Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՐԻՇՈՂՆԵՐԸ

Հունիս 15,2018 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ քսաներկուերորդ

ԲԱՐԻՇՈՂՆԵՐԸ

Եվ Ֆրունզիկը փռթկացնելով Հրանտին ասաց՝ «խռովողն էլ ա Սոսը, բարիշողն էլ», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով Ֆրունզիկին հարցրեց՝ «բայց Խորիկն ու դու ոնց որ իսկականից եք բարիշել, չէ՞», եւ Խորիկը Հրանտին հարցրեց՝ «չի զգացվո՞ւմ, որ բարիշել ենք», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «զգացվում ա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «նաեւ զգացվում ա, որ իսկապես եք բարիշել, ոչ թե ձեւական», եւ Խորիկը Հրանտին զարմացած հարցրեց՝ «ինչի՞ց ա զգացվում», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «իրար հետ ազատորեն կատակում եք. չեք մտածում, որ իրարից կնեղանաք», եւ Ֆրունզիկը Հրանտին ասաց՝ «որ Սոսի պես նեղացկոտ լինեի, հիմի արդեն նեղացել էի» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «Խորիկը մի գլուխ ինձ նեղացնում ա, բայց  ես չեմ նեղանում», եւ Խորիկը զարմացած նայեց Ֆրունզիկին ու հարցրեց՝ «ես քեզ ե՞րբ եմ նեղացրել, այ Ֆրունզ», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու Խորիկին ասաց՝ «մի քիչ առաջ», եւ Խորիկն ավելի զարմացած հարցրեց՝ «ո՞նց եմ նեղացրել», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու նեղսրտած ասաց՝ «Արմենին մի գլուխ համոզում ես, որ Գալշոյան Մուշեղի էդ պատմությունը պատմի», եւ Հրանտը փռթկացնելով Ֆրունզիկին ասաց՝ «այ խելոք, էդ ոչ թե Գալշոյան Մուշեղի, այլ Մկրտչյան Ֆրունզիկի պատմությունն ա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «համ էլ՝ դու արդեն համաձայնվել էիր, որ Արմենչոն էդ պատմությունը պատմի», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որովհետեւ տեսնում եմ, որ ձեզնից պրծում չունեմ», եւ Խորիկն ինձ հարցրեց՝ «հիմի պատմելո՞ւ ես, թե՝ չէ», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «եթե Մհեր Մկրտչյանը համաձայն ա, սիրով կպատմեմ», եւ Հրանտը ժպտալով ինձ ասաց՝ «ինչքան էլ ասեք, մեկ ա՝ էդ Մհեր անունը Ֆրունզիկին չի կպնում» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով Ֆրունզիկին ասաց՝ «իզուր էլ փոխեցիր», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ես փոխել եմ, բայց ինքը չի փոխվում», եւ Հրանտը փռթկացնելով Ֆրունզիկին հարցրեց՝ «ո՞վ չի փոխվում», եւ Ֆրունզիկը փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «անունս», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «պետք էլ չի, որ փոխվի» եւ մի քիչ էլ մտածեց ու Ֆրունզիկին հարցրեց՝ «գիտե՞ս ինչի չի փոխվում», եւ Ֆրունզիկը փռթկացնելով Հրանտին հարցրեց՝ «ինչի՞ չի փոխվում», եւ Հրանտը Ֆրունզիկին ասաց՝ «որովհետեւ երբ դու որոշեցիր անունդ փոխել, արդեն հանրահայտ մարդ էիր» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «բոլորն արդեն քեզ որպես Ֆրունզիկ գիտեին», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ժպտալով Հրանտին ասաց՝ «նույնիսկ Գորկու փողոցի անցորդներն ինձ որպես Ֆրունզիկ գիտեն», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ոչ միայն Գորկու փողոցի անցորդները», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու Հրանտին ասաց՝ «ես էլ եմ էդ մասին մտածել», եւ Հրանտը հարցրեց՝ «ինչի՞ մասին», եւ Ֆրունզիկը  մի քիչ մտածեց ու ասաց՝ «եթե անունդ մի քիչ հայտնի ա, էլ չես կարա փոխես», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու Ֆրունզիկին ասաց՝ «ես էլ եմ էդ ասում»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930