Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանն ու Ալիեւը ծանոթացան Պուտինի՝ «ինչ-որ մեկի հետ հանդիպելու» ակնարկից հետո

Հունիս 15,2018 10:50

Եվս մեկ այց Ռուսաստան՝ «քննարկելու շատ բան կա» արձանագրմամբ

Հունիսի 13-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնեց Ռուսաստան՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով: Մոսկվա էր ժամանել նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, սակայն ի սկզբանե հայտարարվեց, որ Փաշինյան-Ալիեւ հանդիպում նախատեսված չէ:

ՌԴ նախագահը դեռ չէր հանդիպել Փաշինյանին ու Ալիեւին, երբ նրա խոսնակ Դմիտրի Պեսկովը, ըստ ռուսաստանյան «Իզվեստիայի», հայտարարեց, թե Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման առիթով Մոսկվա ժամանող Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպում չի պլանավորվել, քանի որ՝ «ՀՀ նախագահը չի ժամանելու Մոսկվա»։ Պեսկովը պարզաբանել էր. «Հայաստանը Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը կներկայացնի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ Ադրբեջանը՝ նախագահ Իլհամ Ալիեւը։ Երկու առաջնորդների համար էլ նախատեսված են հանդիպումներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»։

Մեկ օր անց ՀՀ ԱԳՆ-ից պարզաբանմամբ հանդես եկան Պեսկովի նշյալ դիտարկման առնչությամբ: Տիգրան Բալայանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, թե Դմիտրի Պեսկովը շատ կոռեկտ պատասխան է տվել ռուս լրագրողի ոչ կոռեկտ հարցին. «Ռուս լրագրողը հարցրել է Մոսկվա կատարած այցի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման մասին, ինչին պարոն Պեսկովը շատ կոռեկտ պատասխան է տվել, որ Հայաստանի նախագահը Մոսկվա չի ժամանել»: Բալայանը հավելել է, որ խնդիրն ավելի շատ այդ լրագրողի անտեղյակության մեջ է. «Հավանաբար, այդ լրագրողը տեղյակ չի եղել, որ Հայաստանում սահմանադրական փոփոխություններ են եղել, եւ արդեն երկրի փաստացի ղեկավարը վարչապետն է: Ընդ որում՝ հետաքրքիր է, որ այդ լրագրողն անհայտ լրատվամիջոցից է եղել»:

Փաշինյանը արդեն մի քանի անգամ նշել էր, որ պատրաստ է Ալիեւի հետ բանակցել, եւ թե ինչու այս այցը չծառայեց ԼՂ խնդրով հանդիպում կազմակերպելու համար՝ այնքան էլ տրամաբանական չի թվում: Իսկ թե ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող Ռուսաստանը Հայաստանի կողմից ղարաբաղյան բանակցություններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՞ն է տեսնում, թե՞, այնուամենայնիվ, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին՝ կարեւոր է, որովհետեւ Փաշինյանի՝ ղարաբաղյան թեմայով մի քանի հայտարարությունները «թավշյա հեղափոխության» շրջանում, ապա արդեն վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո, ինչպես Բաքվին, այնպես էլ Մոսկվային, կարող էին դուր չգալ:

Ինչեւէ, Փաշինյանի երկրորդ այցը Մոսկվա կարծես ակնկալածից ավելի ցածր էր՝ ՌԴ իշխանությունների հետ հանդիպումների արդյունքների տեսանկյունից: Նախ՝ Պուտինը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ղեկավար, պետք է որ առիթը բաց չթողներ ու ղարաբաղյան լարվածության ֆոնին Փաշինյան-Ալիեւ հանդիպում կազմակերպեր, որը չարեց: Ավելին՝ Ալիեւի հետ հանդիպմանը հետաքրքրական էր այն բառապաշարը, որն օգտագործեց Պուտինը: ՌԴ նախագահը Ադրբեջանի իր գործընկերոջն ակնարկել էր, թե Մոսկվա այցը լավ հնարավորություն է հանդիպելու «որեւէ մեկի հետ»: «Հույս ունեմ, դուք օգտակար եւ հետաքրքիր ժամանակ կանցկացնեք Մոսկվայում: Հետաքրքիր ասելով՝ նկատի ունեմ, որ խաղը կլինի գեղեցիկ, իսկ օգտակար՝ որովհետեւ այլ երկրներից ձեր բազմաթիվ գործընկերներ այստեղ են, եւ հնարավորություն կա խոսելու բոլորի հետ, հանդիպելու որեւէ մեկի հետ, ծանոթանալու…»,- Ալիեւին ասել էր Պուտինը՝ հավելելով, որ Ալիեւը Մոսկվայում իրեն հետաքրքրող թեմաները կարող է քննարկել ԱՊՀ գործընկերների հետ: Բացի այդ, Պուտինն ակնհայտորեն ցույց տվեց, որ անհամբերությամբ սպասում է Ալիեւի հետ հաջորդ հանդիպմանը, որը նախապատրաստվում է օգոստոսի 30-ին: «Ինչ վերաբերում է մեր երկկողմ հարաբերություններին, ապա մենք դրանք հիմնավոր կերպով ու խորապես կքննարկենք, դրանով կզբաղվենք օգոստոսի 30-ին Ռուսաստան ձեր այցի ընթացքում»,- ասել էր ՌԴ նախագահը Կրեմլում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը:

