Լրահոս
Օրվա լրահոսը

«Լոռեցին» ուզում է տեղադրել Թումանյանի ու Անդրանիկի արձանները, նաեւ պետական հովանի է ուզում Նիկոլ Փաշինյանից

Հունիս 15,2018 13:00

«Լոռեցի» մշակութային հասարակական կազմակերպությունը նպատակ ունի ստեղծել «Թուր կեծակի» հուշահամալիրի քանդակային հորինվածքներ` քարային կերտվածքով եւ մետաղական հավելումներով: Ժամանակին ծրագրի մասին հայտնել են «Ելք» դաշինքի պատգամավորներին, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանին: Այժմ եւս «Լոռեցի» մշակութային հասարակական կազմակերպության նախագահ Արտիկ Քոչարյանը դիմել է արդեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հ/կ-ի ղեկավարը կարծում է, որ համալիրը նպատակահարմար է կառուցել Թումանյանի շրջանում՝ բնության եւ ճարտարապետական լուծումների հետ համահունչ ներդաշնակություն ապահովող տարածքում: Համալիրն իր մեջ ներառելու է «Հայկ Նահապետ», «Թուր կեծակի», «Արձագանք», «Մհերի դուռ», «Մշո Ճառընտիր» եւ այլ թեմատիկ հորինվածքներ:

«Առավոտի» հետ զրույցում Արտիկ Քոչարյանը նշեց, որ շատ կարեւորում է հատկապես Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյաՆ 150-ամյակին ընդառաջ «Զրույց քանդակի» ստեղծումը, որը խորհրդանշում է հայ ազգի գոյատեւման համար կարեւոր գրիչն ու զենքը: Նաեւ Անդրանիկ զորավարի արձանն են ուզում կերտել:
«Ես ինքս բավականին աշխատանք եմ արել, քարեր եմ հայթայթել, Դսեղ, Դեբետ, Չկալով համայնքների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել աջակցել «Լոռեցի» հ/կ-ին հողհատկացման եւ այլ հարցերում: Ուզում եմ նորից բարձրաձայնել մեր ծրագրի մասին: Ամբողջ խնդիրն այն է, որ պարոն Փաշինյանը պատգամավոր եղած ժամանակ տեղյակ է եղել մեր ծրագրին, մենք դիմել էինք «Ելքին» ու չգիտեինք, որ հեղափոխություն է լինելու, այն ժամանակ իրենք ինձ ընդառաջեցին, համապատասխան մարմիններին դիմեցին: Եվ եթե այն ժամանակ իրենք դիմողն էին, հիմա տերն են, պարոն Փաշինյանը վարչապետ է»,-ասում է Քոչարյանը:


Նա հավելում է, որ ծրագիրն իրականացնելու համար գումար է անհրաժեշտ, աշխատուժ, գործիքներ, ինքն իր հաշվին 5 տարիների ընթացքում շուրջ 2,5 մլն դրամ է ծախսել` այդ ամենը աշխատած լինելով Ռուսաստանում: «Այժմ չունեմ այնքան նյութական հնարավորություն, որ հետս մարդ աշխատեցնեմ, որ կարողանամ կյանքի կոչել ծրագիրը: Ինձ ամենաշատը պետական հովանավորչություն է անհրաժեշտ, եթե որեւէ մեկին էլ գտնեմ, որ ցանկություն կունենա աջակցել, ինքը պետք է զգա, որ իմ թիկունքին պետական հովանի կա»,- ասում է «Լոռեցի» մշակութային կազմակերպության նախագահը:

Ի դեպ, մշակույթի արդեն նախկին նախարար Արմեն Ամիրյանը ուսումնասիրելով «Թուր կեծակի» համալիրի եւ «Զրույց» արձանի պատրաստման եւ տեղադրման ծրագիրը՝ այն ժամանակ դեռեւս ԱԺ պատգամավոր հանդիսացող Նիկոլ Փաշինյանին պատասխանել էր, որ մշակույթի նախարարության 2018թ. բյուջեով համապատասխան հատկացումներ նախատեսված չեն, ինչպես նաեւ նախարարությանը ընթացիկ տարում հատկացված բյուջեի նվազեցման հանգամանքով պայմանավորված՝ հիշյալ համալիրի ստեղծման հարցին հնարավոր կլինի անդրադառնալ լրացուցիչ ֆինանսական միջոցների ի հայտ գալու դեպքում:

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

14.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930