Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԻՆ-ի աշխատակիցը երեք վարչական հայց ունի

Հունիս 15,2018 13:30

Քրեական գործ էին հարուցել առանց մարդուն տեսնելու,
բացատրություն վերցնելու

Հարություն Կարապետյանը դիմել էր վարչական դատարան՝ խնդրել էր, որպեսզի անվավեր ճանաչվի արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի թիվ 866-Ա հրամանը եւ իրեն վերականգնեն Վայոց ձորի մարզային հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության հաշվառման վերլուծության եւ քարոզչության բաժնի առաջատար մասնագետ տեսուչի պաշտոնում: Վարչական դատարանը մերժել էր նրան, եւ նա բողոք էր բերել վարչական վերաքննիչ դատարան:

Վարչական վերաքննիչ դատարանն օրեր առաջ անփոփոխ թողեց վարչական դատարանի վճիռը եւ Հ. Կարապետյանը հունիսի 4-ին դիմել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատ:

Հ. Կարապետյանը ըստ պաշտոնի անձնագրի գործառույթների՝ ունի միայն հետազոտություններին եւ ստուգումներին մասնակցելու իրավասություն, հետեւաբար, նա պարտավոր չի եղել այլ բան կատարել եւ կրել կրկնակի պատասխանատվություն։ «Ինձ բանավոր հանձնարարվել էր ստուգել տարածքային 1.4 եւ 1.6 գոտիների օբյեկտները, առանց դրանց վերաբերյալ հրամանի, քանի որ ինձ են տրամադրվել կրկնակի տարածքային գոտիներ: Եղեգնաձորի տարածաշրջանը ունի 24 գյուղական վայր, որից 11-ը տրամադրել են ինձ։ Կարծում եմ, որ նախապես մտածված ստեղծել էին այնպիսի պայմաններ, որ կարողանան ինձ մեղադրել աշխատանքներս թերի կատարելու մեջ»,- ասում է ԱԻՆ նախկին աշխատակիցը։ «Առավոտի» հարցին, որ վարչական վերաքննիչ դատարանում առկա էր «Ծառայողական քննության նյութերը», Հ. Կարապետյանն ասաց, թե ծառայողական քննությունն անցկացվել է միակողմանի, իսկ իր գործընկերները վկայել են, թե ինքն աշխատանքային պարտականությունները չի կատարել «անհարգելի պատճառով»։

Վարչական վերաքննիչ դատարանում պատասխանողը ԱԻՆ աշխատակազմն էր՝ պետական կառավարչական հիմնարկը, իսկ երրորդ անձը՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը:

Հարություն Կարապետյանի նկատմամբ կիրառվել էր «խիստ նկատողություն» կարգապահական տույժը։ ԱԻՆ-ի աշխատակազմի ղեկավարը 2014թ. սեպտեմբերի 18-ին դիմել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ՝ Հ. Կարապետյանին «զբաղեցրած պաշտոնից ազատում» կարգապահական տույժը կիրառելու հիմնավորվածությունը եւ վերջինիս կողմից կարգապահական խախտում կատարելու հանգամանքը պարզելու նպատակով։ Համաձայն «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի, կարգապահական տույժերը կիրառվում են ծառայողական քննություն անցկացնելուց հետո։ Հարություն Կարապետյանն «Առավոտին» ասաց, որ ծառայողական քննության ժամանակ իրենից բացատրություն չեն պահանջել, իսկ եթե պահանջեին՝ չէր հրաժարվի, քանի որ կատարել է իր պարտականությունը։ Մինչդեռ, արձանագրությամբ գրված էր, թե նա բացատրություն է տվել:

Բողոքաբեր ԱԻՆ-ականի «Եղեգնաձորի մշակույթի տանը» կատարված հետազոտության վերաբերյալ ծառայողական քննության արդյունքներով կազմված եզրակացության մեջ նշվել է, որ «կաթսայատան՝ որպես արտադրական վտանգավոր օբյեկտի, պայմանագրի եւ տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացության բացակայության պայմաններում համապատասխան վարչական արձանագրություն չի կազմել»։ Նա լրացրել է ստուգաթերթիկը, քանի նոր կարգադրի ձեւաթուղթ չի եղել, բնականաբար, կարգադրագիր չի կազմել: Կարգադրագիրը կազմվելու դեպքում դրանք պետք է ներկայացվեին տնօրենների ստորագրությանը: Զրուցակիցս ասում է, որ մինչ օրս վարչական արձանագրությունները բողոքարկման արդյունքում անվավեր են ճանաչվել վարչական դատարանի կողմից: Վերջին չորս տարվա ընթացքում չի կազմվել վարչական որեւէ արձանագրություն, իսկ եթե կազմվել է, ապա «սխալմամբ» եւ վարչական տուգանք է նշանակվել համաձայն օրենքի:

