Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղինակ Գալուստյան. «Երբ ես Գագիկ Ծառուկյանից ավտոմեքենա ստացա, դա ինչ էր, եթե ոչ պետության ուսերից մի հոգս թեթեւացնել»

Հունիս 15,2018 13:34

Հունահռոմեական ըմբշամարտի 2001 թվականի աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալուստյանի խոսքով, կառավարության «Բարեգործության մասին» օրենքի նախագծի որոշ դրույթներ մեր առաջատար մարզիկների եւ մարզիչների տարակուսանքն է առաջացրել, ու նրանց տրամադրվածությունը խիստ փոխվում է:

«Հիմա ինչ ուզում եմ ասել, դա ընդհանուր մտահոգություն է: Մենք հիշում ենք, թե ինչ էր կատարվում 90-ական թվականներին, երբ մեր առաջատար մարզիկները տարբեր խոշորագույն մրցաշարերում, անգամ օլիմպիական խաղերում,  հաղթելուց հետո վերադառնալով, մնում էին չգնահատված: Չկային պարգեւներ, չկար խրախուսում: Դրա հետեւանքով շատ անվանի մարզիկներ, որոնք դեռ երիտասարդ էին ու կարող էին աշխարհի տարբեր անկյուններում բարձրացնել Հայաստանի պետական դրոշը, հնչեցնել մեր օրհներգը, հեռացան: Օրինակները քիչ չեն: Հիշեցնեմ ըմբշամարտի ոլորտից ընդամենը երկու անուն՝ օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյան, աշխարհի չեմպիոն Արա Աբրահամյան, որոնք  հետագայում հանդես եկան այլ երկրների հավաքականներում, ու ի նշան նրանց հաղթանակների, բազմիցս բարձրացվեցին ուրիշ օրհներգեր: Այսպիսի օրինակներ կան նաեւ մյուս մարզաձեւերում:

Իրավիճակը փոխվեց 2000-ից հետո, երբ եկավ Գագիկ Ծառուկյանը եւ մարզիկներն սկսեցին գնահատվել: Ես ինքս եղել եմ հայաստանցի առաջին մարզիկներից մեկը, որն աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո Գագիկ Ծառուկյանից որպես խրախուսանք ստացել է «Նիվա» մակնիշի ավտոմեքենա:

Բոլորս էլ քաջ գիտակցում ենք, թե Հայաստանի տնտեսությունն ինչ վիճակում է, հասկանում ենք, որ պետությունն ի վիճակի չէ պատշաճ վերաբերմունք ցույց տալ իր մարզական հերոսներին, որոնք մնացել, մնում են հայրենիքում ու զինվորի պես մնալով մարզական խրամատներում՝ շարունակում են մարտնչել եւ մեր երկրի համար հաղթանակներ կերտել ամբողջ աշխարհում:

Մարզաշխարհն ուզում է, որ այդ օրենքի նախագծի հեղինակները մինչեւ այն ԱԺ հաստատման ներկայացնելը իմանան, որ մարզիկ՝ բարձրակարգ մարզիկ լինելը հոբի չէ, դա մասնագիտություն է, իր աշխատանքը, որով նա, ինչպես բոլորը, ընտանիք է պահում: Ուզում ենք՝ իմանան, որ այդ մասնագիտության տիրոջ մարզական կյանքը շատ կարճ է: Մարզիկի պրոֆեսիոնալ կյանքը երկու-երեք, բացառիկ դեպքերում՝ չորս  օլիմպիական ցիկլ կարող է շարունակվել ու վերջ: Նա մոտավորապես 30 տարեկանում «թոշակի» է անցնում: Պրոֆեսիոնալ մարզիկի հետագա բարեկեցությունը կախված է նրանից, թե ապրելու նյութական ինչ հիմքեր են դրվել ակտիվ աշխատանքի տարիներին: Մարզաշխարհն ուզում է, որ այդ օրենքի նախագծի հեղինակները հասկանան նաեւ, որ պրոֆեսիոնալ սպորտում չեմպիոնական մեդալները հենց այնպես չեն տրվում, դրանց պետք է թիմով, մարզիչների հետ միասին երկար տարիներ պատրաստվել եւ նվաճել ծանր պայքարում: Ի տարբերություն մյուս մասնագիտությունների, մարզիկը իրեն զրկում է ամեն ինչից, ու երիտասարդության տարիները նվիրում միմիայն մարզումներին ու հավաքներին: Արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է նրա համար այնպիսի պայմաններ ստեղծել, որպեսզի նա չմտածի ընտանիքի հոգսերի մասին, ապահովի իր այսօրվա ու վաղվա կյանքը ու ամբողջությամբ նվիրվի սպորտին: Մարզաշխարհը նաեւ շատ լավ հասկանում է, որ մեր պետության համար այս ամենն անելը շատ դժվար է:

