Շուրջ 2 տարի Տավուշի մարզի 12 համայնքում գործում են քաղաքացիական պաշտպանության հենակետեր: Այդ հենակետերը ստեղծված են սահմանամերձ համայնքների բնակչության պաշտպանության՝ հրդեհաշիջման, փրկարարական աշխատանքների իրականացման, ականապատ տարածքների հայտնաբերման, արգելանշանների տեղադրման, տարածքի հսկողության կազմակերպման, բնակչության տարհանման միջոցառումներին աջակցման, վթարների եւ խոցման օջախներում տուժածներին առաջին բժշկական օգնության ցուցաբերման համար:
Սահմանամերձ Ոսկեպար գյուղի բնակիչները ցանկանում են, որ իրենց գյուղում էլ ստեղծվի նման հենակետ, քանի որ այն կարեւոր դեր ունի քաղաքացիական պաշտպանության գործում, նաեւ որոշակի թվով աշխատատեղեր է ապահովում, ռազմական գործողությունների դեպքում կուժեղացնի գյուղի պաշտպանությունը: Ոսկեպարում նման հենակետ ստեղծելու խնդիրը քննարկման փուլում է: Անցած երկու տարիներին պետական բյուջեով, բարեգործների նվիրաբերած գումարներով մեծ գործ է արվել սահմանամերձ գյուղերում այդ հենակետերը ստեղծելու,կահավորելու համար:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