«Եթե հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում կազմվում է վարչական արձանագրություն, ապա դա համարվում է ստուգում, իսկ եթե կարգադիր, ապա նպատակահարմար է կազմել նախազգուշացում եւ նշել՝ ժամանակահատվածում չկատարելու դեպքում ինչ է նախատեսվում: Սակայն նախազգուշացում չի եղել տեսչությունում, միայն բանավոր հանձնարարվել էր հայտնաբերել թերությունը եւ անհապաղ կազմել վարչական արձանագրություն»,-ասում է Հ. Կարապետյանը, ուշադրություն հրավիրելով օրենքի սխալ մեկնաբանման արդյունքում իր դեմ կայացրած վճռի ոչ իրավաչափ լինելու մասին:

Միայն վեց օբյեկտների համար ԱԻՆ-ականը կազմել էր ժամանակացույց 2014թ. համար, ինչը փոխվել է պատասխանողի կողմից:

Վերաքննիչ վարչական դատարանը հաշվի չէր առել նաեւ հետեւյալը. «Ստուգումների անցկացման կազմակերպման օրենքի համաձայն»՝ պետք է ստուգաթերթը պարտադիր լրացվի հանձնաժողովի կողմից, մինչդեռ ԱԻՆ տեսուչներին հանձնարարվել է բանավոր ստուգաթղթերը լրացնել մատիտով, ներկայացնել տեսչական բաժնի պետին, որն էլ որոշելու է ռիսկայնության աստիճանը: Ի դեպ, մինչ ազատելը, կիսամյակի ընթացքում նրան պարգեւատրել էին:

Հ. Կարապետյանը խնդրում է իր վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել որոշումը, գործն ուղարկել նոր քննության:

Ինչ վերաբերում էր նրա դեմ երեք անձի հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցելուն, ապա՝ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշմանը, պարզվեց հետեւյալը. Վայոց ձորի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Ա. Ադամյանի վարույթում ստացվել է մի քանի դիմում: Մեկը բանկի աշխատակից էր, որը հայտնել էր, թե Հ. Կարապետյանը բջջայինով նկարել է բանկի տարածքը, ինչը հակասել էր բանկի ներքին կանոններին, նաեւ գրել էր, թե՝ մեկ այլ այցի ժամանակ Հարություն Կարապետյանն աղմկել էր, եւ այդ պատճառով նրան հեռացրել են բանկից, մեկ այլ մանկապարտեզի տնօրեն էլ բողոքել էր, թե ԱԻՆ աշխատակիցը հայտնաբերել է խախտումներ, սպառնացել է, թե կտուգանի 25 000-150 000 դրամի չափով, եւ որ կարգադիր էր կազմել, «ժամկետ տվել» հայտնաբերված թերությունները վերացնելու համար: Այս մանկապարտեզի տնօրենն էլ խնդրել էր, որպեսզի Հ. Կարապետյանին թույլ չտան իրենց մոտ ստուգումներ անցկացնի:

Վարժարանի տնօրենն էլ քննիչի մոտ հայտնել էր, թե տեսուչը բջջայինով լուսանկարել է օժանդակ կառույցում մեխերով խփված էլեկտրական լարը, առանց ստուգելու՝ հոսանք կա, թե ոչ: Կարապետյանը հակահրդեհային անվտանգության կանոնները չպահպանելու համար զգուշացրել է, թե կտուգանի:

Հաղորդում տվածներից հետագայում հայտարարություն են արել, խնդրել, որ հրաժարվում են, քանի որ ԱԻՆ-ականի արարքում հանցագործություն չկա: Բարեբախտաբար, ազնիվ են գտնվել, պնդել են, որ երբեւիցե Հ. Կարապետյանին գումար չեն տվել եւ նա էլ երբեք չի պահանջել: Հանցագործության դեպքի բացակայության հիմքով քրեական հետապնդումը դադարեցվել է:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

14.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930