Այս օրերին քաղաքական և փորձագիտական շրջանակներում բավականին ակտիվորեն քննարկում են իշխանական ներկայիս կոալիցիոն ձևաչափում նկատված տարաձայնությունները։ Փորձ է կատարվում գտնելու դրանց պատճառները։
Մինչդեռ դեռևս Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հնչեցին մի շարք ուշագրավ հայտարարություններ։ Դրանց թվում առանձնացնենք երկու առավել կարևորները, որոնք կարող էին այդ իրադարձությունների կատալիզատոր հանդիսանալ։
Առաջինը վերաբերում է կառավարության ծրագրի քաղաքական պատասխանատուներին, հարց, որն անընդհատ բարձրացնում է հիմնականում հանրապետական կուսակցությունը և փորձում հասկանալ, թե որ քաղաքական ուժերն են, այնուամենայնիվ, այս ծրագրի պատասխանատուն։ Որպեսզի երկիմաստ քննարկումները բացառվեն, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղղակիորեն նշեց, որ ծրագրի քաղաքական պատասխանատվությունը վերցնում է կոնկրետ այն քաղաքական թիմը, որը նախապատրաստել և իրականացրել է թավշյա հեղափոխությունը։ Այսինքն՝ ուղղակիորեն ասվեց, որ ոչ մի քաղաքական ուժ, բացի «Քաղաքացիական պայմանագրից», որևէ առնչություն չունի ծրագրի հետ։ Ըստ էության, Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե արձանագրեց այս փաստը, որպեսզի այն կուսակցությունները, որոնք հեղափոխության ավարտից մի քանի րոպե առաջ են միացել համաժողովրդական շարժմանն ու դեպքերի բերումով են անցել օրվա իշխանությունների կողմը, հանկարծ որևէ կերպ չասոցացվեն հեղափոխության հետ։ Սա վարչապետի կողմից հիմնարար հայտարարություն է, քանի որ որոշակիորեն ուրվագծում է, թե ինչ քաղաքական գործընթացներ են տեղի ունենալու ընտրությունների նախաշեմին և հենց ընտրություններում։
Երկրորդ կարևորագույն հայտարարությունը, որ արեց Նիկոլ Փաշինյանը, ուղղակի պատասխան էր վերջին շրջանում ակտիվացած ու քաղաքական նկրտումներ ցուցաբերող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։ Խոսքն իշխանության տարբեր ճյուղերի միջև լիազորությունների վերաբաշխման մասին է։ Հայտնի է, որ Արմեն Սարգսյանը բազմիցս ընդգծել է, որ պետք է հստակ բաժանում լինի իշխանության երեք ճյուղերի՝ խորհրդարանի, վարչապետի և նախագահի ինստիտուտների միջև։ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ թեև սուպերվարչապետական լիազորություններում որոշակի շտկումներ պետք է լինեն, բայց նաև նշեց, որ ինքը երբեք չի ասել, թե խորհրդարանական երկրում պետք է նշված ճյուղերի միջև հավասար բաժանում լինի։ Ըստ վարչապետի՝ դա բացառվում է։ Եվ որպեսզի Արմեն Սարգսյանի դեպքում նշվածը շատ ավելի ցայտուն լինի, Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ նման բան չկա ոչ միայն Եվրոպայում, այլև նույն Անգլիայում, որտեղ թագուհու և վարչապետի ինստիտուտները նույնպես հավասար չեն։ Ըստ էության, այսպիսով վարչապետն իր ավելի քան թափանցիկ ակնարկով փակեց նաև վերոնշյալ հարցը։ Նա նաև մոտավորապես ուրվագծեց, թե ինչ ուղղությամբ են ընթանալու պրոցեսներն առաջիկայում։ Հասկացվեց, որ որոշակի քաղաքական հակամարտություններ են սկսվում նաև վարչապետի ու նախագահի միջև։
Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում