«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի համոզմամբ՝ հիմա գնալ պոպուլիստական հայտարարությունների, պնդել հետաձգելուն, իրոք ռեալ վնաս էր լինելու պետությանը՝ ֆինանսական կայունության եւ պետության ստանձնած պարտավորությունների տեսանկյունից:
«Պետական շահի տեսակետից ճիշտ էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ քաղաքական գործունեության, մշակույթի տեսակետից Մանե Թանդիլյանն արել է ճիշտ եւ գրագետ քայլ»,- «Առավոտի» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:
Հիշեցնենք. հունիսի 12-ին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հրաժարական ներկայացրեց: Նա իր «Ֆեյսբուքի» էջում պատճառաբանելով նման որոշում կայացնելը՝ գրառում էր կատարել. «Սիրելի հայրենակիցներ, ես դեմ եմ եղել պարտադիր կուտակային համակարգին, իմ համախոհների հետ միասին այդ համակարգի դեմ կազմակերպել եմ ցույցեր եւ հիմա էլ գտնում եմ, որ կուտակային համակարգը պետք է առանցքում ունենա ազատ կամարտահայտության եւ ընտրության հնարավորության սկզբունքը՝ հաշվի առնելով համակարգի ռիսկայնությունը եւ երկարաժամկետությունը։ Այս գրառումով ես դադարեցնում եմ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի իմ լիազորությունները, որոնք եղել են բացառապես ՀՀ քաղաքացիներին ծառայելու գործիքներ»:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի տեղեկացմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ չի ընդունել Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումը: Ավելի վաղ Էդմոն Մարուքյանը տեղեկացրել էր, որ Թանդիլյանն իրենց հետ այդ որոշումը չի քննարկել, դա եղել է անձնական որոշում:
Վահե Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում Մանե Թանդիլյանի կատարածը համարեց սկզբունքային քայլ: Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի դիրքորոշմանը՝ նկատեց. «Պետական գործունեության տեսակետից ՀՀ վարչապետ Փաշինյանը ճիշտ էր, որովհետեւ խոսքը կուտակայինի մասին է: Փաստն արդեն կայացել է, իսկ փաստը շատ ծանրակշիռ գործոն է: Հիմա գնալ պոպուլիստական հայտարարությունների, թե ես երկու-երեք տարի առաջ այլ կարծիքի էի, կամ հիմա եթե պնդենք հետաձգելուն, չեղարկելուն, գուցե հաճելի կլիներ զանգվածներին, բայց դա իրոք ռեալ վնաս էր լինելու պետությանը՝ ֆինանսական կայունության եւ պետության ստանձնած պարտավորությունների տեսանկյունից: Պետական շահի տեսակետից Փաշինյանը ճիշտ էր. կառավարության որոշումը ճիշտ էր»:
Ըստ պարոն Հովհաննիսյանի՝ Մանե Թանդիլյանը նոր էջ բացեց քաղաքական մշակույթի մեջ. «Այո, ինքն ուներ այլ կարծիք, որը սկզբունքորեն տարբերվում էր վարչապետի կարծիքից: Նա չկառչեց աթոռին եւ արեց քաղաքական քայլ, որը շատ կարեւոր է հաջորդ նախարարների, կառավարության անդամների համար: Կարեւոր է նրանով, որ կարելի է հանգիստ թողնել, դիմում գրել եւ դուրս գալ, եթե ունես սկզբունքային անհաղթահարելի տեսակետ: Այստեղ սկզբունքային հարց էր: Թանդիլյանը կողմ էր մեկ տարի հետաձգելուն, Փաշինյանն ասում էր, որ մեկ տարի հետաձգելով՝ ոչինչ չի լուծվում: Դա վատ ավանդույթ է անընդհատ հետաձգելը: Խնդիրները լուծել է պետք»:
Վահե Հովհաննիսյանը չի կարծում, որ Կուտակայինի մասին օրենքն ընդունելուց հետո Նիկոլ Փաշինյանի վարկանիշն անկում կապրի:
Պարոն Հովհաննիսյանին հիշեցրինք, որ որոշ շրջանակներ Մանե Թանդիլյանի քայլը որակում են որպես թիմին դավաճանություն, նա արձագանքեց. «Որեւէ դավաճանության տարր ես չեմ տեսնում՝ որպես կողքից նայող մարդ: Մնացածի մասին որեւէ մեկնաբանություն տալ չեմ կարող, քանի որ չեմ տիրապետում ներքին խոհանոցին»:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ»
14.06.2018