Լրահոս
Օրվա լրահոսը

Զեյնալյան փաստաբանն՝ ընդդեմ Զեյնալյան նախարարի. «Հրապարակ»

Հունիս 15,2018 11:36

Օրերս Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վարույթ է ընդունել Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Սամվել Մնացականյանի բողոքը: Դատավորի լիազորությունները դադարեցվել էին նրա ընդունած որոշումներից մեկի պատճառով, որով նա բավարարել էր կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը: Քաղաքացին հեռավոր գյուղերից մեկի բնակիչ էր, եւ նրան մեղադրում էին թալանի նպատակով սպանության մեջ։ Սակայն, դատավորի խոսքով, առկա էին ապացույցներ, որ նա այդ ժամին տվյալ վայրում չի եղել, եւ նախաքննության մարմինը, նրան կալանքի տակ պահելով, փնտրում էր իրական մարդասպանին:

2011 թվականի հունիսի 24-ին Արդարադատության խորհուրդը վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի գրության հիման վրա քննարկել էր Սամվել Մնացականյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, ապա դիմել Սերժ Սարգսյանին՝ Մնացականյանի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ: Մնացականյանն իր գանգատում 3 խախտված իրավունք է նշել՝ արդար դատաքննության, արտահայտման ազատության եւ խտրականության հոդվածները (ՄԻ եվրոպական կոնվենցիայի 6-րդ, 10-րդ եւ 14-րդ հոդվածներ): ՄԻԵԴ-ը դատավորի դիմումը կոմունիկացրել էր այս տարվա հունվարին:

Սամվել ՄՆացականյանը կարծում է, որ մոտ օրերս իր գանգատը կլսվի: «Մինչեւ ապրիլի 10-ը մեր կառավարությունը պետք է պատասխաներ ՄԻԵԴ-ին այն հարցադրումներով, որոնք ես եմ առաջ քաշել: Ես որքան գիտեմ, մեր կառավարությունը չի պատասխանել: Ինչ-որ տարակուսանքների մեջ էին, ժամանակ խնդրեցին, որքան գիտեմ՝ մի 15 օր, որ մտածեն, թե ինչ պատասխան են ուղարկելու: Հետո թավշյա հեղափոխությունն սկսվեց, ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ, եւ կառավարությունը վերջնական չպատասխանեց այդ հարցերին»,- ասում է նախկին դատավորը: ԵԴ վարույթի շուրջ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: Ինտրիգն այն է, որ Սամվել Մնացականյանի գործով գանգատը գրել է Արտակ Զեյնալյանը, որը 6 տարի առաջ իրավապաշտպան էր եւ փաստաբան: Այսօր նա ՀՀ արդարադատության նախարարն է, այսինքն, հակառակ կողմի՝ պետության ներկայացուցիչն է, որը պետք է պատասխանի կառավարության փոխարեն:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930