Լրահոս
Օրվա լրահոսը

«Վովան բռնում էր, ես չթողեցի». տարբերակներ

Հունիս 15,2018 10:12

Ես չգիտեմ, թե ով է քրեական հեղինակություն Դոն Պիպոն՝ Արթուր Ասատրյանը: Չեմ կարող ասել անգամ՝ նա «քրեական հեղինակությո՞ւն» է, «օրենքով գո՞ղ» է, թե՞ պարզապես «լա-ա~վ տղա»: Ինձ թվում է՝ այս բոլոր կատեգորիաները Հայաստանի նոր իրողություններին չեն համապատասխանում: Եթե մարդն օրենքի հետ խնդիր ունի, ապա պետք է պատասխան տա: Եթե չունի, ապա նրա ապրելակերպը, բառապաշարը կամ ինտելեկտի մակարդակն ինձ կարող են դուր չգալ, բայց պետության տեսանկյունից նա ճիշտ այնպիսի քաղաքացի է, ինչպիսին ես եմ:

Տվյալ պարագայում խնդիրը ոչ այնքան Դոն Պիպոն է, որքան գեներալ Մանվելը, որը վերջերս ուղիղ տեքստով լրագրողներին ասել է, որ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ուզում էր Պիպոյին «բռներ», այսինքն՝ քրեական պատասխանատվության ենթարկեր՝ հետագայում դատվելու հեռանկարով, բայց ինքը` Մանվել Գրիգորյանը, «չի թողել», այլ կերպ ասած՝ թույլ չի տվել, որ այդ քրեական հետապնդումը տեղի ունենա:

Խնդիրն այստեղ անձերը չեն, այլ «հին Հայաստանի» մտածելակերպի վառ դրսեւորումը: Եթե Դոն Պիպոն կամ որեւէ մեկը հանցագործություն է կատարել, ապա իրավապահ մարմինները պետք է նրան հետապնդեն: Որեւէ այլ քաղաքացի՝ Մանվել Գրիգորյանն այդ թվում, իրավունք չունի խոչընդոտելու իրավապահ մարմիններին, եւ, որն ավելի կարեւոր է, նա չպիտի նման հնարավորություն ունենա: Եթե մեկը, մասնավորապես՝ Մանվել Գրիգորյանը, գլուխ է գովում, թե ինքը նման հնարավորություն ունի, ապա պետք է ստուգել՝ նա ճի՞շտ է ասում, թե՞ սուտ: Եթե ճիշտ է ասում, ապա պետք է պատասխանատվության ենթարկվի՝ արդարադատությանը խոչընդոտելու համար:

Կա եւս մի տարբերակ՝ Դոն Պիպոն որեւէ հանցագործություն չի կատարել: Այդ դեպքում պետք է պարզել՝ ինչն է պատճառը, որ Վլադիմիր Գասպարյանը հետապնդում էր այդ անմեղ մարդուն: Իսկ ամենավերջին, իմ կարծիքով, քիչ հավանական տարբերակն այն է, որ այս ամենը ծայրից ծայր գեներալ Մանվելի հնարածն է: Բայց այս պարագայում էլ հատկանշական է, թե հատկապես ի՛նչ են նման մարդիկ իրենց մասին հնարում՝ «ես այնքան լավ, այնքան հզոր տղա եմ, որ կարողացել եմ քրեական գործը ջրեմ»: Ահա սա է «հին Հայաստանի» մտածողության հիմնական թեզը, որը շատ խորը արմատներ է թողել կյանքի նախկին եւ ներկա «տերերի» ուղեղներում: Այդ համոզմունքը հնարավոր է «հանել գլխից» միայն աքցաններով: Բնականաբար` իրավական:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930