Լրահոս
Օրվա լրահոսը

«Համոզված եմ, որ Բակո Սահակյանը կպահի խոստումը»

Հունիս 15,2018 14:30

Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը` ստեփանակերտյան զարգացումների մասին

– Արցախում սպասելի՞ էին ներքաղաքական զարգացումները, դրանց հիմքերն այս տարիների ընթացքո՞ւմ էին ի հայտ եկել, թե՞ հայաստանյան հեղափոխության արձագանքն էր եղածը:

– Դժվար է միանշանակ գնահատական տալ: Իմ ընկալմամբ՝ իշխանություններից խորքային դժգոհություններ կային: Բայց, իհարկե, եթե Հայաստանում ապրիլյան իշխանափոխությունը տեղի չունենար, Ստեփանակերտում հազիվ թե մի կենցաղային միջադեպից քաղաքական պահանջներ ծնվեին: Սա այն դեպքն է, երբ ասում են՝ անկրակ ծուխ չի լինում:

– Իրավիճակի հանգուցալուծումը եղած հրաժարականներով եղա՞վ, թե՞ դեռ զարգացումներ են սպասվում:

– Թվում է՝ հրաժարականները չեն անդրադարձել հանրային տրամադրությունների վրա: Անձերի փոփոխությունը խնդիր չի լուծում: Կա համակարգային վերափոխումների սպասում, բայց, որքան ես եմ հասկանում, իշխանությունը նման քայլերի ծրագիր եւ քաղաքական մտադրություն չունի: Իմ ընկալմամբ՝ սպասվում են նոր զարգացումներ:

– Առանցքային պաշտոնյաներ հեռացան, եկան նորերը. ինչպե՞ս եք գնահատում թե՛ հեռացողներին, թե՛ եկողներին: Ի՞նչ փոփոխությունների սպասելիքներ կան:

– Արդեն ասացի՝ կա համակարգային փոփոխությունների սպասում: 2017թ. ընդունվել է մի Սահմանադրություն, որով իշխանությունը քաղաքականից վերածվել է անձնականի: Գործադիր իշխանությունն ամբողջովին կենտրոնացած է նախագահի ձեռքում, բայց դրա հակակշիռը՝ խորհրդարանական վերահսկողությունը, չափազանց թույլ է, եթե չասեմ, որ չկա: Սահմանադրությունը, հավանաբար, փոփոխությունների կարիք ունի: Ազգային ժողովը պետք է օժտվի գործադիր իշխանության կազմավորմանը մասնակից լինելու, վերահսկող եւ հավասարակշռող լիազորություններով: Կա նաեւ խորհրդարանում քաղաքական հարաբերակցությունների ճշգրտման խնդիր: «Ազատ հայրենիք» կուսակցությունն այնտեղ ունի ամենամեծ խմբակցությունը, բայց ԱԺ նախագահը «Արցախի ժողովրդավարական կուսակցության» առաջնորդն է: Նման դասավորվածությունն արժեզրկում է ընտրությունները, հրապարակային բաց քաղաքականությունը փոխակերպում կուլիսային պայմանավորվածությունների: Դա չի կարող իր բացասական ազդեցությունը չթողնել քաղաքական ողջ համակարգի եւ առհասարակ հանրային ընկալումների վրա:

Գնահատականներն անձնավորված չեն, թե՛ պաշտոնից հեռացածները, թե՛ նրանց փոխարինելու եկածները հրաշալի մարդիկ են, մեծ վաստակ ունեն: Նույնը՝ Ազգային ժողովի նախագահը, խմբակցությունների ղեկավարները: Իրավիճակի համար նրանք անհատապես պատասխանատու չեն: Խնդիրը կոլեկտիվ պատասխանատվությունն է, այն, որ նրանք բոլորը կողմ են եղել նոր Սահմանադրությանը: Իսկ այն, ինչպես ասացի, ենթադրում է անձնակենտրոն նախագահական ուղղաձիգ իշխանություն: Դա է, ամենայն հավանականությամբ, հանրային դժգոհության հիմնական պատճառը:

– Բակո Սահակյանը արդեն հայտարարեց` առաջիկա ընտրություններում չի առաջադրելու իր թեկնածությունը: Սերժ Սարգսյանն էլ էր հայտարարել, որ երրորդ անգամ չի հավակնելու պաշտոնավարման: Սցենարի կրկնությունը հնարավոր համարո՞ւմ եք:

– Այդ հայտարարությունը պետք է արվեր 2017թ.-ին, երբ Ազգային ժողովը Բակո Սահակյանին ընտրում էր անցումային շրջանի նախագահ: Պետք է ասվեր, որ անցումային երեք տարիների ընթացքում կատարվելու են օրենսդրական փոփոխություններ, կատարելագործվելու է քաղաքական համակարգը, լիբերալացվելու է պետական կառավարումը, որից հետո իշխանությունը, Սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգով, փոխանցվելու է նորընտիր նախագահին: Այսինքն՝ այսօր արդեն պետք է երեւար, թե ով է լինելու հաջորդ ընտրությունների ֆավորիտը: Բայց, ինչպես ասում են՝ լավ է ուշ, քան երբեք: Համոզված եմ, որ Բակո Սահակյանը կպահի խոստումը: Խնդիրն այն է, թե ո՞վ է նրան փոխարինելու: Այս իմաստով, թվում է, բավական կոշտ դիմակայություն կարող է ծագել առանձին անձանց, քաղաքական ուժերի եւ սոցիալական խմբերի միջեւ: Պետք է հուսալ, որ նախագահ Սահակյանին կհաջողվի կառավարել այդ բարդ իրավիճակը:

– Ներքաղաքական լարվածություններն ինչպե՞ս են անդրադառնում անվտանգային խնդիրների վրա: Սահմանների շարունակվող լարվածությունն ի՞նչ զարգացումների կբերի:

– Առայժմ իրավիճակն այնքան սրված չէ, որպեսզի խոսենք ներքին անկայունությունից: Չեմ կարծում, թե շփման գծում այլ մթնոլորտ կտիրեր, եթե Ստեփանակերտում ամեն ինչ անխռով լիներ: Հակառակորդի գործողությունները, թվում է, Արցախի ներքին իրավիճակից չէ, որ ածանցվում են:

Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ»

14.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930