Լրահոս
Օրվա լրահոսը

«Անհրաժեշտ է գտնել այն ոլորտը, որի հեռանկարային զարգացումը կապահովի ամբողջ տնտեսության զարգացումը»

Հունիս 15,2018 14:00

Տնտեսության զարգացման կանխատեսում եւ ծրագրավորում

Շուկայական տնտեսությունում առանձնահատուկ ուշադրության է արժանի տնտեսության մեջ պետական միջամտությունը՝ պետական կարգավորումը եւ կառավարումը: Չնայած տնտեսության մեջ պետական միջամտության մակարդակը քանակապես չափելը դժվարին գործ է, սակայն ժամանակակից պայմաններում այդ նպատակին հասնելու համար օգտագործում են ապրանքների եւ ծառայությունների շուկայի կարգավորման խնդիրները:

Ընդ որում, դրա մասշտաբները կախված են տնտեսության մեջ պետության միջամտության աստիճանից: Ինչպես օրինակ` ԱՄՆ-ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում եւ Հոլանդիայում այն գնահատվում է 0,8-1,0 բալ, Լեհաստանում, Չեխիայում, Թուրքիայում՝ 1,5-2,5 բալ, իսկ Ռուսաստանում՝ 3,2 բալ: Դա ցույց է տալիս, որ Ռուսաստանում տնտեսության մեջ պետական միջամտության աստիճանը ավելի մեծ տեսակարար կշիռ ունի, քան վերը նշված երկրներում: Չնայած Հայաստանում նման չափումներ չեն իրականացվում, սակայն կարելի է ենթադրել, որ մեր երկրում տնտեսության մեջ պետական միջամտության աստիճանը եւս ցածր մակարդակի վրա է գտնվում, քանի որ ցածր տնտեսավար կշիռ ունի պետական սեփականությունը: Շատ գիտնականներ եւ պետական այրեր ենթադրում էին, որ ինչքան արագ իրականացնենք սեփականաշնորհումը, այնքան արագ կապահովենք անցումը շուկայական հարաբերություններին եւ ազատ մրցակցության ծավալմանը, գործնականում սեփականաշնորհվեցին ոչ միայն փոքր եւ միջին ձեռնարկությունները, այլեւ ռազմավարական այնպիսի օբյեկտներ, ինչպիսիք են հեռախոսակապը, էներգետիկ բաշխիչ ցանցերը եւ այլն: Իրականում չկարողացանք կանխատեսել, որ կարելի է ստեղծել խառը պետական եւ մասնավոր բաժնետիրական ընկերություններ եւ կազմակերպել դրանց արդյունավետ օգտագործումը, գործնականում դա ապացուցեց Չինաստանը, որը Ճապոնիայից, Հարավային Կորեայից եւ Սինգապուրից հետո դարձավ չորրորդ տնտեսական հրաշք ապահովող երկիրը:

Պետության միջամտությունը տնտեսության մեջ գնահատելու համար օգտագործում են հետեւյալ չափանիշները. առաջին՝ այդ միջամտության տնտեսական հիմքը, այսինքն՝ պետական բյուջեի չափերի համեմատությամբ՝ ՀՆԱ-ի նկատմամբ եւ պետական հատվածի մեծությամբ, երկրորդ՝ երկրում օգտագործվող վարչարարական իրավական բաժինների չափերը (թափը):

Ի տարբերություն սոցիալիստական տնտեսության, որտեղ ինչ արտադրել, ինչքան արտադրել, ում համար արտադրել որոշվում էր պետական պլանավորման միջոցով, շուկայական տնտեսությունում պլանավորվում են միայն պետական բյուջեի եկամուտները եւ ծախսերը: Պլանավորման փոխարեն գործում է տնտեսության ծրագրավորումը: Ծրագրավորման ընթացքում անհրաժեշտ է առանձնահատուկ ուշադրություն դարձնել հետեւյալ մեթոդների կիրառման վրա. առաջին՝ համապատասխան մասնագետների փորձագիտական գնահատականները, երկրորդ՝ տրամաբանական մոդելավորումը, մասնավորապես` համեմատությունը զարգացած երկրների հետ, երրորդ՝ տնտեսական-մաթեմատիկական մոդելավորումը, չորրորդ՝ նորմատիվային մեթոդը, օրինակ՝ ՀՆԱ-ի ծավալը բնակչության մեկ շնչի հաշվով:

