Հունիս 14-ին կայացած Փաշինյան-Մեդվեդեւ հանդիպմանը անդրադարձ է եղել հայ-ռուսական միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծման առնչությամբ մի շարք խնդիրների: Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մոսկովյան այցի ավարտին հայաստանյան պատվիրակության կազմում մեկնած լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը:
«Քննարկվել են նաեւ այնպիսի օրակարգային հարցեր, որոնք բարձրացվել են նաեւ Պուտինի հետ հանդիպմանը: Խոսք եղավ նաեւ ԱՊՀ-ի եւ ԵՏՄ-ի շրջանակներում մեր անելիքների եւ գործակցության մասին»,-նշեց նա:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք ռուսական կողմի առաջ բարձրացվել է ՀՀ-ի համար Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստան այլընտրանքային ճանապարհ (որպես այլընտրանք վերին Լարսին) գործարկելու հարցր: Արսեն Խառատյանը հայտնեց, որ տրանսպորտային ենթակառուցվածքների մասին հարցեր քննարկել են. «Կարծում եմ՝ ձեր մատնանշած հարցում առաջիկայում լավ նորություններ կունենանք: Քննարկումները կշարունակվեն: Ինչպես հայտնի է, ՌԴ-ն Վրաստանի հետ տարիներ առաջ կնքած պայմանագիր ունի, համաձայն որի՝ շվեյցարական ընկերությունն իրականացնելու է այլընտրանքային ճանապարհի կառուցման հետ կապված անելիքները, ՌԴ-ն էլ հաստատել է իր մասնակցությունը»:
Իսկ թե ինչու Պուտինի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ ՀՀ-ն սուվերեն երկիր է, Արսեն Խառատյանի բնորոշմամբ. «Նա բոլորի հետ է խոսում ՀՀ-ի սուվերենության մասին, առանձնացնելու խնդիր չկա: Ակնարկներ մի տեսեք, վարչապետը կարեւոր բան է ասել՝ շեշտելով, որ հայ-ռուսական հարաբերություններում մութ անկյուններ չպետք է լինեն»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