Ամբողջ աշխարհում ընդունված է, որ մարզիկն իր հաղթանակների համար խրախուսվում, պարգեւատրվում է տարբեր կազմակերպությունների կողմից՝ պետություն, ակումբ, քաղաք, հովանավոր, ֆեդերացիա, օլիմպիական կոմիտե: Սրանք բարեգործություն են, բարի գործ: Մեր պարագայում այս նշվածներից մեծ մասի հոգսն իր վրա վերցրել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նա միշտ չեմպիոններին ու մեդալակիրներին խրախուսում է, դա լինի դրամական, ավտոմեքենայի կամ տան տեսքով: Երբ ես Գագիկ Ծառուկյանից ավտոմեքենա ստացա, դա ինչ էր, եթե ոչ պետության ուսերից մի հոգս թեթեւացնել: Դա իսկապես բարի գործ անել է: Հաշվի առե՞լ են, որ արտակարգ իրավիճակներ են առաջանում՝ հիվանդանալ կա, որին արագ արձագանքել է հարկավոր, որ բուժելու համար դոպինգի պահով անվտանգ դեղամիջոցներ է պետք հայթայթել՝ հաճախ թանկ գներով դրսում ձեռք բերելով, որ վնասվածքներ կան, որոնց համար անհրաժեշտ են լրացուցիչ բուժումներ, վիրահատություններ, երբեմն՝ արտասահմանում:

Օրենքի նախագծի հեղինակները հաշվի առե՞լ են, որ պետությունն ի վիճակի չէ այս ամենը արագ կազմակերպել: Կամ պատահում է, որ առաջատար մարզիկն անձնական ինչ-ինչ խնդիրներ է ունենում, որոնք նրան մոտակա կարեւորագույն մրցումից առաջ խանգարում են կենտրոնանալ,  ու այդ հարցերը արագ լուծելու անհրաժեշտություն ունեն: Այդ դեպքերում մարզիկն  ո՞ւմ պետք է դիմի, առանց այդ էլ հազար ու մի հոգսերի մեջ թաղված պետությա՞նը: Այս խնդիրների լուծումը բարեգործական ծրագրերով տալիս է պարոն Ծառուկյանը:

Ու մի անչափ կարեւոր խնդրի մասին եւս, որով զբաղվում է Գագիկ Ծառուկյանը էլի բարեգործական ծրագրերով: Երկրորդ կարծիք չկա, որ աշխարհում առաջատարների մեջ հայտնվելու համար մարզումային պայմաններ են հարկավոր, այն էլ՝ ինչպիսի՜: Մեր մարզաբազաները, մարզադպրոցները ընդհանուր առմամբ ի՞նչ վիճակում են՝ խայտառակ անմխիթար: Հազար տարի հետ ենք միջազգային չափորոշիչներից: Կա՞ պետական այնպիսի մարզաբազա, որտեղ գոնե մեր ազգային հավաքականների համար շատ թե քիչ բարվոք պայմաններ լինեն: Չկա, որովհետեւ մեր պետությունը նորերը կառուցելու կամ եղածը հիմնանորոգելու միջոցներ չունի: Սա ասում ենք, ոչ թե վատաբանելու նպատակով, այլ իրական վիճակը ճիշտ ներկայացնելով: Վա՞տ է, որ պարոն Ծառուկյանը դա էլ անում:

Սպորտում բարեգործները շատ քիչ են: Նրանց, թերեւս, մատների վրա կարելի է հաշվել: Եվ հիմա այնպիսի տպավորություն է, ասես, օրենքի այս նախագծով քայլ է արվում ստեղծվող բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի միջոցով խոչընդոտել, սահմանափակել կամ արգելել այս ամենը»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930