Անցումը շուկայական հարաբերություններին, բնականաբար, առաջին պլան են մղում տնտեսական կարգավորման լծակները: Սակայն քանի որ Հայաստանում չեն ձեւավորվել ազատ մրցակցային հարաբերություններ, ուստի տնտեսության կարգավորման եւ կառավարման գործում էական դեր եւ նշանակություն ունեն մենաշնորհները:
Մենաշնորհների գերակայության պայմաններում առաջարկը, պահանջարկը եւ գների ձեւավորումը հիմնականում թելադրվում են մենաշնորհների կողմից: Միակ ոլորտը, որտեղ արտադրության չափերը եւ գները ձեւավորվում են առաջարկի եւ պահանջարկի միջոցով, գյուղատնտեսությունն է:

Ինչ վերաբերում է վարչարարական մեթոդներին, ապա դրա գողտրիկ դերը սահմանափակված է պետական սեփականության ցածր մակարդակով:
Այս կամ այն երկրի տնտեսական արդյունավետությունը կարելի է գնահատել՝ ելնելով երկրում իրականացվող խնդիրներից եւ նպատակի հասունության մակարդակից:
Իհարկե, բոլոր երկրների ծրագրային նպատակը հասարակության բարեկեցության աճն ու տնտեսական եւ սոցիալական կայունության ապահովումն է: Սակայն դրան հասնելու համար անհրաժեշտ է գտնել այն ոլորտը, որի հեռանկարային զարգացումը կապահովի ամբողջ տնտեսության զարգացումը ընդհանրապես: Այդ ոլորտը այսօր Հայաստանում համարվում է արդյունաբերությունը, որը մղվել է երրորդական պլան՝ ծառայության ոլորտից եւ գյուղատնտեսությունից հետո: Խորհրդային Հայաստանը եղել է զարգացած արդյունաբերական բազմաճյուղ երկիր: ՀՆԱ-ի մեջ արդյունաբերության բաժինը կազմել է մոտ 50%: Արդյունաբերությունը ապահովել է նաեւ բնակչության զբաղվածության խնդիրները: Բնականաբար, Հայաստանում հնարավոր չէ բազմաճյուղ արդյունաբերության ստեղծումը եւ զարգացումը: Այն պետք է իրականացվի հանքահումքային ռեսուրսների բազայի եւ գիտահենք, մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիայի բազայի հիման վրա: Որպեսզի ապահովվի արդյունաբերության հետագա զարգացումը, անհրաժեշտ է կառուցել մոլիբդենի եւ պղնձի ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցված մետալուրգիական գործարաններ եւ հումք արտահանելու փոխարեն արտահանել հիմնականում պատրաստի արտադրանք:

Ընդ որում, դրա կազմակերպումը պետք է կատարել պետական եւ մասնավոր խառը բաժնետիրական ընկերությունների ստեղծման ճանապարհով՝ ներառելով նաեւ Սփյուռքի մեր հայրենակիցների ներուժը: Դրա համար սփյուռքի նախարարությունում անհրաժեշտ է ստեղծել մի կառույց, որը վստահություն կառաջացնի Սփյուռքի կապիտալի օգտագործման անվտանգությունը ապահովելու համար: Այսօր Հայաստանի տնտեսության զարգացման համար արդյունաբերության նախարարության ստեղծումը դարձել է օրակարգային հարց: Արդյունաբերության զարգացումը միաժամանակ նպաստում է ռազմաարդյունաբերական համալիրի ստեղծմանը եւ կատարելագործմանը: Քանի որ Հայաստանը շրջափակված է դարավոր հակառակորդների կողմից, ուստի անհրաժեշտ է ունենալ հզոր Հայաստան:

ՎՈԼՈԴՅԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Տնտեսագետ, ԵՊՀ պրոֆեսոր

«Առավոտ»

14.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930