Կառավարության նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով մոսկովյան այցին, ասաց. «Կարող ենք արձանագրել, որ արդյունավետ այց ունեցանք, եւ կարող ենք արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են դինամիկ եւ լավ տեմպերով, շատ ավելի լավ տեմպերով, քան ընդունված է կանխատեսել հայկական եւ ոչ միայն հայկական մամուլում: Մենք կարող ենք արձանագրել, որ մեր հարաբերություններում պրոբլեմներ չկան»:
Նրա խոսքով, տնտեսական ներուժը պետք է լիարժեք օգտագործվի: Այցի արդյունքում նախարարների հետ քննարկումներ կլինեն եւ կոնկրետ հանձնարարականներ:
Նիկոլ Փաշինյանի խոսքով, կառավարությունն ու առընթեր մարմինները պետք է լրջորեն աշխատեն, որպեսզի կարողանան մրգի եւ բանջարեղենի արտահանման ներուժն օգտագործեն, քանի որ ռուսական շուկան դրա կարիքն ունի. «Հույս ունեմ, որ նաեւ որոշ կառուցվածքային փոփոխությունները, որոնք կապված են օրենսդրության հետ, որեւէ նեգատիվ ազդեցություն չեն ունենա այս գործընթացի վրա»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