես Հայաստանում հակակոռուպցիոն մթնոլորտ է: Իհարկե, կարող են լինել առանձին երևույթներ՝ կոռուպցիոն անցյալի կոռուպցիոն մնացորդներ: Ցավոք, դա ապագայի երաշխիք չէ, բայց ես կարծում եմ, որ այս մթնոլորտը, այս գործընթացը մեզ թույլ կտա երաշխավորել այս իրավիճակի շարունակությունը:

– ԱՊՀ-ում հաճախ են առաջ եկել այսպիսի իրավիճակներ: Ես կոնկրետ օրինակներ չեմ բերի, բայց այս կամ այն պետությունում էլիտայի փոփոխության դեպքում մարդիկ ասում էին, որ ամենակարևորն է՝ ճիշտ մարդկանց նշանակել ճիշտ տեղերում: Դա նման է այն բանին, ինչ Դուք եք ասում: Բայց մի քանի տարի հետո մարդիկ խոստովանում էին, որ հին էլիտաները դարձյալ հավակնում են իշխանության: Իսկ ավելի ուշ մարդիկ ասում էին, որ ոչինչ չի փոխվել: Ինչպե՞ս կարող եք երաշխավորել, որ Ձեր դեպքում դա տեղի չի ունենա, և անձամբ Դուք ի՞նչ կանեք դրա համար:

– Ես կարծում եմ, որ ամենամեծ երաշխիքը ժողովրդի կամքն է: Քանի որ ինչ-որ բան փոխվել է մարդկանց ներսում, մարդկանց մտածողության մեջ: Սա շատ կարևոր գործոն է, որը թույլ է տվել հեղափոխություն անել առանց մեծ բախումների, առանց մի կաթիլ արյան: Պայքարը տեղի է ունեցել յուրաքանչյուր քաղաքացու ներսում: Ես կարծում եմ, որ մեր հեղափոխության գլխավոր արդյունքը ոչ թե իշխանության փոփոխությունն է, այլ մտածողության փոփոխությունը: Եվ դա կախված չէ կառավարությունից:

– Ինչպե՞ս են այժմ դասավորվում հարաբերությունները Ձեր անմիջական քաղաքական ընդդիմախոսների՝ Հանրապետական կուսակցության, պարոն Սարգսյանի հետ:

– Պարոն Սարգսյանի հետ մենք ապրում ենք հարևանությամբ, բայց փաստացի մենք ոչ մի հարաբերություն չունենք: Ինչ վերաբերում է Հանրապետական կուսակցությանը, ապա այդ կուսակցությունը դադարել է լինել մեծամասնություն մեր խորհրդարանում, և այն՝ Հանրապետական կուսակցությունը, նորմալ ընդդիմություն է:

– Բայց ես, որքան հասկանում եմ, նրանք, այնուամենայնիվ, վերադարձի հույս ունեն, արտահերթ…

– Դա ռեալ չէ: Նրանք երբևէ չեն վերադառնա: Կարող են լինել այլ կուսակցություններ, այլ ուժեր, որոնք հաղթեն ընտրություններում, բայց նրանք (հանրապետականները) այլևս երբեք հետ չեն գա, դա հաստատ: Եվ, դա, իհարկե կախված չէ ինձնից, քանի որ ժողովուրդը նրանց արդեն երբեք դա չի խնդրի, ես կարող եմ երաշխավորել: Համենայն դեպս, ես այդպես եմ զգում և վստահ եմ դրանում:

– Իսկ եթե խոսենք Ձեր կուսակցության մասին, ի՞նչ ծրագրեր ունեք: Պատրաստվու՞մ եք արդյոք վերափոխումների: Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին կգնա՞ք այդ ուղղությամբ:

– Մենք ունենք կուսակցություն, և մենք ունենք դաշինք: Մեր կուսակցությունը կոչվում է «Քաղաքացիական պայմանագիր»: Դաշինքը կոչվում է «Ելք»: Ինչ վերաբերում է դաշինքին, ապա մենք այժմ դրա ապագայի քննարկման փուլում ենք: Ինչ վերաբերում է կուսակցությանը, կուսակցությունը, իհարկե, կզարգանա անկախ մեր դաշինքի ապագայի սցենարից:

– Հունիսի 1-ին Դուք Facebook-ում գրել եք. «Նրանք ովքեր ուզում են արհեստական թանկացումներով ապացուցել, թե ապօրինությունն ավելի լավ է, քան օրինականությունը, շատ արագ իրենց վրա կզգան օրինականության ամբողջ ուժը»: Ու՞մ նկատի ունեիք, և այս արտահայտությունը՝ «իրենց վրա կզգան օրինականության ամբողջ ուժը», ի՞նչ է նշանակում:

– Դա նշանակում է այն, ինչ Դուք արդեն ասացիք: Մեզ մոտ եղել է իրավիճակ, երբ մենք արձանագրել ենք Երևանի բազմաթիվ սուպերմարկետներում անօրինական գործունեություն, և երբ մենք դա արձանագրեցինք, նրանք համաձայնեցված կերպով բարձրացրին որոշ ապրանքների գներ. դա նման էր սաբոտաժի: Դա արձագանք էր տնտեսության վերականգնմանն ուղղված մեր գործողություններին: Ինչ վերաբերում է, ինչպես Դուք ասացիք, «ամբողջ ուժին»: «Օրինականության ամբողջ ուժը»: Բազմաթիվ սուպերմարկետներ արդյունքում վճարեցին մեծ տուգանքներ, քանի որ նրանց գործունեությունը եղել է անօրինական:

– Դատելով նրանից, ինչ ասում եք, Դուք չե՞ք վախենում, որ Ձեր քաղաքական հակառակորդները կվերադառնան ավելի ուժեղ դիրքերի պետության մեջ, խորհրդարանում: Դուք կարծում եք, որ շնորհիվ այսօր Հայաստանում ձևավորված միջավայրի, դա տեղի չի ունենա ոչ միայն մոտ ապագայում, այլև երբե՞ք:

– Ես այնպիսի վարչապետ չեմ, որը երբևէ կվախենա կորցնել իր պաշտոնը: Ես ընդհանրապես սովոր չեմ վախենալ իմ քաղաքական գործունեությունից. ես պարզապես անում եմ այն, ինչ անհրաժեշտ եմ համարում և ինչում վստահ եմ, որ պետք է անեմ, որպեսզի ծառայեմ իմ երկրին և իմ ժողովրդին:

– Թույլ տվեք վերջում փոխեմ թեման: Ինչպե՞ս եք Ձեզ զգում աշխարհի առաջնության մայրաքաղաքում:

– Շատ լավ: Ես կլինեմ բացման արարողությանը, ես համոզված եմ, որ այն կլինի շատ հետաքրքիր, շատ էներգետիկ, հիշարժան: Մենք եղել են Կարմիր հրապարակի համերգին, դա հիասքանչ էր, շատ լավ, շատ ուժեղ տպավորություններ եմ ստացել: Եվ շատ հաճելի է: Եվ ես շնորհակալ եմ այս հրավերի համար:

– Իսկ Դուք ու՞մ եք երկրպագելու:

– Ես ընդհանրապես երկրպագում եմ Հայաստանի հավաքականին, բայց քանի որ մեր հավաքականը, ցավոք, չի մասնակցում այս առաջնությանը, ես բոլոր հավաքականներին հաջողություն եմ մաղթում:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930