Տպավորություն է ստեղծվում, որ Փաշինյանն, այնուամենայնիվ, Պուտինի հետ երկու հանդիպումներից սպասում էր ավելին, քան ստանում է: Առայժմ Փաշինյանը հրապարակայնացնում է այն խնդիրները, որոնք բարձրացրել է ռուսական կողմի հետ բանակցություններում, բայց թե ինչ արդյունքներ կլինեն՝ ցույց կտա ժամանակը: Կրեմլում Փաշինյանի ու Պուտինի հանդիպմանը, իհարկե, քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային նշանակության հարցեր, սակայն հատկանշական է, որ ո՛չ Հայաստանի վարչապետի, ո՛չ Ադրբեջանի նախագահի հանդիպումներում հրապարակային չի հնչել ԼՂ կարգավորման թեմայի մասին ոչինչ: Պուտինը կրկին հիշեցրել է ՌԴ-ի եւ ԵԱՏՄ-ի դերը Հայաստանի առեւտրաշրջանառության հարցում: Իսկ Փաշինյանը շեշտել է մեկ ամսվա ընթացքում երկու անգամ իր՝ Ռուսաստան մեկնելու կարեւորությունը. «Մենք առաջին անգամ հանդիպել ենք մեկ ամիս առաջ, եւ այն հանգամանքը, որ 30 օր հետո կրկին հանդիպում ենք, կարծում եմ՝ ցույց է տալիս Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների հատուկ բնույթը: Սա նաեւ ցույց է տալիս, որ այն հայտարարությունները, որոնք մենք արել ենք մեկ ամիս առաջ, ոչ միայն հիմնավորված են, այլ նաեւ հստակ իրականացվում են: Իհարկե, Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հատուկ հարաբերություններ են, եւ ես վստահ եմ, որ այդ հարաբերությունները կշարունակեն լինել յուրահատուկ, ես հույս ունեմ, որ այդ հարաբերություններն ավելի յուրահատուկ կդառնան»:

Ապա Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը ներկայացնում է Հայաստանի ժողովրդին. «Ես կարծում եմ, որ թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում բոլորը գոհ են այս զարգացումներով, եւ նաեւ հույս ունեմ, որ այդ հարաբերությունները կզարգանան ավելի արդյունավետ՝ երկու ժողովուրդների, երկու պետությունների շահերի եւ սուվերենության նկատմամբ հարգանքի հիման վրա: Սա շատ կարեւոր է: Ինձ համար շատ կարեւոր է, որ մենք ունենք, եւ վստահ եմ, որ ապագայում էլ կունենանք, հաճախ հանդիպելու եւ մեր հարաբերությունների օրակարգի ամբողջ շրջանակը քննարկելու հնարավորություն: Բոլորին է հայտնի, որ մեր հարաբերությունների օրակարգը շատ մեծ է, քննարկելու շատ բան կա թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ տարածաշրջանային իմաստով»:

Հունիսի 14-ի երեկոյան Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում կայացավ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հետեւել էր առաջնության առաջին խաղին, որում հանդիպել էին Ռուսաստանի եւ Սաուդյան Արաբիայի ազգային հավաքականները: Աշխարհի առաջնության բացմանը ներկա էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ մի շարք այլ պետությունների նախագահներ, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Փաշինյանն ու Ալիեւը՝ ընտանիքի հետ, ըստ համացանցում տարածված լուսանկարների՝ բավական հեռու էին միմյանցից: Ֆուտբոլային այս առիթը չօգտագործվեց Հայաստանի նոր կառավարության ղեկավարի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպումը կազմակերպելու համար՝ անգամ Պուտին-Ալիեւ հանդիպմանը ՌԴ նախագահի ակնարկներից հետո: Սակայն երեկոյան Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց, որ ֆուտբոլային խաղից հետո Պուտինը ԱՊՀ ղեկավարների համար ընդունելություն է կազմակերպել, որտեղ էլ նրան ծանոթացրել է Ալիեւի հետ, ընդամենը այդքանը:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 15.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930