Հաճախ չի պատահում, երբ ուսման կամ կատարելագործվելու նպատակով արտասահման մեկնած արվեստագետը վերադառնում է հայրենիք ոչ միայն մասնագիտացած, այլեւ «ավարով»: Մի քանի ամիս է՝ Գերմանիայից Հայաստան է վերադարձել օպերային երգիչ, բարիտոն Ասատուր Բալջյանը:
«Առավոտի» հետ զրույցի ժամանակ նա ասաց, թե առաջիկայում Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի լսարաններից մեկը կանվանակոչվի աշխարհահռչակ սոպրանո Քեթթի Բերբերյանի անունով, որտեղ «կհանգրվանի» երգչուհու արխիվը, իսկ Ազգային օպերային թատրոնին էլ կհանձնի կոմպոզիտոր Ադոլֆ Հասսեի հայկական թեմաներով երկու՝ «Զենոբիա» եւ «Տիգրան» օպերաների պարտիտուրները: Դրանք իրեն է վստահել, մեր զրուցակցի խոսքերով՝ դասական երաժշտության ֆանատ, բիզնեսմեն, մեր հայրենակից պարոն Թաթեւոսը:
Ասատուր Բալջյան երգչին հանդիպել ենք ընդամենը մեկ անգամ՝ 2008թ., Ազգային օպերային թատրոնում, ռուսաստանաբնակ անվանի ռեժիսոր Գեորգի Իսահակյանի բեմադրությամբ Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայում Թաթուլի դերերգով, իսկ նրա անունը՝ իբրեւ շքեղ տեմբրով բարիտոնի, լսել էինք 2007թ., երբ լինելով Երեւանի կոնսերվատորիայի ուսանող (պրոֆեսոր Վալերի Հարությունյանի դասարան), արժանացավ ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակին: Այս առիթով արվեստագետը տեղեկացրեց, որ կոնսերվատորիան դեռ չէր ավարտել, երբ մեկնեց Իսրայել՝ դասավանդելու Երուսաղեմի հայոց պատրիարքարանի Ժառանգավորաց վարժարանում: Մանրամասնեց նաեւ, որ ինքը մինչ կոնսերվատորիա ընդունվելը հանդիսացել է այդ վարժարանի սանը: Կեսկատակ-կեսլուրջ դիտարկմանը, թե փաստորեն երգչի կարիերան «զոհել» է հանուն վարժապետության, մեր զրուցակիցը պատասխանեց. «Իսրայելից հրավերը արտասահմանում սովորելու, կատարելագործվելու շանս էր: Վարժապետությունս համատեղեցի վոկալի ուսման հետ Թել- Ավիվի Զուբին Մետտայի անվան ակադեմիայում:
Այդտեղ մաեստրո Մետտայի ասիստենտը՝ գերմանացի Կլաուս Սալմանը, առաջարկեց եւ աջակցեց հետագա կատարելագործումս Բեռլին-Պերլեբերգի Լոթթե Լեհմաննի ակադեմիայում: Իսկ այստեղ վարպետության դասընթացների մասնակցեցի հայտնի սոպրանո Քարան Ամսթրոնգի ղեկավարությամբ, որը ժամանակին ուսանել էր Լեհմանի մոտ եւ 35 տարի համարվել Դոյչե-օպերայի պրիմադոննան»:
Ռեպլիկին, թե երաժիշտների մոտ կարծես «հիվանդություն» է մի քանի հայտնի անունների մոտ կատարելագործվելը, երգիչը առանց մանրամասնելու պատասխանեց. «Դա այդպես է: Ինչ վերաբերում է ինձ, ես Բեռլինում գտա վոկալի իմ երազած մասնագետին՝ ռումինուհի Լավինյա Քերեքեշին, ում մոտ սովորեցի 2 տարի»:
Զրույցի ընթացքում արվեստագետը նշեց, որ Իսրայելում եւ Գերմանիայում եղած տարիներին հաճախ են իրեն հրավիրել համերգների Շվեյցարիա, Բելգիա, Հոլանդիա եւ այլն, ունեցել է նաեւ մենահամերգներ, իսկ Զուբին Մետտայի ակադեմիայի օպերային ստուդիայում հանդես է եկել Կոմս Դանիլոյի դերերգով՝ լեհ կոմպոզիտոր Լեհարի «Ուրախ այրին» օպերետում:
Կանխելով մեր հարցը, Ասատուր Բալջյանը հայտնեց, որ տարիների բացակայությունից հետո Երեւանում առաջին անգամ երգչուհի Իրինա Զաքյանի ընկերակցությամբ հանդիսատեսին կներկայանա համերգով, որի ծրագրում միայն գերմանացի կոմպոզիտորների երգեր են. «Բեթհովենի, Շուբերտի ստեղծագործությունների կողքին առաջին անգամ կհնչեն Կառլ Լյովեի, Ֆիլիպ Օյդենբուրգցիի եւ այլ հեղինակների երգեր: Այս պահին կայանալիք համերգի առիթով բանակցություններ ենք վարում ամերիկաբնակ հայ ջութակահարի եւ դաշնակահարի հետ (անունները չհնչեցրեց)»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ»
14.06.2018