Հավատալ-չհավատալ, ստուգել-չստուգել, տարածել-չտարածել հարցերին պատասխանող երիցուկ. սա «Թվապատում 2018»-ի խորհրդանիշն է:
Հունիսի 15-16-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը լրագրողներին, ուսանողներին, ակտիվիստներին, ուսուցիչներին, դասախոսներին, մեդիասպառողներին հնարավորություն է տալիս խոսել ժամանակակից մեդիայի նոր հնարավորությունների ու մարտահրավերների, ինչպես նաև թվային իրողությունում լսարանի հետ հաղորդակցության մասին։
ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Նիդեռլանդներից, Շվեյցարիայից, Վրաստանից և Հայաստանից հրավիրված փորձագետները խոսեցին մեդիագրագիտության, կեղծ տեղեկատվության, թվային միջավայրի, հանրային ռադիոյի բարեփոխումների, հանրային մեդիայի դերի, թավշյա հեղափոխության լուսաբանման և ոլորտում գոյություն ունեցող այլ խնդիրների մասին:
Ֆրիդրիխ Նաումանի՝ հանուն ազատության հիմնադրամի Հվ. Կովկասի գրասենյակի ղեկավար Պիտեր Անդրեաս Բոխմանը նկատեց՝ հեղափոխությունից հետո Հայաստանում մեդիայի համար նոր հնարավորություններ են ստեղծվել. «Հեղափոխությունից առաջ, օրինակ, լրատվամիջոցները հնարավորություն չունեին մասնակցել ՀՀ կառավարության նիստերին: Հեղափոխությունից հետո շատ բան է տեղի ունեցել ու փոխվել»: Այնուհետև դիմելով լրատվամիջոցներին՝ հորդորեց օգտագործել այս հնարավորությունը, լինել քաջ:
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանն արձագանքեց՝ հեղափոխությունից հետո լավատես ենք, որ ոլորտում գոյություն ունեցող խնդիրները հնարավոր է լուծվեն: Բայց նաև առանձնացրեց մի քանի խնդիրներ. «Խնդիրներից Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքն է, որը մենք համարյա հինգ տարի չենք կարողանում կարգի բերել և ընդհանրապես այս ոլորտը, որը շատ լուրջ բարեփոխումների կարիք ունի: Վերջին տարիներին նաև թվայնացման հետ կապված խնդիրներ ծագեցին, մասնավոր մուլտիպլեքսների խնդիրն է, պետական մենաշնորհ, այդ ոլորտում մինչև հիմա չկան նպաստավոր պայմաններ, որ մասնավորները գան շուկա մտնեն: Չեմ խոսում սեփականության հետ կապված տարբեր հարցերի, հիմնադիրների, հեռուստաընկերությունների ազատության մասին, որոնք բխում են օրենքից, հանձնաժողովի աշխատանքից»:
NewseumED. Ազատության ֆորում ինստիտուտ, կրթական նախագծերի փոխնախագահ, Բարբարա ՄաքՔոմեքը ներկայացրեց գործիքներ, որոնց միջոցով հնարավոր է տարբերակել իրական տեղեկատվությունը կեղծ լուրերից (fake news): Հարցին՝ որքանով են այսօր մեդիաները՝ ԶԼՄ-ներն այս պարագայում, պատրաստ համագործակցել մեդիակրթության ոլորտում, Բարբարա ՄաքՔոմեքը պատասխանեց. «Աթոռի երեք ոտքերի նման են լրագրողները, տեղեկատվություն համադրողներն ու տեղեկատվության սպառողները: Լրագրողները պետք է վճռական լինեն այս հարցերում»:
Նա կարևորեց նաև այն հանգամանքը, որ լրագրողն իր գործունեությամբ դառնա վստահելի աղբյուր: Բարբարա ՄաքՔոմեքը հայտնեց, որ ԱՄՆ-ում մեդիակրթությունը թողնված է ուսուցչի հայեցողությանը, որպես այդպիսին՝ համատարած, ողջ երկրով մեկ տարածվածություն այն չունի»:
Բուն TV կրթական հարթակների պատասխանատու Արթուր Աթայանը խոսեց ավանդական կրթությունը խախտելու մասին. «Ավանդական կրթական համակարգը հասարակության աչքերում բնութագրվում է պարտադրվածության հատկանիշով: Նույնն ասել չի կարելի բուհական կրթության մասին, բայց երիտասարդության ամբողջական մեծամասնությունը միշտ պարտադրված է գնալ բուհ: Այստեղ առաջանում է ուսման ամբողջ գործընթացի պարտադրվածություն, որ երեխան պարտավոր է անմիջապես դպրոցն ավարտելուց հետո վազել բուհ: Մյուս խնդիրը ֆորմալ մասնակցությունն է բուն գիտելիք ստանալու փոխարեն»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