Ազգային անվտանգության ծառայությունը հունիսի 14-ին հաստատել է հունիսի 13-ին Երևանի քաղաքապետարանում ,Երևանե հիմնադրամի գործունեության առնչությամբ հատուկ գործողության արդյունքում հիմնադրամի տնօրենի և Դավիթաշենի համայնքի ղեկավարի տեղակալի ձերբակալման մասին տեղեկությունը: ,Երևանե հիմնադրամը դե ֆակտո Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ենթակայության տակ գործող կառույց է: Դրա կոռուպցիոն ռիսկերի մասին ահազանգում են տարիներ շարունակ, տարբեր ընդդիմադիր գործիչներ, լրատվամիջոցներ: Իրականում ինչպիսին է վիճակը, պատասխանը պետք է տա ԱԱԾ-ն: Սակայն մինչ պատասխանը բավական հստակ է նաև, որ քրեաիրավական բնույթից զատ, հարցն ունի նաև քաղաքական ակնառու տողատակ, հատկապես նկատի ունենալով այն, որ առնչվում է նախկին իշխող ուժից ներկայիս իշխանական համակարգում իր դիրքերը պահող միակ սուբյեկտին՝ Տարոն Մարգարյանին:
Խոշոր հաշվով, ամենևին գաղտնիք չէ, այլ նույնիսկ բավական ակնառու, որ նոր կառավարության, մասնավորապես վարչապետի քաղաքական հենարանը ԱԱԾ-ն է: Քաղաքականն այստեղ, իհարկե, գուցե թե՛ չակերտավոր, թե՛ անչակերտ իմաստով: Բանն այն է, որ ԱԱԾ-ն չունի քաղաքականությամբ զբաղվելու իրավունք և ֆորմալ իմաստով թերևս չի էլ զբաղվում, քանի որ այդ կառույցի գործառույթն է ազգային անվտանգության սպառնալիքներով զբաղվելը, իսկ կոռուպցիան ոչ միայն ներկայիս իշխանությունն է այդպիսի սպառնալիք դիտարկել, ոչ միայն Հայաստանի արտաքին գործընկերները՝ մասնավորապես ԵՄ-ն և ԱՄՆ-ն, այլ նաև հենց Տարոն Մարգարյանի քաղաքական ուժը, երբ պետության նախագահն էր այդ ուժի ղեկավար Սերժ Սարգսյանը: Մյուս կողմից, սակայն, ակնառու է, որ իրականացնելով իր գործառույթը, Ազգային անվտանգության ծառայությունը ակամա քաղաքական ծառայություն է մատուցում քաղաքական իշխանությանը, որևէ պարագայում: Այդպես կլիներ նաև Սերժ Սարգսյանի պաշտոնավարման դեպքում և, խոշոր հաշվով, նաև նրա պաշտոնավարման հենարանն էր վերջին տարիներին դարձել ԱԱԾ-ն:
Այստեղ պատճառը միանգամայն բնական է՝ Հայաստանում կոռուպցիան քաղաքական իշխանության և բիզնեսի խորագույն սերտաճման արդյունք է, հետևաբար հնարավոր չէ պայքարել կոռուպցիայի դեմ՝ առանց քաղաքական իրավիճակի վրա դրա ազդեցության: Ընդ որում, խոսքը տվյալ դեպքում առնչվումն է ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին քաղաքականությանը: Առերևույթ, ինչ կապ ունի ԱԱԾ գործունեությունը արտաքին քաղաքականության արդյունքի հետ: Բայց խնդիրն այն է, որ արտաքին քաղաքականությունն ուղիղ կապ ունի պետության Համախառն ներքին արդյունքի հետ: Իսկ կոռուպցիայի դեմ պայքարի լայնամասշտաբ գործողությունն էլ իր ուղղակի ազդեցությունը կարող է թողնել պետության ՀՆԱ-ի վրա, քանի որ գողանում են ոչ այլ տեղից, քան ՀՆԱ-ից: Այստեղ է նաև ներկայումս հնչող շատ հարցերի պատասխաններ, որոնք առնչվում են արտաքին քաղաքականությանը, դիվերսիֆիկացիային, ինքնիշխանությանը, դառնալով նոր իշխանությանը տրվող գնահատականների հիմք: Հայաստանը ներկայումս խաղում է գրեթե զրոյական խաղադրույքով, խաղում է այն ռեսուրսով, որ տվել է հայկական զինուժի և հանրության դաշինքը Ապրիլյան քառօրյա պատերազմում: Հայաստանը գործնականում երկու տարի է՝ խաղում է այդ ռեսուրսով:
ԱՐԱՄ ԱՄԱՏՈՒՆԻ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում