Սույն թվականի հունվարի 8-ին ՃՈ տեսուչների մահվան պատճառ դարձած ողբերգական ավտովթարի մասնակից, գործով մեղադրյալ Ճըվճվ Արոյի որդին՝ Սարգիս Վարդանյանը, դեպքի օրը, «ՀԺ»-ի տեղեկություններով, վարել է սահմանված թույլատրելի առավելագույն 60 կմ/ժ-ը գերազանցող արագությամբ՝ 160 կմ/ժ։
Ողբերգական ավտովթարը տեղի էր ունեցել հունվարի 8-ի լուսադեմին։ Իրար էին բախվել ճանապարհային ոստիկանության ծառայություն իրականացնող «Toyota Corolla» մակնիշի եւ «BMW X6» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետեւանքով «Toyota Corolla»-ի վարորդ, ՃՈ ծառայող Արեգ Դավթյանը եւ ուղեւոր, ՃՈ ծառայող Խաչիկ Գասպարյանը մահացել են։
ՃՈ տեսուչների մահվան պատճառ դարձած ավտովթարի մասնակից Սարգիս Վարդանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) եւ ՀՀ ՔՕ 244 հոդվածով (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը)։ Նա գտնվում է կալանքի տակ։
ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց սույն գործով նախաքննության ավարտի մասին։ Ըստ այդմ՝ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ «BMW X6» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սայաթ Նովա պողոտայի ուղղությամբ ընթացել է լապտերը միացված վիճակում՝ բնակավայրերի համար սահմանված թույլատրելի առավելագույն 60 կմ/ժ-ը գերազանցող արագությամբ եւ դրանով իսկ ստեղծել վթարային իրադրություն։
«ՀԺ»-ի տեղեկություններով, դատաքիմիական փորձաքննության արդյունքների համաձայն՝ Սարգիս Վարդանյանը դեպքի պահին ո՛չ ալկոհոլի, ո՛չ էլ թմրանյութի ազդեցության տակ չի եղել։ Բանն այն է, որ, ըստ որոշ ցուցմունքների՝ Սարգիս Վարդանյանը դեպքի օրը ոգելից խմիչք է օգտագործած եղել։ Նախաքննության սկզբում նշանակվել էր դատաքիմիական փորձաքննություն, սակայն բացասական պատասխանն ըստ էության չէր գոհացրել նախաքննական մարմնին, եւ քննիչը դատաքիմիական համալիր փորձաքննություն նշանակելու որոշում էր կայացրել։ Սակայն այդ անգամ էլ փորձաքննության պատասխանը բացասական էր եղել։
ՃՈ ոստիկան Արեգ Դավթյանի հայրը՝ գործով իրավահաջորդ Գարիկ Դավթյանը, սակայն, հակառակն է պնդում. «Հարյուր տոկոս ինքը եսիմ ինչի դոզայի տակ է եղել, դա միանշանակ։ Մինչ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը կարգերն ուրիշ էր, պապին (նկատի ունի Սարգիսի պապին՝ Գազի Կոլյա մականունով հայտնի Նիկոլայ Գաբրիելյանին.-հեղ.) երեւի փողերը տվեց, իրա գործերն արեց։ Եթե այդ փորձաքննությունը նշանակվեր Նիկոլի ժամանակով, այդպիսի արդյունք չէր լինի, կտային, ինչպես եւ կարգն է»:
Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում